ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի արտահոսքի շուրջ սկանդալը նոր ընթացք է ստանում: Այն բանից հետո, երբ New York Times-ի հրապարակման շնորհիվ հայտնի դարձավ, որ մեծ թվով գաղտնի փաստաթղթեր են արտահոսել համացանց, շատերի մոտ տարբեր հարցեր ծագեցին:
Բացի այն, որ այս կարգի փաստաթղթերը տեղադրվել են համակարգչային խաղերի դեռահաս տարիքի սիրահարների համացանցային խմբում, ապշեցուցիչ էր նաև այն, որ ոչ ոք դա չէր նկատել, քանի դեռ լրագրողները չգրեցին այդ մասին։ Սկզբում ասվում էր, որ փաստաթղթերն այդ խմբում տեղադրվել են մոտավորպաես մարտից, հետո՝ փետրվարից, այնուհետև՝ հունվարի սկզբից։ Բայց պարզվեց, որ իրական պատկերը շատ ավելի վատն է։
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի ազգային գվարդիայի օդուժի զինծառահող Ջեք Թեյշեյրան՝ Պենտագոնի տվյալների արտահոսքի գործով կասկածյալը, սկսել է գաղտնի փաստաթղթերով կիսվել համացանցային խմբի իր ընկերների հետ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր, այսինքն՝ մի ամբողջ տարի։ Եվ ապշեցուցիչն այն է, որ ոչ ոք դա չի նկատել։
Այդ խմբի անդամներից մեկի խոսքերով, Թեյշեյրան սկսել է գաղտնի փաստաթղթեր հրապարակել հիմնականում գեյմերների համար նախատեսված Discord չաթում 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին։ Աղբյուրը նշում է, որ Տեյշեյրան «վհատեցնող» է համարել այն, որ պատերազմը ընթանում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, որոնք «պետք է ավելի շատ ընդհանրություններ ունենան, քան այն, ինչը նրանց բաժանում է»։
Թեյշեյրայի ընկերը, որի հետ զրուցել է Washington Post թերթը, ասել է, որ Տեյշեյրան փաստաթղթերով կիսվում էր, որպեսզի քարոզչությունից զերծ տեղեկատվություն տա «մարդկանց, ում նա համարում է իր ընկերները և ում վստահում է»։ Աղբյուրը հավելում է, որ չաթի մասնակիցները խոստացել են չտարածել այս տեղեկատվությունը իրենց խմբից դուրս, որը բաղկացած է եղել մոտ 20 հոգուց։
Բավականին հուզիչ են Տեյշեյրայի ընկերոջ այն խոսքերը, որ ցանցում գաղտնի փաստաթղթեր տեղադրելով, վերջինս չի փորձել խաթարել Միացյալ Նահանգների ազգային անվտանգությունը, այլ պարզապես ցանկացել է չաթի մասնակիցներին սովորեցնել իրերին ճիշտ նայել, և նա դա արել է «իրեն հասանելի միակ ճանապարհով»:
Ավելին, Թեյշեյրայի մեկ այլ ծանոթ նրան նկարագրել է որպես հայրենասեր, հավատացյալ կաթոլիկ և զենքերի նկատմամբ հետաքրքրություն ունեցող ազատական երիտասարդ։ Ըստ Washington Post-ի, երիտասարդը մեծացել է զինվորականի ընտանիքում՝ խորթ հայրը 34 տարվա զինվորական ծառայությունից հետո թոշակի է անցել, իսկ մայրը երկար տարիներ աշխատել է վետերաններին օգնություն ցուցաբերող կազմակերպություններում։
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները Ջեք Թեյշեյրային ձերբակալել են ապրիլի 13-ի երեկոյան Մասաչուսեթսում։ Երիտասարդին տասնամյակների ազատազրկում է սպառնում, քանի որ նրա կողմից հրապարակված յուրաքանչյուր գաղտնի փաստաթուղթ կարող է գործի մեջ հայտնվել որպես առանձին մեղադրանք և յուրաքանչյուրի համար նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։ Հայտնի չէ, թե ընդհանուր առմամբ քանի գաղտնի փաստաթուղթ է հրապարակել Թեյշեյրան։ Սկզբից հաղորդվում էր մոտ 20-30 փաստաթղթի մասին: Reuters-ը հատնել էր, որ ուսումնասիրել է ավելի քան 50 փաստաթուղթ, իսկ WP-ն գրել է մոտ 300 փաստաթուղթի ուսումնասիրման մասին: NewArmenia-ի ձեռքի տակ է մոտ 50 գաղտնի փաստաթղթի լուսանկար:
