27.1 C
Yerevan
1 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 31.05.2023
Գլխավոր » Սուդանը` քաղաքացիական պատերազմի շեմին․ բանակի և Արագ աջակցության ուժերի միջև սկսված բախումներին արդեն զոհ է գնացել 100-ից ավելի մարդ
Այլ Լուրեր

Սուդանը` քաղաքացիական պատերազմի շեմին․ բանակի և Արագ աջակցության ուժերի միջև սկսված բախումներին արդեն զոհ է գնացել 100-ից ավելի մարդ

Սուդանի մայրաքաղաք Խարտումում և երկրի տարբեր շրջաններում բանակի և Արագ աջակցության ուժերի միջև պետական և ռազմավարական օբյեկտների վերահսկողության  համար նախօրեին մեկնարկած մասշտաբային զինված բախումների հետևանքով զոհերի թիվը հասնում է 56 մարդու, իսկ վիրավորներինը՝ շուրջ 595-ի։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Սուդանի բժիշկների կենտրոնական կոմիտեին։

Բանակը ենթարկվում է Սուդանի ռազմական վարչակարգին՝ ինքնիշխան խորհրդին, որը ղեկավարվում է գլխավոր հրամանատար, գներեալ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանի կողմից, իսկ Արագ աջակցության ուժերը՝ երկրի փոխնախագահի գործառույթները իրականացնող գեներալ Մուհամմադ Խամդան Դագալոյին։

Երկրի քաղաքացիական կառավարմանը անցում կատարելու շրջանակներում, Արագ աջակցության ուժերը պետք է ինտեգրվեն Սուդանի զինված ուժերին, սակայն գեներալները անհամաձայնություն ունեն գործընթացի ժամկետների շուրջ, ինչի արդյունքում վիճաբանությունը վերաճել է ներպետական զինված պայքարի:

Ռազմական գործողությունները ընթանում են նաև մայրաքաղաքի բազմաթիվ բնակելի թաղամասերում, որտեղ մարդիկ ստիպված են պատսպարվել տներում։ Քաղաքի տարբեր հատվածներից լսելի է եղել հրետանային փոխհրաձգության ձայները։ Համացանցում տարածված տեսագրություններում նկատվում են Խարտումի տարբեր շրջաններից բարձրացող ծխի սյուները։ Դրանցում նաև տեսանելի են Սուդանի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռների ցածր բարձրության վրա կատարվող թռիչքները և նրանց կողմից իրականցվող ռմբակոծություններն ու հրթիռային հարվածները։

Արագ աջակցության ուժերի տարածած հաորդագրության մեջ բախումների սկսման պատասխանատվությունը դրվում է բանակի վրա, որտեղ նշվում է․ «Շաբաթ օրը  Արագ աջակցության ուժերը անակնկալի են եկել, երբ բանակի խոշոր ստորաբաժանումները ներխուժելով Խարտումի Սոբա ճամբար՝ ռազմականացված կազմավորմանը ենթարկել են շրջապատման և ծանր ու թեթեև բոլոր զինատեսակներից սկսել են  զանգվածային կրակ բացել»։

Նույն հայտարարության մեջ Արագ աջակցության ուժերը «Սուդանի ժողովրդին և միջազգային ու տարածաշրջանային հանրությանը կոչ է անում դատապարտել նման վաղկոտ արարքը, ինչպես նաև կոչ է անում Սուդանի ժողովրդին համախմբվել նման պատմական և օրհասական պահին»։

Սակայն, Սուդանի բանակի ներկայացուցիչ գեներալ Նաբիլ Աբդուլլահն ստեղծված իրադրության պատասխանատու ներկայացրել է Արագ աջակցության ուժերին և հայտարարել, որ հենց նրանք են սկսել հարձակումները Սուդանի բանակին պատկանող բազաների վրա։

«Արագ աջակցության ուժերի մարտիկները որոշ ռազմակայանների վրա են հարձակվել Խարտումում և Սուդանի այլ վայրերում։ Բախումները շարունակվում են, և բանակը կատարում է երկիրը պաշտպանելու իր պարտականությունը»,-ասել էր գեներալը։

