19.1 C
Yerevan
31 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 30.05.2023
Գլխավոր » ԵԽԽՎ ներկայացուցիչ Փոլ Գավան մտադիր է մայիսի վերջին այցելել Հայաստան, Ադրբեջան և Արցախ՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ զեկույց կազմելու նպատակով
Այլ Լուրեր

ԵԽԽՎ ներկայացուցիչ Փոլ Գավան մտադիր է մայիսի վերջին այցելել Հայաստան, Ադրբեջան և Արցախ՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ զեկույց կազմելու նպատակով

Ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում հսկիչ անցագրային կետի տեղադրումից հետո ստեղծված հումանիտար իրադրությունը ուսումնասիրելու և համապատասխան զեկույց ներկայացնելու նպատակով Հայաստան, Ադրբեջան, ինչպես նաև Արցախ մտադիր է այցելել Եվրոպական խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ զեկուցող Փոլ Գավան: Այս մասին ապրիլի 24-ին ունեցած ելույթի ընթացքում հայտարարել է անձամբ Գավան՝ ընգծելով, որ «իրավիճակի վերաբերյալ զեկույցը պետք է պատրաստվի անհապաղ»:

Ընդգծենք, որ 2023 թվականի մարտի 15-ին ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով կոմիտեի կողմից Փոլ Գավան նշանակվել է Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների լուծման հարցերով զեկուցող:

«Իմ այցի ընթացքում, որը ներառելու է Լաչինի միջանցքի պայմաններին անմիջական ծանոթացում, ես պատրաստ եմ նաև հանդիպել բոլոր համապատասխան զրուցակիցների հետ: Չնայած վերջին օրերի լարվածության ցավալի աճին, ես վստահ եմ, որ կկարողանամ հույս դնել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համագործակցության և բարի կամքի վրա»,-նշել է եվրոպացի պատգամավորը։

Գավան որպես իր նպատակ նշել է «արդար, ճշգրիտ և ազնիվ զեկույց կազմելը», որին դժվար կլինի հասնել, եթե իրեն թույլ չտան իր աչքերով տեսնել, «թե արդյոք Լաչինի միջանցք մուտքն ազատ և անվտանգ է, ինչպես նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»։

Հիշեցնելով, որ Լաչինի միջանցքը ադրբեջանական կողմը փակ է պահում դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ընդգծել է, որ  «Խորհրդարանական վեհաժողովը ուշադրությամբ հետևում էր այս իրավիճակին», և որ հունվարին՝ ընթացիկ հարցերի քննարկման ժամանակ հրապարակվել էին ԵԽԽՎ Հայաստանի մոնիտորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենի և Բորիանա Աբերգի զեկույցը և Իրավական հարցերի ու մարդու իրավունքների հանձնաժողովի հայտարարությունը:

«Ադրբեջանը պնդում է, որ Լաչինի ճանապարհը համակարգված և լայնածավալ չարաշահվում է անօրինական նպատակներով՝ հակառակ 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության, որը, ըստ նրա, անվտանգության սպառնալիք է»,-նշել է Գավան իր ելույթում և ավելացրել, որ «առանց տարածք մուտք գործելու հնարավոր չէ ստուգել այս պնդումները»:

Պատգամավորը նշել է նաև, որ մյուս կողմից, «Լեռնային Ղարաբաղի բնակիչների տառապանքները և դրա հետևանքով առաջացած լուրջ հումանիտար ճգնաժամն արդեն լավ փաստագրված են»:

«Արդեն ամիսներ շարունակ մենք տարածաշրջանում ոչ միայն հետևում ենք մտահոգիչ էսկալացիայի հռետորաբանությանը, այլև փաստացի դրա ականատեսն ենք: Պարտադիր է, որ երկու կողմերն էլ նպաստեն Լեռնային Ղարաբաղում ապրող այդ մարդկանց վիճակի վատթարացումը կանխելու լուծում գտնելուն»,-եզրափակել է Գավան իր ելույթը։

Բեռնում.....