Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ելույթ ունենալով Վարշավայի գետտոյի ապստամբության մեկնարկի 80-ամյակի հիշատակի միջոցառման ժամանակ, ասել է, որ Եվրոպայում երբեք չպետք է սկսվեր այնպիսի պատերազմ, ինչպիսին ռուսական ներխուժումն է Ուկրաինա։
Շտայնմայերը Գերմանիայի առաջին ղեկավարն է, ով ելույթ է ունեցել գետտոյի հերոսների հուշահամալիրում: Արարողությանը մասնակցել են նաև Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան և Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը։
Ելույթի ժամանակ Գերմանիայի նախագահը հայտարարել է, որ գերմանացիները պատասխանատու են հրեաների հալածանքների ու ջարդերի համար։
«Այսօր ես կանգնած եմ ձեր առջև և ներողություն եմ գերմանացիների կատարած հանցագործությունների համար», — մեջբերում է նրա խոսքերը գերմանական Der Spiegel-ը։ Շտայնմայերը հավելել է նաև, որ գերմանացիները հալածել, ստրկացրել ու սպանել են Եվրոպայի հրեաներին դաժանությամբ ու անմարդկային կերպով, «ինչի համար մենք խոսքեր չունենք»։ Նախագահը նշել է, որ գերմանացիները գիտակցում են իրենց պատասխանատվությունը և այն անելիքները, որոնք իրենց թողել են փրկվածներն ու զոհվածները։ Նրա խոսքով՝ գերմանացիների համար սեփական պատմության համար պատասխանատվությունը «վերջնական կետ չունի»։
Նախագահը հիշեցրել է ցեղասպանության վերաբերյալ՝ «Այլևս երբեք» կարգախոսը՝ այն անվանելով Գերմանիայի պատմության կարևորագույն դասը։ Նրա խոսքով, դա նշանակում է, որ Եվրոպայում երբեք չպետք է նորից սկսվեր այնպիսի պատերազմ, ինչպիսին ռուսական ներխուժումն է Ուկրաինա։
«Այլևս երբեք» նշանակում է, որ մենք ամուր կանգնած ենք Ուկրաինայի կողքին՝ Լեհաստանի և մեր մյուս դաշնակիցների հետ միասին», — ասել է Գերմանիայի նախագահը։
Նա հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խախտել է միջազգային իրավունքը՝ «ապօրինի հարձակվելով խաղաղ, ժողովրդավարական հարևան երկրի վրա»։
«Այս պատերազմն անչափելի տառապանք, բռնություն, ավերածություններ և մահ է բերում Ուկրաինայի ժողովրդին», — մեջբերում է AFP-ն Շտայնմայերի խոսքերը:
