Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում երեկ ժամը 22։00-ի սահմաններում ուժգին պայթյուն է որոտացել։ Վնասվել են մի քանի մեքենաներ: Հզոր պայթյունից հարակից խանութի տանիքին է հայտնվել մի մեքենա, որում, երջանիկ զուգադիպությամբ, ոչ ոք չի եղել։ «Renault Logan-ը վեր է թռչել 40 մետր բարձրության վրա. 10-րդ հարկի բնակիչները տեսել են, որ մարդատար ավտոմեքենան թռչում է իրենց պատուհանի կողքով»,- գրում է Shot տելեգրամյան ալիքը։ Առավոտյան մեքենան հանվել է խանութի տանիքից։
Տների և խանութների ապակիները կոտրվել են, հարակից շենքերի բնակարաններ վնասվել են։ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հաստատել է, որ Բելգորոդում «պայթյուն» է տեղի ունեցել, կենտրոնական փողոցներից մեկում 20 մետր շառավղով հսկայական փոս է գոյացել, մեքենաներ են վնասվել, էլեկտրահաղորդման գծեր են տապալվել։ Պայթյունի պահը ֆիքսել են արտաքին հսկողության տեսախցիկները։
Առավոտյան նահանգապետը հայտնել է, որ միջադեպի հետևանքով ընդհանուր առմամբ երեք մարդ է տուժել, նրանցից մեկը հրաժարվել է հոսպիտալացումից։ Գլադկովի խոսքով՝ իրենք որոշել են ամբողջությամբ վերաբնակեցնել պայթյունից վնասված հինգհարկանի շենքը:
Սկազբում մարզային իշխանությունները չէին նշում միջադեպի պատճառները՝ հաղորդելով միայն այն մասին, թե ինչ է արվում հետևանքները վերացնելու համար։ Սակայն, պայթյունից ընդամենը երկու ժամ անց ՌԴ ՊՆ-ն չափազանց լակոնիկ մի հայտարարություն տարածեց. «2023 թվականի ապրիլի 20-ին, Մոսկվայի ժամանակով մոտ 22:15-ին, Բելգորոդ քաղաքի վրայով օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռի թռիչքի ժամանակ տեղի է ունեցել ավիացիոն զինամթերքի չնախատեսված անկում»։ Ընդամենը:
ՌԴ ՊՆ-ն չի հստակեցրել, թե ինչ պատճառով է եղել «չնախատեսված անկումը» և ինչ «ավիացիոն զինամթերք» է ընկել։ Նրանք նաև չեն բացատրել, թե ինչու է նման զինամթերքով Սու-34-ը թռել Բելգորոդի բնակելի թաղամասերի վրայով, և չի շրջանցել քաղաքը։
Սու-34-ը գերձայնային կործանիչ-ռմբակոծիչ է, որը նախատեսված է օպերատիվ և մարտավարական խորությամբ հակառակորդի ցամաքային թիրախներին հրթիռային հարվածներ հասցնելու և ռմբակոծելու, ինչպես նաև թշնամու օդային թիրախները ոչնչացնելու համար, ասվում է ՌԴ պաշտպանության նախարարություն կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։ Ինքնաթիռի սպառազինությունը կարող է ներառել՝ ավիացիոն ռումբեր, չկառավարվող և կառավարվող ավիացիոն հրթիռներ, ինչպես նաև թնդանոթային ամրացման արկեր։
Տելեգրամյան որոշ ալիքներ պնդում են, որ հրապարակված տեսագրություններում երևում է Բելգորոդում տեղի ունեցած պայթյունի պահը։ Սև-սպիտակ կադրերում վրա նախ լսվում է սուլոցի ձայն, հետո լռություն: Մոտ 12 վայրկյան անց ուժեղ պայթյուն է լսվում, որը տեսանելի է նաև տեսանյութում։
Տարբեր մեկնաբանություններում ենթադրվում էր, որ զինամթերքը նախ խորացել է գետնի մեջ և միայն հետո պայթել։ Դա հաստատում է դանդաղեցուցիչով ֆուգասի պայթյունի վարկածը. ենթադրյալ ավիացիոն ային ռումբի գետնին հարվածելու և պայթյունի միջև անցնում է մոտավորապես 18 վայրկյան:
