12.1 C
Yerevan
17 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 16.05.2023
Գլխավոր » Սուդանից ԱՄՆ հատուկ ջոկատայինները կարողացել են տարհանել ԱՄՆ դեսպանությունը
Աշխարհ

Սուդանից ԱՄՆ հատուկ ջոկատայինները կարողացել են տարհանել ԱՄՆ դեսպանությունը

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը նախօրեին հայտարարել է, որ ԱՄՆ հատուկ ջոկատայինները տարհանել են ամերիկացի դիվանագետներին և նրանց ընտանիքներին Սուդանի մայրաքաղաք Խարտումից, որտեղ մարտերը շարունակվում են սկսած ապրիլի 15-ից:


Սուդանի «Արագ աջակցության ուժեր» կոչվող ռազմական միավորումը հայտարարել է, որ փրկարարական գործողությունները համակարգում են ԱՄՆ-ի հետ և ապահովում են տարհանվածների անվտանգությունը:
Իր խոսքում ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը ժամանակավորապես փակում է իր դեսպանատունը Խարտումում և կողմերին կոչ արել շուտափույթ դադարեցնել կրակը:
«Հակամարտող կողմերը պետք է անհապաղ և առանց որևէ պայմանի դադարեցնեն կրակը, ապահովեն մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքը և հարգեն Սուդանի ժողովրդի կամքը»,-ասել է ԱՄՆ նախագահը:


Reuters-ի փոխանցմամբ ԱՄՆ պաշտոնյաները նշել են, որ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների տարհանմանը մասնակցել են MH-47 Chinook ուղղաթիռները։ Նշվում է նաև, որ Խարտումում հատուկ ջոկատայինների գործողությունները տևել են մոտ մեկ ժամ, որի արդյունքում հաջողվել է տարհանել 100 մարդու: «Մեր ուղղությամբ ոչ մի հրազեն չի կրակել, մենք տեղ ենք հասել ու առանց խնդիրների հեռացել ենք»,- մեջբերում է Reuters լրատվականը ամերիկացի գեներալ Դուգլաս Սմիթին:


Սա օտարերկրյա քաղաքացիների երկրորդ տարհանումն է նախորդ շաբաթ Սուդանի մայրաքաղաք Խարտումում իրավիճակի կտրուկ սրումից հետո։


Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի Թագավորությունը հայտարարել էր իր քաղաքացիների և «եղբայրական երկրների» քաղաքացիների տարհանման կազմակերպման մասին։


Շաբաթ օրը ավելի քան 150 քաղաքացիներ, դիվանագետներ և միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ ծովային ճանապարհով տարհանվել էին Սաուդյան Արաբիայի Ջիդդա նավահանգիստ։ Դրանք հիմնականում Պարսից ծոցի երկրների, ինչպես նաև Եգիպտոսի, Պակիստանի և Կանադայի քաղաքացիներ են։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն նույնպես հայտարարել է, որ սկսում է Սուդանից տարհանել իր քաղաքացիներին։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն էլ շաբաթ օրը «Կոբրա» արտակարգ կոմիտեի նիստ էր անցկացրել, որը նվիրված է եղել Սուդանում տիրող իրավիճակին։ Բրիտանական կառավարությունը հայտարարել է, որ անում է հնարավոր ամեն ինչ Խարտումում գտնվող իր քաղաքացիներին և դիվանագիտական ​​անձնակազմին օգնելու համար:


Ընդգծենք, որ ողջ այս ընթացքում ակտիվ բանակցություններ էին ընթացել կողմերի միջև զինադադար հաստատելու շուրջ, որոնք ավերտվել էին անհաջողությամբ:


Սակայն, այսօր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը արդեն հայտարարել է, որ Սուդանում պատերազմող կողմերը համաձայնության են եկել եռօրյա զինադադարի հաստատման շուրջ, որը ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով կեսգիշերից սկսած։


Թեև մարտերի մասշտաբները նվազել են, սակայն Խարտումում և հարակից քաղաքներում դեռևս լսվում են կրակոցների ձայները։


