Ավելի քան 18 հազար կով է սատկել Տեխասի արևմուտքում գտնվող ֆերմայում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով նահանգի Կաստրո շրջանի շերիֆին։
Հրդեհը բռնկվել է ապրիլի 10-ին Դիմիտ քաղաքի մոտ գտնվող South Fork Dairy ֆերմայում։ Այրվել են անասունների գոմերը։ Հրշեջ-փրկարարները փրկել են ֆերմայի մեկ աշխատակցին: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, հայտնի չէ։
Կենդանիների պաշտպանության ամերիկյան ինստիտուտը հայտնել է, որ Տեխասում տեղի ունեցածը խոշոր եղջերավոր անասունների մասնակցությամբ ամենամեծ հրդեհն է առնվազն 2013 թվականից ի վեր, երբ կազմակերպությունը սկսել է հետևել նման դեպքերին:
Ամեն տարի հարյուր հազարավոր գյուղատնտեսական կենդանիներ սատտում են ֆերմաներում հրդեհների հետևանքով, հայտնում է Կենդանիների պաշտպանության ինստիտուտը: Վերջին տասը տարիների ընթացքում, կազմակերպության գնահատմամբ, մոտ 6,5 միլիոն կենդանիներ, հիմնականում թռչուններ, սատկել են նման հրդեհների պատճառով:
Կենդանիների պաշտպանության ինստիտուտը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին ընդունել դաշնային օրենսդրություն՝ ապագայում նման հրդեհների առաջացումը կանխելու համար: Այժմ միայն մի քանի նահանգներ (Տեխասը դրանցից չէ) օրենքներ են ընդունել, որոնց համաձայն գյուղացիական տնտեսությունները պահանջում են հրդեհային անվտանգության միջոցառումներ իրականացնել գոմերում:
