ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ 2024 թվականին կրկին կառաջադրի իր թեկնածությունը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար։
Այս մասին նախագահի հայտարարությունը ներկայացնող տեսանյութը տեղադրվել է նրա թվիթերյան էջում:
Every generation has a moment where they have had to stand up for democracy. To stand up for their fundamental freedoms. I believe this is ours.
— Joe Biden (@JoeBiden) April 25, 2023
That’s why I’m running for reelection as President of the United States. Join us. Let’s finish the job. https://t.co/V9Mzpw8Sqy pic.twitter.com/Y4NXR6B8ly
Տեսանյութում Բայդենը խոսում է այն մասին, թե որն է համարում իր նախընտրական արշավի ամենակարևոր խնդիրները. աբորտի իրավունքը, ժողովրդավարության և ընտրական իրավունքի պաշտպանությունը, ինչպես նաև ամերիկացիների սոցիալական երաշխիքները։
Բայդենը նաև նշում է, որ ընտրողները այս անգամ հնարավորություն կունենան հաջորդ սերունդներին «շատ կամ քիչ ազատություն թողնելու», «շատ կամ քիչ իրավունքներ ունենալու» միջև ընտրություն կատարելու համար:
«Ամերիկացիների յուրաքանչյուր սերունդ ստիպված է եղել անցնել մի պահ, երբ նրանք պետք է պաշտպանեն ժողովրդավարությունը, պաշտպանեն մեր անձնական ազատությունները, պաշտպանեն մեր ընտրական իրավունքներն ու քաղաքացիական իրավունքները: Այս պահը եկել է մեզ համար»,-ասում է Բայդենը թվիթերում հրապարակած տեսագրության մեջ:
Բայդենն իր տեսաուղերձը հրապարակում է ապրիլի 25-ին, այսինքն նույն այն օրը, երբ չորս տարի առաջ քաղաքական գործիչը հայտարարել էր նախգահական ընտրությունների համար թեկնածության առաջադրման մասին։
Բայդենը 80 տարեկան է և այժմ համարվում է ԱՄՆ ամենատարեց նախագահը։
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը նույնպես հայտարարել է, որ Ջո Բայդենի կողքին կմասնակցի 2024 թվականի ընտրություններին։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։
Նախագահի թեկնածու ընտրելու համար Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություններն անցկացնում են իրենց ներքին ընտրությունները՝ փրայմերիզը։ Դեմոկրատների ճամբարում Բայդենը լուրջ մրցակից չունի։
Նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել է ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին։
