
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի երեկոյան, ըստ Կրեմլի և Ռուսաստանի պետական գերատեսչությունների հաղորդագրությունների, հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուի հետ, ով այցով գտնվում էր Ռուսաստանում:
Սա չինացի նախարարի առաջին արտասահմանյան այցն է պաշտոնը ստանձնելուց հետո: Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ այցը կտևի ապրիլի 16-ից 18-ը։ Պուտինի հետ Լի Շանֆուի հանդիպման մասին նախապես չի հաղորդվել. Հայտարարության մեջ նշվել էր միայն պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման մասին։
Պուտինը Կրեմլում անցկացված հանդիպմանը իր բացման խոսքում Մոսկվայի և Պեկինի համագործակցությունը ռազմական ոլորտում անվանել է «հաջող և բազմապլանային»՝ նշելով, որ երկու երկրների ռազմական գերատեսչությունները պարբերաբար տեղեկատվություն են փոխանակում և համատեղ վարժանքներ են անցկացնում։
Լի Շանֆուն կրկնել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Սի Ցզինպինի այն թեզը, որ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները «գերազանցում են Սառը պատերազմի ժամանակաշրջանի ռազմաքաղաքական դաշինքներին», բայց ուղղված չեն այլ երկրների դեմ։ Այլ մանրամասներ, թե ինչ է քննարկվել հանդիպմանը, հայտնի չեն։
Պուտինի հանդիպումը Չինաստանի պաշտպանության նախարարի հետ տեղի է ունեցել Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի Մոսկվա կատարած այցից մի քանի շաբաթ անց։
Պուտինի և Սիի բանակցություններում քննարկվել է նաև ուկրաինական պատերազմը, այն բանից հետո, երբ Պուտինը ասել է, որ Ռուսաստանը պաշտպանում է այսպես կոչված չինական խաղաղության ծրագրի շատ կետեր։
Նշենք, որ Լի Շանֆուն, լինելով Չինաստանի պաշտպանության նախարարության գերատեսչություններից մեկի ղեկավարը, նախկինում ընդգրկված էր ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում՝ դրա համար հիմք է հանդիսացել չինական բանակի ռազմական համագործակցությունը Մոսկվայի հետ։
Արևմտյան մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Սի Ցզինպինի այցի հետ կապված, մտահոգություն են հայտնել զենքի և այլ ռազմական օգնության հնարավոր մատակարարման վերաբերյալ, որը Չինաստանը կարող է տրամադրել Ռուսաստանին Ուկրաինայում ընթացող պատերազմի համատեքստում։
Միաժամանակ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն ընդգծում են, որ իրենք տվյալներ չունեն, որ ներկայումս նման օգնություն է ցուցաբերվում կամ կտրամադրվի մոտ ապագայում։ Չինաստանի պաշտոնական ներկայացուցիչները, հայտարարելով Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին, ուղղակիորեն չեն աջակցում նրան Ուկրաինայի հետ հակամարտությունում։
