Կրեմլի հաղորդագրություններից հետևում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Ուկրաինայի երկու՝ մասամբ օկուպացված և նախորդ տարի անեքսիայի ենթարկած շրջաններ՝ Խերսոնի և Լուգանսկի մարզեր։ Ըստ մամուլի ծառայության առավոտյան 07:15-ին հրապարակած հաղորդագրության՝ նա այցելել է բանակի երկու շտաբ և գեներալների հետ քննարկել ռազմաճակատում ստեղծված իրավիճակը:
Մամուլի խոսնակ Դմիտրի Պեկսովն ավելի ուշ հայտնել էր, որ ՌԴ նախագահի այցը օկուպացված շրջաններ տեղի է ունեցել նախօրեին:
Կրեմլի հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես է Պուտինը ցերեկային ժամին իջնում ՄԻ-8 ուղղաթիռից, որից հետո նրա ավտոշարասյունն ուղղություն է վերցում դեպի Գենիչեսկ, որը համարվում է Խերսոնի օկուպացված հատվածի կենտրոնը:
Մեքենայից Պուտինի իջնելուց հետո նրան դիմավորում է բանակի «Դնեպր» խմբավորման հրամանատար Օլեգ Մակարևիչը: Նա մի անգամից զեկուցում է, որ խմբավորումը «անցել է պաշտպանության՝ համապատասխան տրված հրամանի»:
Բացի գեներալ-գնդապետ Մակարևիչից, հաղորդագրության մեջ նաև նշվում է օդադեսանտային ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Միխայիլ Տեպլինսկու մասին։
«Դնեպրի զորքերի խմբավորման շտաբում հանդիպման ժամանակ քննարկվել է իրավիճակը Խերսոնի և Զապորոժիեի ուղղություններում։ Նախագահը լսել է օդադեսանտային ուժերի հրամանատար գեներալ-գնդապետ Միխայիլ Տեպլինսկու, Դնեպրի ուժերի խմբի հրամանատար գեներալ-գնդապետ Օլեգ Մակարևիչի և այլ ռազմական ղեկավարների զեկույցները»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պուտինը շտաբում զեկույցները լսելուց առաջ իր խոսքում նշել էր. «Չեմ ցանկանում ձեզ շեղել հրամանատարության և հսկողության հետ կապված ձեր անմիջական պարտականություններից, ուստի՝ մենք այստեղ կաշխատենք գործնական, կարճ, բայց և հստակորեն։ Ինձ համար կարևոր է լսել ձեր կարծիքը, այն մասին, թե ինչպես է զարգանում իրավիճակը, լսել ձեզ, փոխանակվել տեղեկություններով»:
Նախօրեին ամերիկացի ռազմական փորձագետները և բրիտանական հետախուզությունը հայտնել էին, որ Տեպլինսկին վերադարձել է ռազմաճակատ՝ այս տարվա հունվարին ենթադրյալ պաշտոնանկությունից հետո: Արևմուտքում գեներալի վերադարձը հիմնականում պայմանավորում են Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքի ուղղությամբ շարունակվող հարձակման գործոնով:
Ավելին, ռուսական հեռուստատեսության հրապարակած տեսագրության մեջ «Դնեպրի» շտաբում կայացած հանդիպման ընթացքում, նախագահը նույնիսկ գովասանքի խոսքեր է հնչեցրել Տեպլինսկու հասցեին՝ նշելով. «Գիտեմ, որ գլխավոր շտաբի պետի և պաշտպանության նախարարի ցուցումով նա բավականին երկար ժամանակ եղել է առաջնագծում, բավականին մանրամասն զեկույց է ներկայացրել: Պաշտպանության նախարարությունն ու գլխավոր շտաբը նրան բարձր են գնահատել»:
Մեկ այլ տեսանյութում էլ երևում է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը, ում ռազմաճակատից հեռացնելու և ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակելու մասին լրատվամիջոցները հաղորդել էին հունվարին։
Կրեմլի մամուլի ծառայությունը նաև նշում է, որ Պուտինն այցելել է, այսպես կոչված, «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության» տարածքում տեղակայված մեկ այլ բանակային կազմավորման՝ Ազգային գվարդիայի «Վոստոկ» շտաբ:
«ԼԺՀ-ում Ազգային գվարդիայի «Վոստոկ» շտաբում Վլադիմիր Պուտինն ընդունել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինի և այլ բարձրաստիճան սպաների զեկույցները՝ այս ուղղությունում տիրող իրավիճակի վերաբերյալ»,- ասվում է Կրեմլի կայքում:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, մեկնաբանելով Պուտինի այցը օկուպացված շրջաններ, թվիթերյան իր էջում գրել էր, որ տեղի ունեցածը «միայն զանգվածային սպանությունների հեղինակի «հատուկ շրջագայությունն է» օկուպացված և ավերված տարածքներում՝ վերջին անգամ վայելելու իր կամակատարների հանցագործությունները»:
Պատերազմի մեկնարկից ի վեր սա Պուտինի առաջին ուղևորությունն է Խերսոնի և Լուգանսկի շրջաններ։ Մինչ այդ՝ մարտի 19-ին, գաղտնիության պայմաններում ՌԴ նախագահը գիշերը այցելել էր նախորդ տարվա մայիսին ռուսական բանակի կողմից գրավված ու մեծ ավերածությունների ենթարկված Մարիուպոլ քաղաք։
Մարտական գործողությունների ընթացքում Մարիուպոլում մեծ թվով խաղաղ բնակիչներ են զոհվել։ Պուտինը հրապարակված կադրերում շրջել էր քաղաքով և զրուցել մարդկանց հետ, որոնց մեջ ուկրաինական լրատվամիջոցները արագորեն առանձնացրել և մատնանշել էին ռուսամետ ակտիվիստներին։
Միխայիլ Պոդոլյակը այդ ժամանակ Մարիուպոլ կատարած այցն անվանել էր «ցինիզմ և զղջման բացակայություն»։
Այժմ, ինչպես նշվում է Կրեմլի կայքում, Պուտինը «շնորհավորել է զինծառայողներին Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ և նրանց նվիրել սրբապատկերների պատճենները»։
Պուտինի այցը Դնեպրի խմբավորման կենտրոնակայան Խերսոնի շրջանի օկուպացված հատվածում դարձել է «Առաջին ալիքի», «Ռոսիա 1»-ի և НТВ հեռուստաալիքների առավոտյան լրատվական թողարկումների գլխավոր թեման, հաղորդում է BBC-ի մոնիթորինգի ծառայությունը։
Ռուսական ընդդիմադիր «Агентство» կայքը մեկնաբանելով գրում է, որ Կրեմլի «հրապարակած տեսանյութերից կարող է տպավորություն ստեղծվել, որ Պուտինը Գենիչենսկ է գնացել ուղղաթիռով, սակայն նրա՝ քաղաքից հեռանալու ավելի ուշ հրապարակված կադրերը կարող են վկայել այն մասին, որ նա ուղղաթիռով տեղաշարժվել է միայն բռնակցված Ղրիմի տարածքում, իսկ Խերսոնի տարածքում տեղաշարժը կատարվել է մեքենայով»:
Լրատվականը նաև նշում է, որ նախագահի հեռանալու կադրերում տեսանելի է Ղրիմի սահմանին գտնվող «Չոնգար» հյուրանոցը, որի վերևում պտտվում են մի քանի ուղղաթիռներ, որից հետո Կրեմլի պաշտոնական տեսագրության մեջ հայտնվում են, հավանաբար, այդ ուղղաթիռներից կատարված տեսագրությունների կադրերը:
