23.1 C
Yerevan
31 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 30.05.2023
Գլխավոր » Ռուսները մեզ թշնամի չեն. մենք տարաձայնություններ ունենք Ռուսաստանի կառավարության հետ, բայց ոչ նրա ժողովրդի հետ
Այլ Լուրեր

Ռուսները մեզ թշնամի չեն. մենք տարաձայնություններ ունենք Ռուսաստանի կառավարության հետ, բայց ոչ նրա ժողովրդի հետ

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հարցազրույց է տվել ռուսական «Կոմերսանտ»-ին։ Ամերիկացի դիվանագետը խոսել է Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմի ու Կրեմլի սխալ հաշվարկների մասին։ Հիշեցնենք, որ Լին Թրեյսին Մոսկվայում փոխարինեց ամերիկյան փորձառու դեսպան Ջոն Սալիվանին։ Լին Թրեյսին մինչև Մոսկվայում նշանակվելը Հայաստանում ԱՄՆ դեսպանն էր և շատ բան արեց թե՛ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման, թե՛ Հայաստանի, հատկապես Սյունիքի անվտանգության համար 44-օրյա պատերազմից հետո։ Newarmenia-ն ընտրել է դեսպան Թրեյսիի հարցազրույցի հիմնական թեզերը։

Ռուսների նկատմամբ իր վերաբերմունքի մասին

Առաջին անգամ Ռուսաստան էի այցելել դեռ ուսանողական տարիներին, երբ 20 տարեկանից մի փոքր ավելի էի: Խորհրդային Միության օրոք էր։ Եվ հիմա՝ իմ երրորդ այցելության ժամանակ կարող եմ ասել, որ նախկինի պես մեծ հարգանքով եմ վերաբերվում Ռուսաստանում ապրող մարդկանց։ Ռուսաստանը մեծ պատմություն և շատ հարուստ մշակույթ ունեցող երկիր է։

Ես հավատում եմ հանրային դիվանագիտությանը և աջակցում եմ դրան։ Ինչպիսի տարբերություններ էլ ունենանք մենք՝ ԱՄՆ-ը Ռուսաստանի կառավարության հետ, դրանք հակասություններ չեն Ռուսաստանի ժողովրդի հետ։

Տխուր է տեսնել, թե ինչ ուղղությամբ է շարժվում Ռուսաստանը. կարծես թե գնում է դեպի անցյալ, ռեպրեսիաների ժամանակ: Երբ ես այստեղ էի 1980-ականների վերջին, հիշում եմ, թե ինչպես էր հասարակությունը ոգևորված Նիկոլայ Բուխարինի ռեաբիլիտացիայով, ինչպես զգացողություն կար, որ վերջապես կարելի է ազնիվ և բաց խոսել անցյալի մասին: Ուստի, այնքան տխուր և մտահոգիչ է տեսնել, թե ինչպես են այլակարծության և հիշողության ձայները կրկին լռեցվում:

(Նիկոլայ Բուխարինը խորհրդային հեղափոխական, քաղաքական և կուսակցական գործիչ էր։ Համամիութենական կոմունիստական ​​կուսակցության (բոլշևիկների) այսպես կոչված աջ ընդդիմության առաջնորդը։ Նա մահապատժի է դատապարտվել և գնդակահարվել 1938թ.):

Այն մասին, թե ռուսները ամերիկացիների թշնամիներն են, թե ոչ

Հիմա շատ է խոսվում ռուսաֆոբիայի, Ռուսաստանի չեղարկման, Ռուսաստանի ապագայի չեղարկման մասին։ Սա չի հանդիսանում Միացյալ Նահանգների նպատակը. Եվ մենք, իհարկե, ոչ մի կերպ չենք ցանկանում չեղարկել Ռուսաստանի ժողովրդին։ Ընդհանրապես, ինչ վերաբերում է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններին, ուզում եմ ընդգծել, որ ԱՄՆ-ը ռուսներին թշնամի չի համարում։ Այնուամենայնիվ, մեր հարաբերությունները գտնվում են ամենացածր կետերից մեկում:

