18.1 C
Yerevan
19 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 18.05.2023
Գլխավոր » Եվրոպայի ռազմավարական ինքնավարության մասին Մակրոնի հայտարարությունները զայրույթ են առաջացրել ԱՄՆ-ում, բայց արդյոք նրանք ճիշտ թիրախ են ընտրել
Այլ Լուրեր

Եվրոպայի ռազմավարական ինքնավարության մասին Մակրոնի հայտարարությունները զայրույթ են առաջացրել ԱՄՆ-ում, բայց արդյոք նրանք ճիշտ թիրախ են ընտրել

Ֆրանսիայի նախագահ Մակրոնի վերջին այցը Չինաստան, նրա հայտարարությունները, ինչպես նաև հետդարձի ճանապարհին ինքնաթիռում նրա հարցազրույցը առիթ դարձան տարատեսակ հարձակումների և մեղադրանքների, հատկապես ԱՄՆ-ի կողմից: Այս այժմ սկանդալային դարձած հարցազրույցում Մակրոնն արտահայտել է այն միտքը, որ Եվրոպան չպետք է դառնա որևէ մեկի վասալը, և որ այն պետք է առաջին տեղում դնի իր շահերը ԱՄՆ-ի և Չինաստանի միջև սպասվող առճակատման համատեքստում։

Նման հայտարարություններից հետո Մակրոնի հասցեին ամենատարբեր մեղադրանքներ տեղացին, հատկապես Ռուսաստանի և Չինաստանի հետ առճակատման հարցում Արևմուտքի համախմբվածության կարևորության համատեքստում։ Սակայն, հաշվի առնելով այն, ինչ իրականում ասել է Մակրոնը, և ոչ թե այն, ինչ վերագրվում է նրան, այդ մեղադրանքները մեղմ ասած՝ արդարացված չեն։

Տարօրինակն այն է, որ Վաշինգտոնն ինքը շահագրգռված էր Եվրոպային համոզելու մեծացնել իր ռազմական բյուջեն։ Իրականում Մակրոնն ասաց այն, ինչ ԱՄՆ-ն վաղուց պահանջում էր Եվրոպայից՝ ռազմավարական ինքնավարություն։

ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամներ էլ ավելի հեռուն գնացին և կոչ արեցին ԱՄՆ-ին վերանայել իր դիրքորոշումը Ֆրանսիայի նկատմամբ, քանի որ Փարիզը կարծես թե «հանձնառու է հրաժարվել ժողովրդավարություններից՝ հօգուտ դաժան կոմունիստական ​​ռեժիմի», և Մակրոնի խոսքերն անվանեցին «դավաճանություն դեմոկրատական ​​Թայվանի նկատմամբ»։

Մակրոնին մեղադրեցին «ազդանշան ուղարկելու համար, որ Արևմուտքը անգործուն է մնալու Թայվանին ուղղված չինական սպառնալիքի նկատմամբ», ինչը «կհրահրի չինական ագրեսիա»։ ԱՄՆ Արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ Լիանա Ֆիքսը Թվիթերում անհանգստություն հայտնեց, որ Մակրոնի՝ Միացյալ Նահանգների «վասալը» դառնալու մերժումը «խարխլել է նրա՝ որպես Եվրոպայում առաջնորդի հեղինակությունը»:

Բայց եթե դուք կարդաք Մակրոնի բնօրինակ հարցազրույցը, հատկապես ֆրանսերենով, ապա դրանում ոչինչ չեք տեսնի, ինչը կարող էր նման բուռն քննարկումների և մեղադրանքների պատճառ դառնալ։ Նախ, պետք է հաշվի առնել, որ Մակրոնը եզակի կշիռ ունեցող եվրոպական խոշոր երկրի ղեկավարն է, երկրի, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԵՄ միակ անդամն է և ԵՄ միակ միջուկային տերությունը: Գերմանիայի հետ մեկտեղ լինելով աշխարհի խոշորագույն առևտրային բլոկի՝ ԵՄ-ի շարժիչ ուշերից մեկը, Ֆրանսիայի նախագահը բոլոր իրավունքներն ունի խոսելու Եվրոպայի ավելի լայն շահերի մասին:

Մակրոնի դիտողությունը վասալության մասին նշանակում էր, որ Եվրոպան չպետք է լինի որևէ մեկի, այդ թվում՝ Վաշինգտոնի վասալը։ Նա խոսել է ԵՄ-ի մասին՝ որպես «երրորդ բևեռ» ԱՄՆ-Չինաստան ձևավորվող երկբևեռ առճակատման մեջ: Բևեռ, որն ի վիճակի է սահմանել իր սեփական օրակարգը և գեներացնել ռեսուրսներ, որպեսզի համապատասխանի իր այդ դերին և օրակարգին:

Եվ սա, ըստ էության, նշանակում է իրականացնել Եվրոպայի ռազմավարական ինքնավարությունը, մի բան, որի մասին Մակրոնը հայտարարել և առաջ է մղել 2017 թվականից իր պաշտոնը ստանձնելուց ի վեր: Եվ դա ամենևիյն էլ չի նշանակում, որ Եվրոպան կամ Ֆրանսիան պետք է կամ ձգտում են հակասել ԱՄՆ-ի կամ ավելի լայն Արևմուտքի տեսակետներին ու քաղաքականությանը։