«Агентство» կայքը, ուշադրություն հարվիրելով ևս մեկ կարևոր փաստի վրա, գրում է. «Սրբապատկերը հանձնելիս Պուտինն ասում է. «Այժմ ահա Զատիկ կլինի, այնպե՞ս չէ»: 2023 թվականին Սուրբ Զատիկը նշվել է ապրիլի 16-ին, և երկրի ղեկավարը ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը մասնակցել է [Մոսկվայի] Քրիստոս Փրկչի տաճարում մատուցված Սուրբ Զատիկի պատարագին։ Պուտինի այս խոսքերը թույլ են տալիս եզրակացնել, որ հանդիպումը կայացել է մինչև ապրիլի 16-ը։ Կրեմլի կայքում տեղադրված տեսանյութում «կլինի» բառը կտրված է: Այն անհետացել է նաև նախագահի մամուլի ծառայության թելեգրամյան ալիքի տեսանյութից»:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ Պուտինի այցը տեղի էր ունեցել Սուրբ Զատիկից հետո՝ ապրիլի 17-ին։
Պեսկովը, ռադիո «Маяк»-ի հաղորդմամբ, ասել էր. «Դա տեղի է ունեցել նախօրեին։ Իսկապես, նախագահը, երբ նվիրել էր սրբապատկերը, ասել էր, որ Զատիկ է։ Բայց փաստն այն է, որ մենք Սուրբ Զատիկը նշում ենք 40 օր։ Առավել ևս Զատիկի շաբաթն է: Ուստի՝ դա պարզապես սխալ է: Կառչել են այդ արտահայտությունից և մի անգամից սկսել են վարկածներ առաջ բերել այն մասին, ինչը չի եղել: Այդ այցը տեղի էր ունեցել նախօրեին»:
Իսկ «Рыбарь» թելեգրամյան ալիքը առաջարկում է ուշադրություն դարձնել ոչ թե ուղևորության ժամանակի վրա, այլ այն փաստի, որ Կրեմլը կենտրոնացել է օդադեսանտային ուժերի հրամանատար Տեպլինսկու և ցամաքային զորքերի շտաբի պետ Լապինի վրա։
«Երկուսն էլ գնացել էին պաշտոնանկությանը հավասարազոր «արձակուրդի»՝ Հատուկ ռազմական գործողության [ՌԴ-ում այսպես անվանվում է Ուկրաինայում ընթացող պատերազմը] ընթացքի և ընդունված որոշումների հետ անհամաձայնության պատճառով։ Երկուսն էլ վերադարձվել են, և ամենայն հավանականությամբ, հակառակ [պաշտպանության նախարար Սերգեյ] Շոյգուի և [Գլխավոր շտաբի պետ Վալերի] Գերասիմովի ցանկության։ Լապինը ԼԺՀ-ում ղեկավարում է Ազգային գվարդիայի զորքերի «Վոստոկ» զորախումբը, որը Ազգային գվարդիայի կառուցվածքային կազմավորումն է: Սա ոչ միայն հաստատում է Լապինի վերադարձը Հատուկ ռազմական գործողության գոտի, այլև հաստատում նրա տեղափոխումը այլ խմբավորում այլ առաջադրանքներով: Արդյո՞ք դա նշանակում է, որ Լապինն այնտեղ է ուղարկվել համալրման համար, թե՞ ՊՆ ղեկավարության հետ կոնֆլիկտներից խուսափելու պատճառով, դեռևս պարզ չէ»,- գրում է թելեգրամյան ալիքը:
Ռուսական բանակը նոյեմբերի սկզբին նահանջել էր Խերսոնից՝ կորցնելով Ուկրաինայի միակ տարածաշրջանային կենտրոնը, որը հաջողվել էր գրավել 2022 թվականի փետրվարի 24-ին սկսած ներխուժման ի վեր։ Այնուամենայնիվ, Դնեպրի մարզի մյուս հատվածը՝ Դնեպր գետի մյուս կողմում, շարունակում է մնալ Ռուսաստանի վերահսկողության տակ և պատրաստվում է պաշտպանության։
