Այսօր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպում է ունեցել Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Կոենը, որը երկու երկրների երկկողմ հարաբերությունների շարունակական և հրապարակային ընդլայնման հերթական քայլն է:
Հանդիպումից հետո Կոենի թվիթերում կատարած գրառման համաձայն, նրանք խոսել են Իսրայելի և Ադրբեջանի համար «ընդհանուր ռազմավարական տարածաշրջանային մարտահրավերների, և հատկապես տարածաշրջանային անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի մասին»:
Իսրայելի ԱԳ-ն հայտնում է, որ Կոենը Ալիևի հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկել է նաև տնտեսական և զբոսաշրջային կապերի ամրապնդման հետ կապված հարցերը։
Նույնը նաև հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, որի փոխանցմամբ Ալիևը վերջերս Իսրայելում Ադրբեջանի սեսպանատան բացումը գնահատել է որպես «հարաբերությունների բարձր մակարդակի ցուցանիշ», որոնք հիմնված են բարեկամության, փոխադարձ վստահության, հարգանքի և միմյանց ցուցաբերվող աջակցության վրա։
Բացի այդ Ալիևը Կոենին տեղեկացրել է «Ալաթ» ազատ տնտեսական գոտում գործարարների համար առաջարկվող պայմանների մասին՝ նշելով, որ իսրայելական ընկերությունները լավ հնարավորություններ ունեն այնտեղ գործելու և նոր նախագծեր առաջ քաշելու համար։ Բացի այդ, Ադրբեջանի նախագահը ածխաջրածնային պաշարների շահագործման շրջանակներում կարևորել է ադրբեջանական SOCAR ընկերության Իսրայելում ծավալած գործունեությունը։
Իսրայելի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Կոենի հետ Բաքու էին ուղևորվել նաև իսրայելական կիբեր ոլորտի, ներքին անվտանգության և գյուղատնտեսության ոլորտի 20 մասնագետներ, ինչպես նաև ջրային ռեսուրսների հետ կապված ընկերությունների ներկայացուցիչներ, ովքեր արդեն Ադրբեջանում գործող իսրայելական մի շարք ընկերությունների ղեկավարների հետ մասնակցություն են ունեցել Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միկայլի Ջաբարովի հետ Կոենի համատեղ ղեկավարությամբ անցկացված բիզնես ֆորումին:
Նախարարի Ադրբեջան կատարած այցից առաջ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Կոենը Ադրբեջանը ներկայացրել է որպես մուսուլմանակն մի երկիր, որի ռազմավարական դիրքը երկու երկրենի համար շատ ավելի կարևոր և մեծ պոտենցիալ ունեցող է դարձնում միջպետական հարաբերությունները:
«Ես այսօր ուղևորվում եմ դիվանագիտական կարևոր այցի, որպեսզի շարունակեմ Բաքվում մեր լավ ընկերների հետ միասնական և ամուր ճակատ կառուցել մեր ընդհանուր մարտահրավերների դեմ և խորացնել մեր համագործակցությունը տնտեսության, անվտանգության, էներգետիկայի և նորարարության ոլորտներում»,-Իսրայելի ԱԳ նախարարության հայտարարության համաձայն ասել էր Կոենը:
Կոենը նույն հարցերի շուրջ հանդիպում կանցկացնի նաև ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ:
Ընդգծենք, որ մարտի 29-ին, երբ Ադրբեջանի ԱԳ նախարարը Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման շրջանակներում հանդիպում էր ունեցել Կոենի հետ, իսրայելցի նախարարը այդ ժամանակ «միասնական ճակատ» բառակապակցությունը օգտագործել էր Իսրայելի տարածաշրջանային ոխերիմ հակառակորդ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ադրբեջանա-իսրայելական համագործակցությունը:
Իսրայելական The Times of Israel պարբերականը նշում է, որ գաղտնիք չէ այն փաստը, որ Ադրբեջանի աշխարհագրական դիրքը Թել-Ավիվի համար կարևոր նշանակություն ունի հատկապես Իրանի հետ սուր աշխարահքաղաքական հարաբերությունների համատեքստում:
Պարբերականը նաև գրում է, որ Ադրբեջանը, հավանաբար, Իսրայելին թույլատրում է օգտագործել իր տարածքի վրա տեղակայված բազաները Իրանի ուղղությամբ հետախուզական թռիչքներ իրականացնելու և Թեհրանի միջուկային ծրագիրը խափանելու համար հետախույզ-գործակալներ ուղարկելու համար: Ավելին, ըստ պարբերականի, եթե անգամ Իսրայելը որոշի ավիահարվածներ հասցնել իրանական ռեակտորներին և կայաններին, ադրբեջանական բազաների հասանելիությունը էլ ավելի կարող է հեշտացնել Թել-Ավիվի ռազմական ծրագրերի իրագործումը:
Սպասվում է նաև, որ Կոենը Բաքվում հրեական համայնքի հետ հանդիպումից հետո կուղևորվի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ՝ այնտեղ մասնակցելու Իսրայելի դեսպանատան բացման արարողություններին: Ընդգծենք, որ սա կհանդիսանա Իրանի սահմաններին ամենամոտ գտնվող Իսրայելի դեսպանատունը, որի հեռավորությունը սահմանից կկազմի շուրջ 20 կիլոմետր:
Ընդգծենք, որ Իսրայելը համարվում է նաև Ադրբեջանին ինտենսիվորեն զենք մատակարարող երկրներից մեկը: Դրանք հատկապես ակտիվ կերպով իրականցվել են 2016 թվականի 4 օրյա ռամզական գործողությունների և 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում:
