17.1 C
Yerevan
31 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 29.05.2023
Գլխավոր » Աջակցել «Հարավային Ադրբեջանի» անկախության շարժմանը. Իսրայելի խորհրդարանը նման կոչով դիմել է երկրի ԱԳՆ-ին
Այլ Լուրեր

Աջակցել «Հարավային Ադրբեջանի» անկախության շարժմանը. Իսրայելի խորհրդարանը նման կոչով դիմել է երկրի ԱԳՆ-ին

Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի անդամները դիմել են երկրի արտաքին գործերի նախարարությանը՝ խնդրելով միջազգային աջակցություն ցուցաբերել այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի» անկախության շարժմանը։ Խոսքը վերաբերվում է Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսային Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան, Արդաբիլ և Զանջան նահանգներում որոշակի ակտիվություն ցուցաբերած անջատողական խմբերին:

Պաշտոնական կոչով 32 պատգամավորներ՝ Քնեսեթի բոլոր անդամների մեկ քառորդը, խնդրել են Իսրայելի ԱԳ նախարարությանը ուշադրություն դարձնել իրանական ընդդիմությանը և «հարավային ադրբեջանցիների դեմ Թեհրանի ռեպրեսիվ ռեժիմի ուժեղացմանը»:

«Նրանք Իրանի ամենամեծ էթնիկ խումբն են՝ ավելի քան 20 միլիոն բնակչությամբ: Ռեժիմը վարում է մշակութային ցեղասպանության քաղաքականություն՝ սահմանափակելով ադրբեջանական փոքրամասնության՝ սովորելու և ժառանգությունը փոխանցելու, իրենց լեզուն սովորեցնելու և նույնիսկ երեխաներին ադրբեջանական անուններով գրանցելու իրավունքները»,-ասվում է փաստաթղթում:

Իսրայելական լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրել հայտարարության հեղինակների կազմին: Նրանց մեկ երրորդը խորհրդարանի ծայրահեղ կրոնական խմբակցությունների ներկայացուցիչներ են, որոնք հազվադեպ են հետաքրքրվում միջազգային քաղաքականությամբ։

Նամակը ստորագրել են նաև կրոնական բլոկի ակտիվ հակառակորդները՝ «Իսրայելը մեր տունն է» կուսակցության և նրա նախկին առաջնորդ, նախկին պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը:

Հիշեցնենք, որ Իրանին և նրա թեոկրատական ղեկավարությանը Իսրայելը լուրջ սպառնալիք է համարում ողջ Մերձավոր Արևելքի համար։ ԱԳ նախարարությանը ուղղված հայտարարությունը ստորագրած Քնեսեթի անդամները կարծում են, որ Հարավային Ադրբեջանի անջատողական շարժումը միջազգային աջակցությամբ լուրջ հարված կհասցնի Թեհրանին, իսկ ահա՝ Հարավային Ադրբեջանը, Բաքվի ռեժիմի հետ միասին կդառնա Իսրայելի դաշնակիցներից մեկը տարածաշրջանում, ուր վերջերս այցելել էր Իսրայելի արտգործնախարար Էլի Կոենը։

Տարեսկզբին Ադրբեջանն առաջին անգամ նշանակեց Իսրայելում իր դեսպան Մուխթար Մամեդովին։ Նա դարձավ Իսրայելում առաջին դեսպանը Ադրբեջանի անկախացումից հետո։ Ադրբեջանի կառավարությունը Թել Ավիվում դեսպանություն բացելու որոշումը կայացրել էր նախորդ տարվա նոյեմբերին։

Իսրայելն ու Ադրբեջանը միջպետական համագործակցությունը զարգացնում են ավելի քան 30 տարի, սակայն հատկապես վերջին շրջանում այն ​​էլ ավելի է ակտիվացել։ Հատկապես Իսրայելցի դիվանագետներն ակտիվ են ադրբեջանական կողմին Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ աջակցման հարցում:

Ադրբեջանական նավթը կազմում է Իսրայելի նավթի ընդհանուր ներմուծման մոտ 40%-ը։ Բացի այդ, քանի որ Ադրբեջանն ուղղակիորեն սահմանակից է Իրանին, Իսրայելի համար այն կարևոր է որպես դաշնակից հետախուզության ոլորտում և հնարավոր ռազմական դաշնակից՝ երկրների միջև հակասությունների սրման դեպքում։

Թեհրանն իր հերթին Իսրայելի հետախուզական ծառայություններին մեղադրում է երկրում իրավիճակն ապակայունացնելու մեջ։ Այդ թվում՝ էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված շրջաններում Թավրիզ քաղաքում հակակառավարական տրամադրություններին աջակցելու համար։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին Թեհրանում 22-ամյա ուսանողուհի Մահսա Ամինիի մահից հետո էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված Իրանի հյուսիսային շրջանները վերածվել էին հակակառավարական ցույցերի գլխավոր կենտրոններից մեկը։

Բեռնում.....