28.1 C
Yerevan
2 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 01.06.2023
Գլխավոր » Այսօր մեկնարկում են Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները արտասահմանում բնակվող քաղաքացիների համար
Այլ Լուրեր

Այսօր մեկնարկում են Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները արտասահմանում բնակվող քաղաքացիների համար

Արտասահմանում բնակվող Թուրքիայի Հանրապետության քաղաքացիների համար մայիսի 14-ին նախատեսված նախագահական և խորհրդարանական ընտրությունները մեկնարկել են այսօր:

Թուրքիայի քաղաքացիների ամենամեծ սփյուռքը բնակվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, որը մոտավորապես կազմում է մեկուկես միլիոն մարդ, նշում է dpa գործակալությունը։ Գերմանիայում կբացվի 26 ընտրատեղամաս։ Նշվում է, որ արտասահմանում քվեարկությունը մեծ հավանականությամբ կշարունակվի մինչև մայիսի 9-ը:

Նախօրեին էլ հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով արդեն 20 տարի իշխանության ղեկին է և ներկայումս կրկին իր թեկանծությունը առաջադրել է նախագահական ընտրություններին, չեղյալ է հայտարարել չորեքշաբթի և հինգշաբթի օրերին նախատեսված նախընտրական հանրահավաքները։ Reuters-ի փոխանցմամբ՝ Էրդողանը երեքշաբթի օրը երեկոյան ընդհատել է իր մասնակցությունը հեռուստատեսային ուղիղ եթերով ընթացող հարց ու պատասխանին՝ ասելով, որ իրեն վատ է զգում ստամոքսի խանգարման պատճառով։

Twitter-ում Էրդողանը գրել է, որ բժիշկների խորհրդով որոշել է տանը մնալ։

Նույն օրը ավելի ուշ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հայտարարություն տարածեց, որ ապրիլի 27-ին Էրդողանը տեսակապի միջոցով կմասնակցի հարավային Մերսին նահանգում «Աքքույու» ատոմակայանի բացման արարողությանը։

Այսօր էլ Էրդողանի մամուլի գրասենյակը հերքել է համացանցում տարածված այն հաղորդագրությունները, թե նախագահը սրտի կաթված է ստացել և գտնվում է հիվանդանոցում։ Նախագահի գրասենյակում այս տեղեկությունն անվանել է «անհիմն խոսակցություններ»։

Մամուլի ծառայությունը նաև հաստատել է, որ ապրիլի 27-ին Էրդողանը նախատեսում է տեսակոնֆերանսի միջոցով մասնակցել ատոմակայանի բացման արարողությանը։

Այս ընտրությունները Էրդողանի համար վերջին տարիների ամենադժվարն են համարվում։ Վերջին հարցումները ցույց են տվել, որ բավականին լարված մրցակցություն կա նրա և ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի միջև, որը ղեկավարում է կառվարման աշխարհիկ հայացքներ ունեցող գործիչների և պահպանողական ու ազգայնական քաղաքական ուժերի միավորված ընդդիմադիր ճամբարը։

Ընդգծենք նաև, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է մայիսի 28-ին, եթե նախնական՝ մայիսի 14-ի քվեարկության արդյունքներով մրցակցող կողմերից որևք մեկը չկարողանա հավաքել ընտրողների 50%-ից ավել ձայները։

Բեռնում.....