Նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում ապրիլի 16-ին, Սուրբ Պատարագի ավարտից հետո, կատարվել է հոգեհանգստյան կարգ Տեղ գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական սադրանքի պատճառով ապրիլի 11-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։
Մայր Աթոռի «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ մինչ հոգեհանգստյան արարողությունը Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, անդրադառնալով օրերս սահմանային գոտում տեղ գտած ցավալի միջադեպին, հրավիրել է եկեղեցականաց դասին և ներկա հավատացյալ ժողովրդին աղոթք բարձրացնել նահատակված քաջորդիների հոգիների հանգստության, ինչպես նաև վիրավորում ստացած զինվորականների շուտափույթ ապաքինման համար։
