Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը հեռուստատեսությամբ ընթացած հարցազրույցի ժամանակ ինքնազգացողության վատթարացումից հետո կրկին հայտնվել է տեսախցիկների առաջ՝ տեսակապի միջոցով միանալով Ռուսաստանի աջակցությամբ կառուցված «Աքքույու» ատոմակայանի առաջին ռեակտորի բացման արարողությանը։
20 միլիարդ դոլար արժողությամբ 4800 մեգավատ հզորությամբ այս էլեկտրակայանը կառուցվել է ռուսական «Ռոսատոմ» ընկերության կողմից միջերկրածովյան Աքկույու քաղաքում և թույլ է տալիս Թուրքիային միանալ խաղաղ ատոմային էներգիա ունեցող երկրների խմբին։
Կայանում տեղի ունեցած արարողությունից հետո Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել նախագահ Պուտինի հետ՝ երախտագիտություն հայտնելով ռուս գործընկերոջը՝ Աքքույու ատոմակայանի նախագծի իրականացման գործում ունեցած ներդրման համար։
Հարցին, թե Մոսկվան որևէ բան գիտի՞ Էրդողանի առողջական խնդիրների մասին, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է, որ ինքը ոչինչ չգիտի այդ մասին։
Մինչ այս Էրդողանը երկու օր անընդմեջ չեղարկել էր մայիսի 14-ի խորհրդարանական և նախագահական ընտրություններից առաջ ծրագրված նախընտրական ելույթները։
Հարցումները ցույց են տալիս, որ նախագահի պաշտոնի համար մրցակցությունը շատ բուռն է, և նախագահ Էրդողանը կարող է պարտվել երկու տասնամյակ իշխանության ղեկին մնալուց հետո:
Հինգշաբթի օրը Թուրքիայի նախագահի հաղորդակցության գծով տնօրեն Ֆահրեթթին Ալթունը հերքել է Էրդողանի առողջական խնդիրների մասին սոցցանցերի հաղորդագրությունները՝ չնայած բժշկի խորհրդով նախագահի հրապարակային ելույթները չեղարկելուն:
Նույնը հինգշաբթի ասել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, ում խոսքով, նախագահի մոտ ինֆեկցիոն գաստրոէնտերիտի հետևանքները նվազել են։
Կարծիքներ կային, որ Թուրքիայի 69-ամյա նախագահը կարող էր սրտի կաթված ունենալ սրտի հետ կապված խնդիրների վատթարացման պայմաններում: Պաշտոնյաները ավելի վաղ շատապել էին հայտնել, որ այդ ենթադրությունները կեղծ են, և որ իրականում նախագահը ստամոքսի հետ կապված խնդիրներ է ունեցել, բայց այժմ արդեն լավ է զգում իրեն։
Ինչպիսին էլ լինի Էրդողանի առողջական վիճակը, դժվար թե դա բացասաբար ազդի ընտրություններում նրա շանսերի վրա։
Իրականում պատկերն այնպիսին է, որ նրա կողմնակիցները չեն վախենա իրենց թեկնածուի «ստամոքսի խնդիրներից», այլ կընկալեն պատկերը ճիշտ այնպես, ինչպես նախագահականը փորձում է ներկայացնել իրավիճակը. «Էրդողանը քրտնաջան աշխատում է՝ անվերջ անհանգստանալով երկրի ապագայի համար և նույնիսկ մոռանալով սեփական առողջության մասին»:
Այնուամենայնիվ դեռևս վաղ է խոսելը Էրդողանի հաղթանակի մասին: Նրա վարկանիշը դեռ բարձր է, սակայն հակառակորդ Քեմալ Քըլըչդարօղլուն առաջ է անցել գործող նախագահից։
Պատճառները շատ են, բայց հիմնականներից մեկը տնտեսական ճգնաժամն է, որը փորձագետները իրավամբ անվանում են տեխնածին. դա հենց Էրդողանի տնտեսական քաղաքականության ուղղակի արդյունքն է։ Ավելի շուտ՝ դրամավարկային քաղաքականության վերաբերյալ նրա յուրօրինակ հայացքները։ Դրա հետեւանքով Թուրքիայում թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները, ինչպիսիք են տրանսպորտը և սնունդը:
Եվ հետո տեղի ունեցավ մի բան, որը չհաջողվեց կանխել. Դա երկրաշարժն էր։ Տասնյակ հազարավոր մարդիկ մահացան, ավելի քան մեկ միլիոնը մնաց անօթևան։Էրդողանը և նրա կողմնակիցները փորձում էին ստեղծված իրավիճակի համար մեղադրել կառուցապատողներին, որոնց աշխատանքը չէր համապատասխանել սահմանված անհրաժեշտ չափանիշներին, ինչի պատճառով էլ ավերածությունները այդքան լուրջ էին եղել։
Ոմանք, հիմնականում Էրդողանի ջերմեռանդ կողմնակիցները, ընդունեցին այս բացատրությունը: Սակայն երկրաշարժի հետևանքների վերացման անկարողության և չափանիշներին չհամապատասխանող շինությունների կառուցման համար իշխանություններին մեղադրողների տեկոսային թիվը ավելի մեծ է: Նման մեղադրանքները հնչեցին նաև ընդդիմության կողմից, ովքեր ղեկավարությանը առաջին հերթին մեղադրեցին կոռուպցիայի մեջ:
Երկրաշարժի վնասը, ըստ ՄԱԿ-ի, գերազանցում է 100 միլիարդ դոլարը։
Անկախ նրանից, թե ով կհաղթի նախագահական մրցապայքարում և մեծամասնություն կհավաքի խորհրդարանում, Թուրքիային դժվար ժամանակներ են սպասվում: Հաշվի առնելով երկրաշարժի հետևանքները և երկրում առկա տնտեսական խնդիրները՝ Թուրքիային անհրաժեշտ են հիմնարար բարեփոխումներ շատ ոլորտներում՝ երկրում իրավիճակը կայունացնելու համար։
