
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը Ամանորն անցկացրեց ընտանիքի հետ` ՀՀ-ում։ Նոր տարվա մյուս դրվագների մասին նա անկեղծացավ Newarmenia.am-ի հետ զրույցում։
_Պարոն Աբովյան, ինչպե՞ս դիմավորեցիք Նոր տարին ու ի՞նչ առանձնահատկություն ունի ձեր Ամանորը։
_Մենք սերնդեսերունդ բնակվել ենք Քանաքեռ համայնքում։ Այն հետաքրքիր թաղամաս է նաև նրանով, որ մինչ օրս այնտեղ մնացել է, այսպես կոչված, տոհմ հասկացողությունը։ Իրականում, հարյուրավոր տարիներ ընկերություն ու բարեկամություն են անում մեր հայրերը, պապերը, նրանց պապերը, հիմա` նրանց ծոռները։ Ամանորի առաջին օրերին մենք իրար հյուր ենք գնում։
_Իսկ շատ եք խմո՞ւմ Ամանորին։
_Չեմ սիրում շատ խմել։ Ոգելից խմիչք սիմվոլիկ եմ օգտագործում` կենացներ ասելու համար, սակայն չեմ չարաշահում։
_Ո՞րն է ձեր ամենասիրելի ուտեստը, որը դեռ մանկուց սիրում եք, ու այն պարտադիր պետք է լինի ամանորյա սեղանին։
_Խոզի բուդ և բլինչիկ։
_Արդյոք փոխվե՞լ է ձեր երազանքն ու սպասելիքը Ձմեռ պապիից։ Դուք հիշո՞ւմ եք դեռ մանուկ հասակից ամենից շատ տպավորված երազանքը, որ կատարվել է կամ` ոչ։
_Իհարկե, կատարվել են երազանքներս։ Հիմա կդժվարանամ հստակ հիշել, սակայն Ձմեռ պապիից ես ինչ ուզել եմ, ինքը կատարել է։
_Կհիշե՞ք մեկը։
_Ինը տարեկան էի, հեծանիվ էի ուզում, օրինակ, ու նա բերեց։
_Դեռ շարունակո՞ւմ եք հավատալ Ձմեռ պապիի գոյությանը և այս տարի և՞ս ունեք երազանք։
_Այո, անպայման. եթե մարդ չի հավատում հրաշքների, ապա դրանք չեն կարող կատարվել։ Իհարկե, այս տարի ևս երազանքներ, ցանկություններ ունեմ, սակայն, ինչպես դուք ասացիք, ավելի վեհ բաներ եմ ցանկանում։ Ուզում եմ, որ բարություն լինի երկրում, զարգանանք տնտեսապես, պատերազմ չլինի, ուզում եմ, որ մեր զինվորները, որոնք հիմա դիրքերում են, անվտանգ, առողջ վերադառնան իրենց տուն, ուզում եմ, որ բոլորս հասնենք մեր երկրի համար այն նպատակներին, որոնց մասին մենք բոլորս երազում ենք։
Ես հավատում եմ, որ այդպես էլ կլինի ու այստեղ ոչ միայն Ձմեռ պապիի գործոնն է, այլև մենք բոլորս` ՀՀ քաղաքացիներս, հասկանանք, որ, ի վերջո, սա այն շանսն է, որ մենք ունենք` որպես պետություն, և այն իրավունք չունենք կորցնելու։ Աշխարհում քիչ ազգեր կան` մոտ 208, որոնք ունեն պետականություն, պետություն։ Ամեն ինչ լավ է լինելու, մի մտածեք։
_Դուք, ի վերջո, կարողացե՞լ եք բացահայտել` ով էր Ձմեռ պապը։
_Ոչ, չեմ կարողացել բացահայտել։ Ես կասկածներ էի ունենում, որ նա իմ հայրն է, հորեղբայր է, սակայն` ոչ, ծնողներս, բարեկամներս միշտ սեղանի շուրջն էին լինում, և Ձմեռ պապն այդ ժամանակ էր գալիս։