Բանակի տարածած նախնական հաղորդագրության մեջ էլ նշվում էր․ «Պետության և ազգային ինքնիշխանության դեմ ապստամբած ուժերի կողմից մեր երկրի դեմ դավադրության և ագրեսիայի դրվագները շարունակվում են, և ձեր որդիները զինված ուժերում այսօր առավոտից պայքարում են ճշմարտության և ազգային արժանապատվության համար մղվող  ճակատամարտում՝ հեշտությամբ զոհաբերելով իրենց թանկագին արյունը հանուն ազգային արժանապատվության։  Ալլահի կամոք մենք հաղթանակողներ կլինենք։ Ներկա պահին մեր ուժերը դիմակայում են հակառակորդին, ով իր ուժերը դուրս բերելով մայրաքաղաքով մեկ սփռված իր հենակետերից՝ փորձում է վերահսկողություն սահմանել ռազմավարական օբյեկտների, այդ թվում՝ Հանրապետական ​​պալատի, գլխավոր հրամանատարության և Ինքնիշխանության խորհրդի նախագահի շտաբի վրա»։

Մեկ այլ հաղորդագրության մեջ էր բանակայինները նշում էին, որ «Զինված ուժերը ագրեսիան նախաձեռնողը չէ, և հարձակման համար պատասխանատուն ապաստամաբական ուժերն են։ Զինվորականները որևէ անձնական շահ չեն հետապնդում և շարունակելու են արդյունավետորեն, պրոֆեսիանալ ձևով և հայրենասիրությամբ կատարել իրենց աշխատանքը։ Մենք դիմակայելու ենք ցանկացած անպատասխանատու փորձի և ցավում ենք, որ մեր երկիրն այս փուլին է հասել ապստամբների ղեկավարության անձնական նկրտումների պատճառով։ Այլ ապագա չենք տեսնում մեր երկրի համար, բացի մեկ հրամանատարության ներքո միավորված մեկ բանակից»։

Արագ աջակցության ուժերը ավելի վաղ Սուդանի ժողովրդին ուղղված հայտարարության մեջ նշել էին, որ իրենց հաջողվել էր վերահսկողության տակ վերցնել երկրի երեք օդանավակայան, մի շարք ռազմական օբյեկտներ և նախագահական պալատը։ Նույն  հայտարարությունում և ավելի վաղ տարածված տեսագրություններից մեկում նշվում էր, որ Սուդանի հյուսիսային Մերվ շրջանում Արագ աջակցության ուժերի մարտիկներին էին հանձնվել եգիպտացի որոշ զինվորականներ։

«Հարգելի հայրենակիցներ, այն, ինչ արել են զինված ուժերի հրամանատարությունը և մի շարք սպաներ, բացահայտ ոտնձգություն է մեր ուժերի նկատմամբ, որոնք հավատարիմ են եղել խաղաղությանը և ցուցաբերել են զսպվածություն։ Ընդգծում ենք, որ զինված ուժերի ղեկավարության գործելակերպը հաստատում է նրանց կողմից հայրենիքի կայունության և անվտանգության ցանկության բացակայությունը։ Սակայն զինված ուժերի պատվավոր զավակները միացան ժողովրդի ընտրությանը։ Նաև հավաստիացնում ենք Եգիպտոսի ժողովրդին և ղեկավարությանը, որ իրենց քաղաքացիները անվտանգության մեջ են, և որ մենք պատրաստ ենք նրանց հանձնել ղեկավարությանը, երբ անվտանգության հետ կապված իրադրությունը կբարելավվի։ Արագ աջակցության ուժերը շարունակում են պաշտպանել ժողովրդի արժանապտվությունն ու անվտանգությունը»,-ասվում էր Արագ աջակցության ուժերի հայտարարության մեջ։

Եգիպտոսի զինված ուժերի խոսնակ, գնդապետ Ղարիբ Աբդել Հաֆեզն էլ նախօրեին հայտարարել էր, որ Եգիպտոսի զինվորականները ուշադիր հետևում են Սուդանում տիրող իրավիճակին և Սուդանի համապատասխան իշխանությունների հետ համակարգում են գործողությունները՝ եգիպտացի հանձնված զինվորականների անվտանգությունը երաշխավորելու համար։

Չնայած Արագ աջակցության ուժերի հայտարարություններին և գենրալ Մուհամմադ Խամդան Դագալոյի կողմից Sky News Arabia-ին տված հարցազրույցի ժամանակ հնչեցրած այն պնդումներին, որ իրենք վերահսկողություն են սահմանել «երկրի ռազմական տարածքների 90% -ի վրա», Սուդանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը պնդում է, որ արագ աջակցության ուժերի հայտարարությունները, թե իրենք վերահսկում են նախագահական պալատը, մայրաքաղաքի օդանավակայանը և զինված ուժերի շտաբը, իրականությանը չեն համապատասխանում։ Al Jazeera-ին տված հեռախոսազրույցում գեներալ ալ-Բուրհանն ասել է, որ զինվորականները լիովին վերահսկում են իրավիճակը։