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի մասին

Ռուսաստանը սխալ է մեկնաբանել իրավիճակը Ուկրաինայում 2014 թվականին: Եվ 2022 թվականին իրավիճակը կրկին սխալ է մեկնաբանվել ու շարունակվում է այդպես մեկնաբանվել։ 2013 թվականին Ուկրաինան նայում էր դեպի ԵՄ։ Բայց հետո Ուկրաինայի կառավարությունը հրաժարվեց ԵՄ-ի հետ ասոցացումից: Այս որոշումը բուռն արձագանք առաջացրեց Ուկրաինայում, և Ռուսաստանը 2014 թվականին բռնեց ծայրահեղ ապակայունացման ճանապարհը՝ ապօրինի բռնակցելով Ղրիմը և ապակայունացնելով իրավիճակը Դոնբասում։ Միաժամանակ պետք է նշել, որ այն ժամանակ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին աջակցություն չէր վայելում ուկրաինացիների շրջանում։

Հետ նայելով, ես պարզապես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է պնդել, որ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայի դեմ այն ​​ժամանակ, ինչպես նաև հիմա, ամրապնդել են Ռուսաստանի ռազմավարական անվտանգությունը: Ինչպե՞ս են այն ամրապնդել։ Ի վերջո, սա է այն փաստարկը, որն օգտագործում էր Ռուսաստանը՝ պնդելով, որ մտահոգված է սեփական անվտանգության համար։ Անվտանգության իրավիճակի բարելավում չեմ տեսնում:

Այժմ ուկրաինացիներն էլ ավելի վճռական են տրամադրված ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում: Եվ ոչ միայն ուկրաինացիները, այլև Ֆինլանդիան ու Շվեդիան, երկրներ, որոնք երկար ժամանակ պահպանում էին չեզոք կարգավիճակը: Ֆինլանդիան նոր է միացել ՆԱՏՕ-ին, և մենք ակնկալում ենք, որ հաջորդը կլինի Շվեդիան: Հետևաբար, երբ լսում եմ, թե ինչպես են Ռուսաստանում այս բոլոր գործողությունները բացատրվում անվտանգության նկատառումներով, և հետո նայում եմ ներկա իրավիճակին, չեմ կարող գտնել այն հարցի պատասխանը, թե ինչպես է այս ամենը նպաստել Ռուսաստանի անվտանգության ամրապնդմանը։

Այն մասին, թե ինչպես է Ռուսաստանը սխալ հաշվարկել պատերազմ սկսելով

Ռուսաստանը սխալ հաշվարկ է արել՝ դատելով այն բանից, թե ինչպես որոշեց ներխուժել Ուկրաինա, ակնհայտորեն ակնկալելով, որ ուկրաինացիները կողջունեն ներխուժած զորքերին, իսկ ուկրաինացիները դա չարեցին։ Ուկրաինացիները պատասխանեցին դիմադրությամբ, մենք տեսնում ենք այս դիմադրությունը, դա քարոզչության արդյունք չէ։ Մենք տեսնում ենք, որ ուկրաինացիները կամք են ցուցաբերում պայքարելու և պաշտպանելու իրենց երկիրը։

Ինչն է զարմացրել դեսպանին Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգում

Ռուսաստանն իրավունք ունի իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները որոշել այնպես, ինչպես իրեն հարմար է: Կարծում եմ՝ դժվար է հաշտեցնել ՄԱԿ-ի հիմնադրմանը մասնակցած երկրի իմիջը այն գործողությունների հետ, որոնք անում է այս երկիրը [ՌԴ-ն], հատկապես Ուկրաինայի հետ կապված, և որոնք այնքան հակասում են ՄԱԿ-ի կանոնադրության դրույթներին, որտեղ ասված է, որ «ՄԱԿ-ի բոլոր անդամներն իրենց միջազգային հարաբերություններում պետք է զերծ մնան ուժի սպառնալիքից կամ կիրառումից … ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ»:

Ռուսաստանի իշխանությունների հռետորաբանության մասին

Ես նկատել եմ, որ հաճախ է օգտագործվում «անգլո-սաքսոններ» տերմինը։ Այն ինձ շատ տարօրինակ է թվում։ Շատ միջնադարյան: Չեմ զարմանա, եթե շուտով լսեմ «վարյագների» մասին։ Եվ դա ամենևին չի արտացոլում ԱՄՆ-ի էությունը, որը բազմազգ երկիր է։ Ուստի, ԱՄՆ-ը նկարագրելու համար օգտագործվող լեզվական տեխնիկայի նկատմամբ ամենայն հարգանքով հանդերձ, «անգլո-սաքսոններ» տերմինը շատ տարօրինակ է հնչում։

(Բալթիկ ծագմամբ ժողովուրդ: Երբեմն ասոցացվում են Վիկինգների հետ, ովքեր 9-11-րդ դարերում Արևելյան Եվրոպայի գետերով հարձակվում էին ներկայիս Ռուսաստան, Ուկրաինա և Բելառուս։ Ըստ որոշ հին ռուս հեղինակների Կիևյան Ռուսիայի Ռյուրիկովիչներ իշխանական տոհմի անդամներն ունեին վարյագյան ծագում):

Լրագրող Էվան Գերշկովիչի ձերբակալության մասին

Քաղաքական դրդապատճառներով մարդկանց կամայականորեն կալանավորելու պրակտիկան էլ ավելի կվնասի Ռուսաստանի հեղինակությանը աշխարհում, իսկ դա հեղինակություն է, որն արդեն ազատ անկման մեջ է, հատկապես անցյալ տարի Ուկրաինա ներխուժումից հետո:

Էվանին առաջադրված մեղադրանքներն անհիմն են։ Նա ազատ լրագրող է, ով աշխատում է The Wall Street Journal-ում և ունի լրագրողական հավատարմագրում ՌԴ ԱԳՆ-ից։ Մենք կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը անհապաղ ազատ արձակել նրան։ Մենք նաև կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Փոլ Ուիլանին: Փոլը ավելի քան չորս տարի անօրինական կերպով կալանավորված է Ռուսաստանում: Երկուսն էլ պետք է կարողանան տուն գնալ իրենց ընտանիքների մոտ։

(ՌԴ ԱԴԾ-ն մարտի 30-ի առավոտյան հայտարարեց Եկատերինբուրգում The Wall Street Journal-ի թղթակից, ԱՄՆ քաղաքացի Էվան Գերշկովիչի ձերբակալության մասին: Նա կասկածվում է «ամերիկյան կառավարության շահերից ելնելով» լրտեսության մեջ):

Պատժամիջոցների մասին

Ուկրաինայի դեմ պատերազմը խոշորագույն սխալ հաշվարկ էր Ռուսաստանի համար: Դա թուլացրել է Ռուսաստանը և ստիպել ռուսներին վճարել մի գին, որը ժամանակի ընթացքում միայն կավելանա: Պատժամիջոցներն ու արտահանման վերահսկողության միջոցները միլիարդավոր դոլարների վնաս են հասցրել Ռուսաստանի ֆինանսական հատվածին և լրջորեն դանդաղեցրել երկրի տեխնոլոգիական առաջընթացը։

Սրանք անմիջական վնասներ են, բայց կան նաև երկարաժամկետ վնասներ, որոնք բխում են ապագայում Ռուսաստանում ներդրումներ կատարելու բաց թողնված հնարավորություններից: Իսկ կորցրած հնարավորությունները սովորաբար դժվար է վերադարձնել, գրեթե անհնարին: Ժամանակը հետ չի կարելի շրջել։ Եվ կրկին առաջանում է հիմնական հարցը՝ ինչպե՞ս այս ամենը կօգնի Ռուսաստանի ապագային, նրա զարգացմանը, նրա երիտասարդության ապագային, նրա հաջորդ սերնդին:

Լին Թրեյսիի հետ ամբողջական հարցազրույցը «Կոմերսանտ»-ին կարող եք կարդալ այստեղ:

Բեռնում.....