Ավելին, նրանք, ովքեր համաձայն չէին ԱՄՆ-ի և Չինաստանի առճակատման մասին Մակրոնի խոսքերի հետ, այդպես էլ չնկատեցին, որ Ֆրասիայի նախագահը չի ասել, որ ԵՄ-ն պետք է Թայվանը թողնի Չինաստանի հետ դեմ դիմաց։ Մակրոնը նկատի ուներ այն, որ ԵՄ-ն պետք է կառավարի Չինաստանի հետ մրցակցությունն իր պայմաններով և իր տեմպերով։

Հատկանշական է, որ նա հանդես է եկել եվրոպական ինքնավարության օգտին ոչ միայն Վաշինգտոնի, այլև Պեկինի և Թայվանի թեմայով նրա «չափազանց արձագանքի» նկատմամբ։ Մակրոնի ազդանշանն այն էր, որ Եվրոպան շահագրգռված չէ Թայվանի շուրջ լարվածության սրմամբ: Ավելի շուտ, դա հնչում է որպես առողջ նախազգուշացում լարվածությունը թուլացնելու և հերթական աղետալի պատերազմը կանխելու անհրաժեշտության մասին:

Նմանապես, Մակրոնի արտահայտությունները, թե ԵՄ-ն պարզապես չպետք է ընդունի ԱՄՆ դոլարի արտատարածքային լինելը, հակաամերիկյան քաղաքականության մաս չեն կազմում: Ավելի շուտ, դա արձագանք է Վաշինգտոնի հակմանը արտատարածքային պատժամիջոցների որպես աշխարհաքաղաքական զենք: Հիշեցնենք, որ երբ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը անխոհեմ կերպով դուրս եկավ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրից, նա օգտագործեց դոլարի գերիշխող ֆինանսական դիրքը՝ պատժելու Իրանի հետ առևտուր անող այլ երկրներին կամ այդ երկրների մասնավոր ընկերություններին, այդ թվում՝ ֆրանսիական:

Այս քաղաքականությունը հանգեցրեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի չեղարկմանը և Իրանի կայուն առաջընթացին միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ, ինչը, փաստորեն, ավելի մեծ վտանգ է ներկայացնում Եվրոպայի և Ֆրանսիայի անվտանգության համար, քան Միացյալ Նահանգների համար: Այսպիսով, զարմանալի չէ, որ Մակրոնը ցանկանում է, որ ԵՄ-ն, ներառյալ Ֆրանսիան, կարողանա ապագայում ավելի շատ նման ռիսկերից պաշտպանվել: Իրականում ամերիկացի քաղաքական գործիչները ոչ թե պետք է ցանկանան ոչ թե որ Եվրոպան հրաժարվի ռազմավարական ինքնավարությունից, այլ, ընդհակառակը, գիտակցեն ու ամրապնդեն այն։

Ի վերջո, Վաշինգտոնը պետք է վերանայի իր այս երկակի մոտեցումը: Անհնար է, մի կողմից, բարձրաձայն պահանջել եվրոպացիներից ավելի շատ պատասխանատվություն ստանձնել իրենց պաշտպանության համար, իսկ մյուս կողմից՝ բարձր բղավել, երբ նրանք կարծես թե սկսում են շարժվել այս ուղղությամբ։ Իրականում, Եվրոպայի ռազմավարական ինքնավարությունը բխում է Վաշինգտոնի շահերից. ԵՄ-ն, որը լիովին ի վիճակի է հոգ տանել իր անվտանգության մասին, թույլ կտա ԱՄՆ-ին կենտրոնացնել իր ռեսուրսները այլ թատերաբեմերի վրա, ինչպիսին է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը:

Վաշինգտոնի իրական խնդիրը ոչ այնքան այն է, որ Մակրոնը չափազանց բարձր է արտահայտվել եվրոպական ռազմավարական ինքնավարության անհրաժեշտության մասին, այլ այն, որ նա՝ Մակրոնը, կարող է բավական ազդեցություն և ուժ չունենա իր տեսլականը գործնականում իրականացնելու համար: Հակառակ նրա՝ «Եվրոպայի առաջնորդի» ուռճացված կերպարին՝ Մակրոնը ընդամենը մեկ եվրոպական երկրի նախագահ է, որքան էլ այդ երկիրը հզոր լինի։ Հարցազրույցում նրա վստահությունը, որ Եվրոպայի ռազմավարական ինքնավարության մասին գաղափարական բանավեճը հաղթած է, վաղաժամ է. օրինակ, Լեհաստանի և Բալթյան երկրների համար այս հայեցակարգը դեռևս վնասակար է համարվում, քանի որ այս երկրներում այն ​​դիտվում է որպես ՆԱՏՕ-ի խարխլում:

Այս ամենին գումարվում է նաև այն փաստը, որ Մակրոնի սեփական դիրքը Ֆրանսիայում խարխլվել է կենսաթոշակային համակարգը բարեփոխելու նրա ծրագրերի դեմ վերջին զանգվածային ցույցերի պատճառով: Եվ այսօր այն շատ ավելի թույլ է, քան ընդամենը մի քանի ամիս առաջ։

Հետևաբար, ԱՄՆ քաղաքական գործիչները, ովքեր ասում են, որ խորապես մտահոգված են չինական սպառնալիքով, պետք է երկու անգամ մտածեն, թե արդյոք այն թիրախը, որի վրա նրանք որոշել են ուղղել իրենց զայրույթն ու հիասթափությունը, իրական է:

Բեռնում.....