17.1 C
Yerevan
15 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 14.05.2023
Գլխավոր » Ռուսական դասագրքից հանվել են Կիևի՝ որպես Կիևյան Ռուսիայի մայրաքաղաքի հիշատակումները
Այլ Լուրեր

Ռուսական դասագրքից հանվել են Կիևի՝ որպես Կիևյան Ռուսիայի մայրաքաղաքի հիշատակումները

Ուկրաինայի հետ պատերազմը շարունակում է ամենատարբեր խենթությունների և մարազմների տեղիք տալ Ռուսաստանում։ Այսպես, «Պրոսվեշչենիե» հրատարակչության կողմից հրատարակված չորրորդ դասարանի «Շրջակա աշխարհը» դասագրքի նոր տարբերակում Կիևյան Ռուսիայի պատմության գլուխներից հանվել են Կիևի մասին հիշատակումները։ Այս մասին հայտնում է «Медиазона» կայքը, որը ծանոթացել է դասագրքի նոր տարբերակին ու համեմատել այն 2021 թվականի տարբերակի հետ։

Հին հրատարակության մեջ ասվում էր, որ «Անցած տարիների պատմությունը» գրվել է Կիև-Պեչերսկի վանքի վանական Նեստորի կողմից: Նոր տարբերակում Նեստորը պարզապես վանական է և չի նշվում նրա ծառայության վայրը։

«Медиазона»-ն նաև նշել է, որ դասագրքի 2021 թվականի տարբերակում ասվում է, որ արքայազն Վլադիմիրը մկրտել է բոլորին Կիևում, մինչդեռ նոր տարբերակում գրված է «մայրաքաղաքում»: Փոխվել է նաև՝ «Օլեգի մահից հետո Կիևում սկսեց իշխել արքայազն Իգորը» արտահայտությունը: Այժմ դա հնչում է այսպես. «Օլեգի մահից հետո արքայազն Իգորը սկսեց կառավարել Ռուսիան»:

Վեցերորդ դասարանի Ռուսաստանի պատմության դասագրքում (2016 թվականի տարբերակ) ասվում է. «882 թվականը, երբ Օլեգը միավորեց Նովգորոդը և Կիևը, շատ պատմաբաններ անվանում են Հին ռուսական պետության ձևավորման պայմանական տարեթիվ»: 2023 թվականի հրատարակության մեջ այլ կերպ է գրված. «Աստիճանաբար մեծագույն նշանակություն ձեռք բերեց իշխանների տոհմը, որը սերում էր իր տոհմը Ռուրիկից։ Ռուսիա պետության ձևավորումը կապում են 862 թվականին Նովգորոդ նրա գալու հետ»։

«Медиазона»-ն նշում է, որ «Շրջակա աշխարհը» դասագրքի նոր հրատարակությունն ուղարկվել է տպագրության, սակայն դեռ վաճառքի չի հանվել։ Լրագրողները տեղեկացել են նաև նոր մեթոդական նյութերի պատրաստման մասին, որոնք պարզաբանում են Կիևի դերը Ռուսաստանի պատմության մեջ։ Ըստ «Պրոսվեշչենիե» հրատարակչությունում աղբյուրի, ձեռնարկները դպրոցներ կգնան մինչև գարնան վերջ։

2022 թվականի ապրիլին «Медиазона»-ն, հղում անելով «Պրոսվեշչենիե» հրատարակչության խմբագիրներին, հայտնել էր, որ հրատարակչության ղեկավարությունը ոչ պաշտոնական հրաման է արձակել՝ նվազագույնի հասցնել Ուկրաինայի և Կիևի մասին հիշատակումները ռուսական դպրոցական դասագրքերում: Ըստ խմբագիրների, նրանք սկսել են «մաքրել» Ուկրաինան դասագրքերից 2014 թվականից հետո՝ փորձելով հնարավորինս հազվադեպ հիշատակել այն։ «Медиазона»-ն գրել էր, որ փետրվարի 24-ից հետո խմբագիրները ստիպված են եղել «վերանայել տեքստերի մոտ 15%-ը»։

Բեռնում.....