Բլինկենը միայն նշել է, որ «Արագ աջակցության ուժերի» և Սուդանի կանոնավոր բանակի հետ հրադադարի մասին համաձայնագիրը ձեռք է բերվել 48 ժամ տևած բանակցությունների արդյունքում։


Reuters լրատվականն էլ պարզաբանում է, որ բանակցություններում որպես միջնորդներ հանդես են եկել ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան։


«Արագ աջակցության ուժերը» հաստատել է Բլինկենի խոսքերը՝ հայտարարություն տարածելով, որ իրենք պատրաստ են ամբողջական զինադադարի։


ԱՄՆ պետքարտուղարի հայտարարած հրադադարից երկու ժամ անց Սուդանի բանակը նույնպես Facebook-ում հայտարարել է, որ մտադիր է պահպանել այն։


«Հիմք ընդունելով երկրում մարտերը դադարեցնելու սաուդա-ամերիկյան միջնորդությունը և մեր քաղաքացիների ազատության ու հումանիտար նկատառումներից ելնելով, Զինված ուժերը իր համաձայնությունն է տվել 72-ժամյա զինադադարին, որն ուժի մեջ կմտնի այսօր կեսգիշերից՝ պայմանով, որ ապստամբները նույնպես կդադարեցնեն ռազմական գործողությունները և կպահպանեն դրա շարունակականության համար անհրաժեշտ պահանջները:


Հուսով ենք, որ դա կնպաստի երկրում մեր քաղաքացիների և բնակիչների համար համապատասխան մարդասիրական պայմանների ստեղծմանը»,- ասվում է բանակի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Սուդանի մայրաքաղաք Խարտումում և երկրի տարբեր շրջաններում բանակի ու Արագ աջակցության ուժերի միջև պետական և ռազմավարական օբյեկտների վերահսկողության համար մարտերը սկսվել էին ապրիլի 15-ի առավոտյան:


2021 թվականին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից և իշխանությունը զինվորականներին անցնելուց հետո ձևավորված զինվորական խորհրդի և քաղաքական ուժերի միջև երկար տևած բանակցությունների արդյունքը եղել էր երկրի քաղաքացիական կառավարման համակարգին անցում կատարելու մասին համաձայնությունը: Սակայն անցման շրջանակներում «Արագ աջակցության ուժերը» Սուդանի զինված ուժերին ինտեգրելու ժամկետների հետ կապված հարցերը գեներալների միջև անհամաձայնություն էր առաջ բերել, ինչը և հանգեցրել է ներպետական զինված դիմակայությանը:


Թե կողմերից հստակ, որ մեկն է արձակել առաջին կրակոցը հստակ չէ: Եվ բանակը, և «Արագ աջակցության ուժերը» պնդում են, որ իրենք չեն հանդիսանում նախաձեռնող կողմ:


Ռազմական գործողությունները ընթանում են մայրաքաղաքի բազմաթիվ բնակելի թաղամասերում, որտեղ մարդիկ ստիպված են պատսպարվել տներում։ Քաղաքի տարբեր հատվածներից լսելի է հրետանային փոխհրաձգության ձայները։ Համացանցում տարածված տեսագրություններում նկատվում են Խարտումի տարբեր շրջաններից բարձրացող ծխի սյուները։ Դրանցում նաև տեսանելի են Սուդանի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռների ցածր բարձրության վրա կատարվող թռիչքները և նրանց կողմից իրականցվող ռմբակոծություններն ու հրթիռային հարվածները։


Ավերվել և թիրախավորվել են քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքները, որոնց թվում են նաև հիվանդանոցները:


ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության այսօր տարածած հայտարարությունների համաձայն՝ Սուդանում մարտերի հետևանքով զոհվել է 413 մարդ, իսկ վիրավորների թիվը հասնում է՝ 3551-ի։ Զոհված երեխաների թիվը հասնում է 9-ի, իսկ վիրավորներինը 50-ի:

Բեռնում.....