«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդու ՝ Արա Օսկանյանի գործողությունների մասով ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված խարդախության հատկանիշներով: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Օսկանյանի որդին կալանքի տակ գտնվող գույքը վաճառել է, ինչի առթիվ իրավապահներին հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին, որտեղ էլ տրվել է Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի անունը:
Իհարկե, առաջին դեպքը չէ, որ Վարդան Օսկանյանի որդին հայտնվում է իրավապահների տեսադաշտում: Հիշեցնենք՝ 2017 թ. փետրվարի 17-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի քննիչի որոշմամբ, ձերբակալվել էին 33-ամյա Արա Օսկանյանն ու 25-ամյա Հրանտ Սերադարյանը։ Վերջիններս կասկածվում էին քաղաքացու առեւանգելու համար՝ պարտքը վերադարձնելու պահանջով, ավելի ուշ գործը կարճվեց:
