Ապրիլի 19-ի գիշերը ռուս զինվորականները իրանական արտադրության «Շահեդ» անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարվածներ են հասցրել Օդեսայի շրջանին։ Այս մասին հայտարարել է Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Յուրի Կրուկը։
Նախնական տվյալների համաձայն՝ հարձակման արդյունքում տուժածներ չկան։ Հաղորդվում է, որ հարվածները է հասցվել են կրկին քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել:
Ուկրաինայի բանակի «Հարավ» հրամանատարությունը հստակեցրել է, որ հարձակման է ենթարկվել հանգստյան «ենթակառուցվածքային օբյեկտ»։
Օդեսայի մարզային վարչության պնդմամբ՝ 12 հարվածային ԱԹՍ-ներից 10-ը խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օդեսայում պայթյունների ձայներ են լսվել։ Քաղաքում օդային տագնապ էր հայտարարվել։
Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը նախօրեին հայտնել էր, որ երեքշաբթի երեկոյան Զապորոժիայի և Դնեպրի մարզերում 7 անօդաչու թռչող սարք է հաջողվել խոցել, այդ թվում՝ վեց «Շահեդ»։
Նախօրեին նաև հայտնի դարձավ, որ Գերմանիայի Դաշնությունը Կիևին է հանձնել առաջին Patriot հակաօդային պաշտպանության համակարգը և դրա համար նախատեսված հրթիռները, որոնց թիվը չի նշվում։ Գերմանիայի կառավարության կայքում ասվում է, որ մատակարարումների ժամկետները և դրանց սարքավորումները նշված չեն անվտանգության նկատառումներից ելնելով։
ԱՄՆ-ում ուկրաինացի զինվորականներին նախապատրաստում են այս համալիրի հետ աշխատելու համար, որից հետո Կիև կմատակարարվի Patriot հակաօդային պաշտպանության համակարգի երկու մարտկոց՝ յուրաքանչյուրը 8 արձակման կայանով։ Դրանք մարտական հերթապահություն մեջ կարող են ներառվել այս տարվա ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին։
Ուկրաինան արևմտյան դաշնակիցներին վաղուց է խնդրում իրեն մատակարարել Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական հրթիռային հարվածներից կարևոր ենթակառուցվածքները պաշտպանելու համար:
Patriot համակարգերը կարող են լիցքավորվել տարբեր մոդիֆիկացիաների հրթիռներով, այդ թվում՝ այնպիսիքով, որոնք կարող են խոցել թիրախները մինչև 80 կմ հեռավորության և մինչև 20 կմ բարձրության վրա: Համակարգը նախատեսված է գերձայնային արագությամբ թռչող թիրախները ոչնչացնելու համար և կարող է միաժամանակ հետևել մինչև 125 թիրախի և դրանցից վեցի ուղղությամբ հրթիռներ արձակել։
