26.1 C
Yerevan
1 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 31.05.2023
Գլխավոր » Մոլդովայում ԵՄ քաղաքացիական գործընկերության առաքելություն ստեղծելու մասին որոշումը Մոսկվան համարում է երկրի նկատմամբ «դե ֆակտո արտաքին վերահսկողություն սահմանելու փորձ»
Աշխարհ

Մոլդովայում ԵՄ քաղաքացիական գործընկերության առաքելություն ստեղծելու մասին որոշումը Մոսկվան համարում է երկրի նկատմամբ «դե ֆակտո արտաքին վերահսկողություն սահմանելու փորձ»

Ապրիլի 24-ին Լյուքսեմբուրգում կայացած Եվրոպական միության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը ընդունվել էր  Մոլդովայի Հանրապետությունում ԵՄ քաղաքացիական գործընկերության առաքելություն ստեղծելու մասին որոշում:

Նույն օրը, ավելի ուշ Եվրոպական միության խորհուրդը հայտարարել էր ԵՄ քաղաքացիական գործընկերության առաքելության ստեղծման նախագծի հաստատման մասին:

«ԵՄ խորհուրդն այսօր հավանություն է տվել Մոլդովայի համար ԵՄ Գործընկերության առաքելության (EUPM) ստեղծմանը որպես ԵՄ ընդհանուր արտաքին և պաշտպանական քաղաքականության մաս: Այս քաղաքացիական առաքելության նպատակն է բարձրացնել այս երկրի անվտանգության հատվածի կայունությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ճգնաժամերին արձագանքելը և հիբրիդային սպառնալիքները, ներառյալ կիբերանվտանգությունը, արտաքին միջամտությանը և տեղեկատվության մանիպուլյացիայի դեմ պայքարը»,-ասվում էր ԵՄ խորհրդի հայտարարության մեջ:

Փաստաթղթում նաև նշվում է, որ Մոլդովայի Հանրապետությունը Ուկրաինայում ռուսական ներխուժումից հետո ստեղծված իրավիճակի պատճառով ամենաշատ տուժած երկրներից մեկն է: «Այսօր մենք ընդարձակում ենք մեր աջակցությունը Մոլդովայի համար՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը»,-ասվում է փաստաթղթում:

Առաքելությունը Մոլդովային կտրամադրի «ռազմավարական մակարդակի խորհրդատվություն՝ հանցագործների գործունեությունը կանխելու, հայտնաբերելու, բացահայտելու, հստակեցնելու և հիբրիդային սպառնալիքներին արձագանքելու վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում։

Առաքելության մանդատը տրվելու է երկու տարով, նրա ղեկավարը կնշանակվի մոտ ապագայում, տեղակայման ժամկետները դեռ որոշված ​​չեն։

Այսօր արդեն Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հնչեցրել է իր գնահատականը առաքելության ստեղծման ծրագրերի վերաբերյալ:

ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով լրագրողի կողմից իրեն ուղղված հարցին, նշել էր. «Մենք տեսնում ենք, որ Եվրամիությունը գնալով էլ ավելի է փորձում ամրանալ հետխորհրդային տարածաշրջանում։ Որպես գործիք, օգտագործում է իր դաշտային ներկայությունների տեղակայումը: Ընդգծելով նոր առաքելության «գործընկերային» բնույթը՝ ԵՄ անդամները, ինչպես միշտ, խորամանկում են: Այն ծավալվում է ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության իմաստով»:

Զախարովան իր ելույթում նաև ընդգծել է, որ առաքելության վերաբերյալ ԵՄ-ի հայտարարած բնութագրումները չպետք է պատրանքներ ստեղծեն՝ կապված ԵՄ ներկայացուցիչների գործունեության շուրջ, քանի որ ըստ ՌԴ ԱԳ նախարարության խոսնակի ԵՄ-ն «դե ֆակտո արտաքին վերահսկողություն է»  իրականացնելու Մոլդովայի նկատմամբ։

«ԵՄ միջնորդական ջանքերի պատմությունը բավականին լավ հայտնի է։ Թեկուզ օրինակ վերցնենք Կոսովոյի սերբական համայնքներից մունիցիպալ շրջաններ ստեղծելու վերաբերյալ Բելգրադ-Պրիշտինա երկխոսության շրջանակներում ձեռք բերված համաձայնությունը կյանքի կոչելու ԵՄ-ի անպտուղ փորձերը, որը բացահայտ սաբոտաժի է ենթարկվում Կոսովոյի իշխանությունների կողմից՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի լիակատար համաձայնությամբ»,-նշել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ԵՄ այսպես կոչված «ձախողումների» ցանկին ավելացրել է նաև փետրվարից Հայաստանում տեղակայված եվրոպական դիտորդական առաքելությունը՝ այն անվանելով «աշխարհաքաղաքական նկատառումներով տեղակայված Եվրամիության քաղաքացիական առաքելություն», որը չի նպաստել Անդրկովկասում հարաբերությունների կարգավորմանը:

«Հաշվի առնելով ԵՄ-ի արմատապես փոփոխված բնույթը, որը վերածվել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի աշխարհաքաղաքական գործիքի՝ Ռուսաստանի դեմ բացահայտ առճակատման գործողություններ ձեռնարկելու հարցում, դժվար թե Մոլդովայում նոր ներկայությունը օգնի կայունացնել իրավիճակը երկրում և հարակից տարածաշրջանում: Հետևաբար, պետք է համապատասխանաբար վերաբերվել»,-նշել է Զախարովան իր հայտարարության եզրափակիչ հատվածում:

Բեռնում.....