4.1 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » Միգրացիոն խնդիրների վերաբերյալ լավագույն լրագրողական նյութերն արժանացան մրցանակների
Մշակութային

Միգրացիոն խնդիրների վերաբերյալ լավագույն լրագրողական նյութերն արժանացան մրցանակների

 Հայտնի են միգրացիոն ոլորտում «Ճամպրուկ 2019» ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության հաղթողները: Տարբեր անվանակարգերում մրցանակների հանձնման արարողությունը կայացավ դեկտեմբերի 12-ին։ Լրագրողները մրցանակներ ստացան միգրացիոն խնդիրների վերաբերյալ լավագույն հեռուստառեպորտաժ, լավագույն տպագիր հոդված, լավագույն ռադիոռեպորտաժ, լավագույն մուլտիմեդիա ռեպորտաժ, լավագույն լուսանկարչական ռեպորտաժ, ինտեգրման վերաբերյալ լավագույն հաջողված պատմություն, ամենահուզիչ և ամենաօրիգինալ պատմություն անվանակարգերում:

ՀՀ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշեց` ծառայութունը շատ է կարևորում մեդիայում որակյալ բովանդակությունը միգրացիայի մասին: «Առաջին պատճառը միգրացիայի վերաբերյալ հանրության բացասական ընկալումն է: Երկրորդ հանգամանքն այն է, որ մենք կարևորում ենք, որ մեր լրագրողներն ունենան բավարար հմտություններ` ճիշտ լուսաբանելու միգրացիոն խնդիրները: Երբեմն տերմինի սխալ օգտագործումը, թվերի սխալ հասկանալը բերում են նրան, որ հասարակության շրջանում թյուր պատկերացումներ են ձևավորվում միգրացիոն ոլորտի վերաբերյալ»,-ասաց Ղազարյանը:

Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օսթը նկատեց, որ մեդիան մեծ դեր ունի ոլորտում պատկերացումների ձևավորման համար: Նա նշեց,  որ նյութերում մեծ ոգեշնչում է գտել:

Ժյուրին դիտարկել է 81 նյութ: Ժյուրիի անդամ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը նշեց, որ իսկապես բուռն քննարկումներ են ունեցել, եղել են և լավ նյութեր, և մտահոգություններ, ընտրել են լավագույններին:

Միգրացիոն խնդիրների վերաբերյալ լավագույն տպագիր հոդվածը տարբեր ճակատագրերի մասին է, որոնց բոլորին միավորել է կարգավիճակը. նրանք փախստական են: Հեղինակ Անի Գասպարյանը նշեց, որ նյութը, հաղթանակը լրագրողի և միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուի արդյունավետ աշխատանքի արդյունքն է:

Հաղթողներ եղան նաև հատուկ անվանակարգերում`  սիրիահայերի մարտահրավերների և Հայաստանում իրենց ինտեգրման հաջողված պատմությունների, փախստականների ինտեգրման հեռանկարների և հայրենադարձության թեմաներով:

Մրցույթն անցկացվում է միջազգային քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից: Մրցույթի գործընկերներն են ՄԱԿ-ի փախստականների հարցերով  գերագույն հանձնակատարի գրասենյակը և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը: Ծրագիրն իրականացնում է «People in Need» չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի` «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագրի ու ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան` Եվրոպական հանձնաժողովի եւ Չեխիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ:

Բեռնում.....