Ավելին, Սուդանի բանակը արդեն այսօր տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ իրենց վերահսկողության տակ են անցել Արագ աջակցության մի շարք բազաներ Պորտ Սուդանում, Կասսալայում, Օդուրմանում և այլ քաղաքներում։

Այնուամենայինիվ տեղում տիրող իրադրության շուրջ հստակ որևէ բան հայտնի չէ, իսկ կողմերի հաղորդվող տեղեկությունները միմյանց հետ խիստ հակասական են։

Ստեղծված իրավիճակի շուրջ չուշացավ նաև միջազգային արձագանքը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Սուդանում։

Թվիթերյան իր գրառման մեջ խորը մտահոգություն հայտնելով Սուդանում ստեղծված դրության շուրջ՝ պետքարտուղարը ընդգծել է, որ վտանգի տակ են նաև ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները։

Արաբական Միացյալ Էմիրությունները նույնպես կոչ է արել Սուդանում սկսված հակամարտության բոլոր կողմերին զսպվածություն դրսևորել, լարվածությունը թուլացնել և աշխատել երկխոսության միջոցով ճգնաժամին վերջ դնելու ուղղությամբ։ Այս մասին ասվում է տեղական լրատվամիջոցների կողմից տարածվող հայտարարության տեքստում։

Խարտումում ԱՄԷ-ի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենք «մեծ մտահոգությամբ են հետևում Սուդանում տեղի ունեցող զարգացումներին և վերահաստատում ԱՄԷ-ի դիրքորոշումը դեէսկալացիայի կարևորության և շահագրգիռ կողմերի միջև ճգնաժամի խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ աշխատելու վերաբերյալ»։

Եգիպտոսի ԱԳ նախարարությունն էլ տարածած հաղորդագրության մեջ ընդգծելով, որ Կահիրեն հետևում է Սուդանում տեղի ունեցող զարգացումներին Սուդանում բոլոր կողմերին կոչ է արել հնարավորինս մաքսիմալ զսպվածություն ցուցաբերել բանակի և Արագ աջակցման ուժերի միջև բախումների ֆոնին, որպեսզի «պաշտպնավի սուդանցի եղբայրական ժողովրդի կյանքն ու ունեցվածքը և նրանց հայրենիքի գերագույն շահերը»։

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ Մոսկվան խորապես անհանգստացած է Սուդանում բռնության աճով և կոչ է անում շտապ դադարեցնել կրակը:

«Մենք հակամարտող կողմերին կոչ ենք անում դրսևորել քաղաքական կամք և զսպվածություն և անհապաղ քայլեր ձեռնարկել հրադադարի ուղղությամբ»,-ասվում է հայտարարության տեքստում։

Հրատապ հրադադարի հասատատման կոչով հանդես է եկել նաև Աֆրիկյան միությունը։

«Այսօր, երբ ամեն ինչ դուրս է եկել վերահսկողությունից և զինված բռնության դիմելը գերակշռել է որպես քաղաքական վեճերի լուծման միջոց, Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահը կոչ է անում բոլոր կողմերին՝ զինված ուժերին և մասնավորապես Արագ աջակցության ուժերին, անհապաղ դադարեցնել երկրի ավերումը, բնակչության խուճապը և անմեղ մարդկանց արյունահեղությունները սուրբ Ռամադան ամսվա վերջին 10 օրերին»,-ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Զինված ուժերը Սուդանում իշխանությունը իրենց ձեռքն էին վերցրել 2021 թվականին և շարունակում են այն պահել այն մինչ այժմ։ Զինվորականները պնդում են, որ ցանկանում են իշխանությունը փոխանցել քաղաքացիական կառավարությանը, սակայն վեճի հիմնական կետը եղել է Արագ աջակցության ուժերի՝ զինված ուժերին ինտեգրվելու ժամկետները: Արագ աջակցության ուժերը կարծում են, որ դա պետք է հետաձգվի 10 տարով, մինչդեռ բանակը պնդում է երկու տարի ժամկետում ամեն բան ավարտին հասցնելու վրա։

Գեներալ Բուրխանը պատրաստակամություն է հայտնել բանակցել իր անվանական տեղակալ գեներալ Դագալոյի հետ՝ այս վեճը լուծելու համար։

Մինչ 2021 թվականի հեղաշրջումը, ռազմական և քաղաքացիական ղեկավարությունը միչասնական ղեկավարում էր երկիրը ավելի քան երկու տարի: Այս անցումային կառավարությունը իշխանության եկել էր ավտորիտար նախագահ Օմար ալ-Բաշիրի ռեժիմի տապալումից և նրա պաշտոնանկությունից հետո։

Բորիս Ղազարյան

Բեռնում.....