Ապրիլի 17-ին Մոսկվայի քաղաքային դատարանը ընդդիմադիր քաղաքական գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզային, ով մեղադրվում էր պետական դավաճանության, ռուսական բանակի մասին կեղծ լուրեր տարածելու և անցանկալի կազմակերպության հետ համագործակցելու մեջ, դատապարտեց 25 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում։
Անցանկալի կազմակերպության գործունեության մասին հոդվածով Կարա-Մուրզան ստացել է 3 տարվա ազատազրկում, «բանակի մասին կեղծիքների» հոդվածով՝ 7 տարի և ևս 18-ը՝ «դավաճանության» համար:
Դեռևս ապրիլի 6-ին պետական մեղադրող կողմը Կարա-Մուրզայի համար պահանջել էր 25 տարվա ազատազրկում։
Կարա-Մուրզայի փաստաբան Մարիա Էյսմոնտի խոսքերով ընդդիմադիր գործիչը մեկանաբանելով իր դատավճիռը ասել էր. «25 տարին ամենաբարձր միավորն է, որ կարող էի ստանալ իմ արածի համար, ինչին հավատում եմ որպես քաղաքացի, որպես հայրենասեր, որպես քաղաքական գործիչ։ Նշանակում է ես ամեն բան ճիշտ եմ արել»:
Կարա-Մուրզա կրտսերի դեմ գործընթացը սկսվել է մարտին Մոսկվայի քաղաքային դատարանում և անցել դռնփակ, քանի որ քրեական գործի նյութերը գաղտնի են։
Քաղաքական գործչի դատը վարել է դատավոր Սերգեյ Պոդոպրիգորովը, ով ընդգրկված է ԱՄՆ-ի այսպես կոչված «Մագնիտսկու ցուցակում» և որի կազմման համար ակտիվ մասնակցություն է ունեցել անձամբ Կարա-Մուրզան։
Ապրիլի 10-ին Կարա-Մուրզան հանդես էր եկել իր եզրափակիչ ելույթով։ Նա իրեն մեղավոր չէր ճանաչել և ասել, որ հպարտանում է իր գործունեութայմբ: Ելույթի ընթացքում, որն ամբողջությամբ հրապարակվել է ընդդիմադիր գործիչի թվիթերյան էջում, նա Ռուսաստանի իրավական իրավիճակը նույնականացրել է 20-րդ դարի 1930-ական թվականների իրավիճակի հետ։ Կարա-Մուրզան նշել է, որ ինքը ընդունում է մեղադրանքի յուրաքանչյուր բառը, որով Արևմտյան երկրներում Ռուսաստանի ներքին դրության մասին ելույթները դավաճանություն է համարում, սակայն հպարտանում է իր գործունեությամբ:
Նա մեղադրում է իրեն միայն այն բանի համար, որ իր գործունեության տարիների ընթացքում չի կարողացել բավարար չափով համոզել համաքաղաքացիներին, թե որքան վտանգավոր է Կրեմլի ռեժիմը։ Քաղաքական գործիչը հույս է հայտնել, որ վաղ թե ուշ ռուսական հասարակությունը կփոխվի։ Նա ընդգծել է, որ շարունակում է հավատալ երկրին ու ժողովրդին։
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Մոսկվայի քաղաքային դատարանի շենքից դուրս գալուց հետո ասել է, որ «ռեժիմի քննադատների քրեական հետապնդումը թուլության, ոչ թե ուժի խորհրդանիշ է», և ընդգծել, որ Միացյալ Նահանգները շարունակելու է կոչ անել Ռուսաստանի իշխանություններին ազատ արձակել Կարա- Մուրզաին։
Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպան Դեբորա Բրոներտի խոսքով՝ սա վճիռ է «Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման դեմ համարձակ հայտարարության համար»։
Վլադիմիր Կարա-Մուրզան բանտում է 2022 թվականի ապրիլից։ Մարտի սկզբին դատարանը ևս վեց ամսով երկարաձգել էր նրա կալանքը։
Անկախ լրագրողներն ու իրավապաշտպանները պահանջում էին դադարեցնել Վլադիմիր Կարա-Մուրզայի նկատմամբ քրեական հետապնդումը և նրան անհապաղ ազատ արձակել քննչական մեկուսարանից։ Միջնորդագիրը ստորագրել է ավելի քան 70 մարդ՝ լրագրողներ, իրավապաշտպաններ, քաղաքագետներ, ակտիվիստներ, գրողներ և ընդդիմադիր քաղաքական գործիչներ։
Այս դատավճռի կապակցությամբ մեկ այլ ռուս քաղբանտարկյալ Անդրեյ Պիվովարովը բանտից գրել է. «Վլադիմիր Կարա-Մուրզայի դեմ կայացված դատավճռում թվին չի կարելի նայել։ Վլադիմիրը, հաշվի առնելով նրա առողջական վիճակը և այն պայմանները, որոնցում նա արդեն այժմ գտնվում է, դատապարտվել է մահապատժի։ Եվ նա դատապարտվեց խիզախության, ազնվության և սկզբունքներին հավատարիմ մնալու համար»:
Վլադիմիր Կարա-Մուրզան երկու անգամ թունավորվել է ռուսական հատուկ ծառայությունների կողմից։ Նախ՝ 2015 թվականին, բայց հրաշքով ողջ մնալով ու ԱՄՆ-ում վերականգնողական բուժում անցնելուց հետո կրկին վերադարձել է Ռուսաստան։ 2017 թվականին Վլադիմիրը կրկին թունավորվել է, սակայն կրկին ողջ է մնացել։ Դա տեղի է ունեցել ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հայտնի թունավորումից առաջ։ Երկու թունավորումներից հետո քաղաքական գործչի առողջական վիճակը լրջորեն վատթարացել է, նա դժվարությամբ է շարժվում։
Հատկանշական է, որ նման, ըստ էության, մահապատժի դատավճիռ է կայացրել մի դատավոր, ով անձնական շահագրգռվածություն ուներ այս հարցում և, փաստորեն, իրավունք չուներ վարելու այս գործը։ Դատավոր Պոդոպրիգորան գտնվում է Մագնիտսկու ցուցակում, որն ընդունվել է ԱՄՆ-ում՝ Վլադիմիր Կարա-Մուրզայի և հանգուցյալ Բորիս Նեմցովի ջանքերի շնորհիվ։ Դատավորը փաստացի վրեժխնդիր է եղել Վլադիմիրից։
