-1.9 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 28.11.2023
Գլխավոր » Եթե դպրոցը քաղաքականացված չլինի, ապա ինչպե՞ս ենք քաղաքացի կերտում, այլ խնդիր է՝ կուսակցականացված լինելը. Ա. Ալիխանյան
Գիտակրթական

Եթե դպրոցը քաղաքականացված չլինի, ապա ինչպե՞ս ենք քաղաքացի կերտում, այլ խնդիր է՝ կուսակցականացված լինելը. Ա. Ալիխանյան

NewArmenia.am-ը «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի գործունեության և Հայաստանում առկա կրթական խնդիրների վերաբերյալ զրուցել է ճեմարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանի հետ:

— Պարոն Ալիխանյան, «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը Հայաստանի առավել ճանաչված կրթահամալիրներից է: Ինչո՞վ է տարբերվում Ճեմարանի կրթական ծրագիրն այլ հանրակրթական դպրոցների ծրագրերից:

— Միանգամից պատասխանեմ՝ ամեն ինչով և ոչնչով: Ճեմարանը, ինչպես և յուրաքանչյուր հանրակրթական դպրոց, իրականացնում է պետական չափորոշիչները, ամեն ինչով՝ համաձայն կրթական բովանդակային կարգավիճակի, Ճեմարանը նախ աշխատում է իր հեղինակային կրթական ծրագրով, որը միակն է՝ գրանցված և հաստատված հեղինակային իրավունքների գործակալությունում:

1992թ. Կառավարությունը, հաստատելով մեր հեղինակային կրթական ծրագիրը, ամրագրեց, որ պետք է դառնանք Միջազգային բակալավրիատի դպրոց: Մեր երկրում, քանի որ մինչ այդ կրթական օրենսդրություն չկար, իսկ դրա ստեղծումից հետո հստակ ամրագրվել էր, որ միջազգային կրթական ծրագրեր կարելի է իրականացնել միայն ոչ պետական դպրոցներում, իսկ ճեմարանը պետական էր, մենք մեծ դժվարությամբ դարձանք ոչ պետական, և ոչ պակաս դժվարություններ հաղթահարելով, 2012թ.-ից՝ ընդամենը 2 տարում հավաստագրվեցինք իրականացնելու Միջազգային բակալավրիատի (ՄԲ) ծրագրերը: Մինչև այսօր էլ մեր կրթահամալիրը միակն է՝ հավաստագրված ՄԲ հանրակրթական բոլոր երեք ծրագրերով և միակը՝ Ռաունդ Սքվեր կազմակերպությունում. (Ռաունդ Սքվերը դպրոցների համաշխարհային ցանց է, որը սաների մոտ ձևավորում է բարձր քաղաքացիական և բարոյական արժեքներ):

Միջազգային բակալավրիատը ազգային հենքի վրա է կառուցված, որը շատ կարևոր է և լայն հնարավորություններ է ստեղծում հեղինակային ծրագրին ինտեգրելու միջազգայինը և հասնելու լավագույն արդյունքների: Եվ ընդամենը երեք տարի առաջ մի հետաքրքիր դիպվածի արդյունքում էլ կրթահամալիրի անվան մեջ որոշեցի ներմուծել միջազգային բառը՝ հիմքում դնելով համամարդկային արժեքներ կրելու գաղափարը: Երբ մեր սաները՝ ի դեմս աշակերտական խորհրդի իրականացրին ամենարդար և օբյեկտիվ ընտրությունները՝ մշակված ծրագրով, բարձրարվեստ ելույթներով, թափանցիկ քվեարկությամբ, ցույց տվեցին, որ մենք իսկապես հասել ենք մեր կարևորագույն նպատակներից մեկին՝ արժեքային համակարգի ստեղծմանն ու կայացմանը: Հենց այդ ժամանակ էլ հայտարարեցի, որ այսուհետ մենք կկոչվենք միջազգային, որովհետև մենք հայրենասեր մարդկանց ենք կերտում, որոնք ունեն համամարդկային արժեքներ, սկզբունքներ և քաղքացիական դիրքորոշում: Այն լիովին արտահայտում է նաև Ճեմարանի առաքելությունը՝ կերտել ազգային հենքի վրա ձևավորված համամարդկային արժեքներ կրող իսկական մտավորական և քաղաքացի… և մեկտեղում Միջազգային բակալավրիատի գաղափարախոսությունը՝ ձևավորել և զարգացնել բանիմաց և հոգատար երիտասարդներ, ովքեր կստեղծեն ավելի լավ ու ավելի խաղաղ աշխարհ:

— Ի՞նչ սկզբունքի շուրջ է կառուցված միջազգային բակալավրիատի կրթական մեթոդը:

— Գիտեք, դպրոցում ամենակարևորն ինքնակրթվել սովորեցնելն է, ուսուցչի ամենակարևոր ֆունկցիան սովորեցնելը չէ, այլ ուղղություն ցույց տալ և չխանգարել աշակերտին ինքնուրույն մտածել:

Միջազգային բակալավրիատի ամբողջ մեթոդաբանության իմաստը հենց դա է, որ երեխան իր հետազոտությունների և ուսումնասիրությունների միջոցով հասնի խնդիրների լուծմանը: Սա մի մեխանիզմ է, որն ամբողջովին հետազոտական հենքի վրա է ստեղծված: Այս սկզբունքով առաջնորդվելով՝  մենք վերացրեցինք տնային աշխատանք կոչվածը, իսկ հիմքը՝ ոչ թե տանը չաշխատելն էր, այլ հոգեբանորեն վատ ազդեցություն ունեցող տերմինը՝ տնային աշխատանքը, վերափոխել ինքնուրույն աշխատանքի: Մենք փորձում ենք հնարավորինս նվազեցնել ծնողների միջամտությունը՝ ճիշտ կամ սխալ, երեխայի աշխատանքի մեջ, երեխան ինքը պետք է գտնի իր սխալները, հակառակ դեպքում՝ դիմի միայն իր ուսուցչին, որը ճիշտ ուղղորդման ձևը կգտնի: Այսօր, ցավոք, ինքնակրթության բացը դպրոցներում մեծագույն խնդիր է:

Ձեր կարծիքով, ո՞րն է Հայաստանի կրթական համակագի հիմնական խնդիրը և ի՞նչ լուծում ունեք Դուք:

— Խնդրի լուծումը շատ լուրջ ռեֆորմներն են: Ես կարծում եմ, որ կրթությունը ոլորտ չէ, հենց անվանում ենք ոլորտ, դա դիտարկվում է տնտեսության մի ճյուղ՝ դրանից բխող կառավարման մեխանիզմներով: Կրթությունը մեր ամբողջ ոգեղեն և մշակութային աշխարհն է, և չի կարող ղեկավարվել գործադիր կառույցի կողմից: Առաջարկում եմ երկհարկանի համակարգ. վերևի հարկում՝ արժեքային համակարգը ձևավորող և պահպանող բարձրագույն խորհուրդ, որի անդամները կլինեն ազգի մեծերը՝ օրինակ՝ Հենրիկ Հովհաննիսյան, Տիգրան Մանսուրյան, Կարեն Վարդանյան, Արկադի Տեր- Թադևոսյան… նրանք էլ կմշակեն գաղափարախոսությունը, իսկ ներքևի հարկում պետք է լինի այն կառույցը, այս դեպքում՝ նախարարությունը, որը պետք է հետևողականորեն գործի և աշխատանքներն իրականացնելու մեխանիզմներ մշակի: Այս կարևորագույն հարցերը թողած, հիմա էլ ազգովի հայոց լեզվի հարցն ենք քննարկում կամ հայոց պատմության՝ մոռանալով, որ հայոց եկեղեցու պատմությունը հենց ինքնին մեր պատմությունն է կամ եթե ես չընդունվեմ ֆիզիկայի ֆակուլտետ, հայերեն չպե՞տք է իմանամ: Ով հայ է, պետք է հայերեն սովորի կամ իմանա, թող լեզվի կենտրոն բացեն համալսարանում, գնան ինտեսնիվ սովորեն: Սա արդյոք հա՞րց է, որով պետք է զբաղվել այսօր:

Ո՞րն է այն մեխը, իդեան, ինչի շնորհիվ ճեմարանն այսօր ճեմարան է դարձել, այսինքն այն է, ինչ ունենք:

— Մեր գաղափարախոսությունը: Դպրոցը գաղափարախոսությունից է սկսվում, և ես սխալ եմ համարում, որ ասում են դպրոցը քաղաքականացված չպետք է լինի, եթե քաղաքականացված չլինի, ապա ինչպե՞ս ենք քաղաքացի կերտում, այլ խնդիր է՝ կուսակցականացված լինելը, դրանք տարբեր բաներ են: Դպրոցը ամենալուրջ, առաջավոր քաղաքական կառույցը պիտի լինի: Ոչ հեռավոր անցյալում, բոլոր դպրոցները դարձրել էին ընտրատեղամաս, բառիս լայն իմաստով, այսինքն՝ դպրոցները գոյություն ունեին՝ ընտրությունններ իրականացնելու համար: Եվ ինչպիսի լուրջ հմտություններ  է պետք ունենալ, ինչ գաղափարախոսություն է պետք ունենալ, որպեսզի վեր կանգնել այդ ամենից և չծառայել դրան:

-Ունե՞ք  ծրագրեր կամ համագործակցություն, որոնց շնորհիվ կարողանում եք օգնել ճեմարանի շրջանավարտներին  արտասահմանում կրթություն ստանալ:

— Մեր շրջանավարտների 60%-ը դրսում են շարունակում կրթությունը, շատ մեծ ցավով եմ ասում: Բայց մյուս կողմից էլ մեզ մոտ բուհերը գիտեք՝ ինչ վիճակում են, չնչին բացառությամբ, իհարկե, բայց այլընտրանք չի մնում: Ամենամեծ աջակցությունը՝ իհարկե, ճեմարանական լինելն է, որն իր առջև չլուծվող խնդիր չի տեսնում, լավ կրթությունն է, մեր մասնագետները նաև ուղղորդում են ընտրության և ուղղորդման հարցում, բացի այդ, հայտնի համալսարաններում, որտեղ արդեն ունենք սովորող ուսանողներ, միանշանակ այլ կերպ են վերաբերում նոր ճեմարանական դիմորդներին:

Փառք ու պատիվ նրանց, ովքեր սովորում և վերադառնում են, և նաև նրանց, ովքեր կարող է՝ չեն վերադարձել, բայց միշտ հայրենիքի կողքին են, որն ավելի նախընտրելի է, քան լինել այստեղ ու ոչնչով պիտանի չլինել հայրենիքին:

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ ուսանողները բակալավրիական և մագիստրոսական կրթություն կստանան Չինաստանի բուհերում

Անի Գրիգորյան

Արցախից ՀՀ տեղափոխված դպրոցականների և ուսանողների կրթական իրավունքն իրացնելու շուրջ ընթանում են ակտիվ աշխատանքներ

Անի Գրիգորյան

Մեր խնդիրներն այսօր գալիս են նաև ուսուցիչների քիչ պատրաստվածությունից. «Փաստ»

Սերինե
Բեռնում.....