Ըստ այդ վարկածների, Բելգորոդում կարող էր պայթել մեկուկես տոննա կշռող ֆուգասային ավիառումբը, որը հագեցած է զինամթերքի թռիչքի և ուղղորդման ունիվերսալ մոդուլով (универсальным модулем планирования и коррекции (УМПК)), «Агентствօ» գործակալությանը ասել է վերլուծաբան Կիրիլ Միխայլովը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը վերջին շաբաթներին սկսել է ակտիվորեն օգտագործել նման զինամթերք։
Վերջերս մամուլում և սոցիալական ցանցերում շատ է խոսվում այն մասին, որ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ պատերազմում սկսել է ավելի շատ օգտագործել նոր ավիացիոն զինամթերք։ Մասնավորապես, УМПК լրակազմով հագեցած ռումբեր, որոնք սովորական ռումբը վերածում են ճշգրիտ ռումբի։ Վարկածներից մեկի համաձայն՝ Բելգորոդի դեպքում հենց այդպիսի ռումբի կառավարման համակարգում անսարքություն է առաջացել։
Իրոք, նման զինամթերքը սովորաբար նետվում է թիրախից տասնյակ կիլոմետր հեռավորության վրա, այնուհետև այն ինքնուրույն է թռչում դեպի թիրախ: Սակայն տեսագրությունների վրա նման ռումբ ընկնելու տեսողական ակնհայտ նշաններ չկան։ Այս լրակազմերը տեղադրված են սովորական ավիառումբերի վրա, և անհնար է նկատել՝ արդյոք ընկած զինամթերքը համալրված է եղել դրանցով, թե ոչ։
Մեկ այլ հարց, որը նույնպես լայնորեն քննարկվում է, այն է, թե ինչու էր մարտական ինքնաթիռը թռչում քաղաքի վրայով, որը պետք է հստակ տեսանելի լիներ բարձրությունից։ Սակայն, դա էլ ունի իր բացատրությունը։ Այս ռմբակոծիչի անձնակազմը հավանաբար ունեցել է մարտական առաջադրանք, ինքնաթիռը այդ ռումբը տանելուց է եղել դեպի թիրախ, որը հավանաբար նույնպես եղել է խաղաղ բնակիչներով քաղաք։ Հիշեցնենք, որ Բելգորոդից 80 կիլոմետր և Բելգորոդի մարզի հետ սահմանից 40 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Խարկովը՝ մեծությամբ Ուկրաինայի երկրորդ քաղաքը, որը ռուսական բանակը ռմբակոծում է պատերազմի առաջին օրերից։ Բելգորոդի վրա ընկած ռումբը, ամենայն հավանականությամբ, նախատեսված է եղել հենց Խարկովի համար։
Նույն տիպի Սու-34 կործանիչ-ռմբակոծիչի հետ անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին տեղի էր ընկել մեկ այլ միջադեպ: Այն ընկել էր ՌԴ Կրասնոդարի երկրամասի Յեյսկ քաղաքում ինը հարկանի բնակելի շենքի մոտ։ Բռնկված վառելիքի կրակը ոչնչացչել էր շենքի մեծ մասը։ Զոհվել էր 16 մարդ: Օդաչուներին հաջողվել էր փրկվել: ՌԴ ՊՆ-ն կործանման պատճառ էր հայտարարել ինքնաթիռի շարժիչներից մեկի բռնկումը։
«Ինքնաթիռն ընկնելու ժամանակ հարվածել է տանը, փլուզվել, կործանման ժամանակ վառելիք է թափվել, հետևաբար պայթյուն չի եղել, քանի որ մոտակա շենքերը չեն կորցրել նույնիսկ ապակեպատումը։ Ոչ մի պայթյուն չի եղել»,- այն ժամանակ լրագրողներին վստահեցնում էր ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը։
