«Մենք 2018 թվականի կեսերից որոշեցինք վերանայել ոչ միայն Մարալիկի այլև Հայաստանում ծնունդօգնություն մատուցող բոլոր կազմակերպությունների կարգավիճակը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա տեղեկացրեց, որ ժամանակին տրվում էին նախարարների հրամաններ կարգերի շնորհման՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, որոնց տակ ոչ մի հիմնավորում չկար, այսինքն՝ կար Երևանում ծննդատուն, որ էլի ընդունում էր տարեկան մոտ 200 ծնունդ ու ուներ 3-րդ կարգ, իսկ այդ կարգերը ենթադրում էին ֆինանսական փոխհատուցման տարբերությունները։
«Այսինքն՝ երրորդ կարգի ծննդատունը նույն ծնունդ ընդունելու համար ավելի շատ գումար էր ստանում, քան առաջին կարգինը։ Ու դրա համար կազմվեց մի մեծ հարցաշար, որի մեջ ներառված էին, թե՛ շենքային պայմանները, թե՛ սարքավորումներով հագեցվածությունը, տարատեսակ բաժանմունքների առկայությունը, բժշակական կադրերով հագեցվածությունը, կադրերի մասնագիտական պատրաստվածությունը և ի վերջո ծնունդների քանակը, որովհետև ծնունդների քանակը և ընդհանրապես բժշկական միջամտությունների թիվը ուղիղ համեմատական է այդ ծառայությունների մատուցման որակի հետ։ Դա առողջապահության մեջ այսպես կոչված աքսիոմ է և եթե կա օրինակ որևէ բժշկական կենտրոն, որտեղ որ կատարվում է տարեկան հազար վիրահատություն և կա մեկ այլ բժշկական կենտրոն, որտեղ որ կատարվում են նմանատիպ 100 վիրահատություն, ապա միանշանակ է, որ 1000 վիրահատություն կատարող բժշկական կենտրոնում դրանք ավելի որակյալ են, այնտեղ մահացության դեպքերն ավելի քիչ են, բարդություններն ավելի քիչ են, հիվանդի փրկվելու հավանականությունն ավելի մեծ է։ Հետևաբար, նույնը ուղղակիորեն կիրառելի է ծննդօգնության վրա, որտեղ մենք ունենք երկու խնդիր՝ մանկական մահացություն կանխարգելելու և մայրական մահացություն կանխարգելելու և այս սկզբունքից որոշվեց, որ ամենացածր շեմը դրվելու է 150 ծնունդ, և այդ ամեն ինչն արվել է 2018 թվականին»,-ասաց նախարարաը։
Նա նշեց, որ մի բացառություն էին ընդամենը գրել, որ աշխարհագրական անհասանելիության դեպքում իրենք կարող են թույլ տալ, որ 150-ից ցածր լինի։
Եվ դա այդ երեք կետին էր վերաբերվում, մեկը՝ Բերդն էր, մյուսը՝ Ճամբարակը և երրորդը՝ Մեղրին, մնացած բոլոր դեպքերում հաշվել են մոտակա ծննդատներ հասնելու, թե՛ ժամանակը, թե՛ ճանապարհը, և այն բոլոր դեպքերում, որոնց համար որոշումներ են կայացվել այս տարի, այդ հասանելիությունն ապահովված է։
«Եվ այդ 20 կամ 30 կիլոմետրն ավելի հեշտ հաղթահարելի է, քան մի բարդ դեպքում երեխայի կյանքը փրկելը։ Եվ եթե նույնիսկ մենք գիտենք, որ օրինակ դա ի սկզբանե ծանր հղիություն է, ռիսկային ծնունդ կարող է լինել, կնոջ մոտ հարակից հիվանդություններ կան, մենք հղիին հիմա էլ խորհուրդ ենք տալիս, որ նա ավելի շուտ հոսպիտալացվի ծննդատուն և մենք շատ նմանատիպ դեպքեր ենք ունենում, որ ինքը մնա բժիշկների հսկողության տակ, և ոչ թե պարզապես պահի տակ ծննդաբերությունը տեղի ունենա մի ավելի ցածր մակարդակի ծննդատանը և մենք արդեն ստիպված նորածին երեխային տեղափոխենք ավելի բարձր մակարդակի ծննդատուն, ինչն էլի հղի է անցանկալի հետևանքներով։ Որովհետև մենք ունենք շատ կարճ ժամանակ՝ կյանքը փրկելու։ Եվ մեր այս բոլոր գործողությունները պետք է դիտարկել միայն մանկական ու մայրական մահացությունը կանխարգելելու տեսնակյունից և մենք այստեղ որևէ ֆինանսական տնտեսում չենք անում»,-ասաց Արսեն Թորոսյանը։
Նախարարի խոսքով՝ իրենք որևէ բժշկական հիմնարկի վրա ծախսվող գումարների քչացում չեն անում, որովհետև միևնույնն է այդ գումարները տրվելու են մոտակա այլ բժշկական կենտրոնին։ Նա տեղեկացրեղ, որ օրինակ՝ Մարալիկի դեպքում ամենամոտիկը Արթիկի ԲԿ-ն է, որն ուղիղ 15 կմ է հեռու, Ծաղկահովիտի դեպքում, օրինակ՝ Ապարանի ԲԿ-ն է մոտ, Եղվարդի դեպքում՝ Երևանն է, այսինքն՝ բոլոր ԲԿ-ներին հասանելի մոտիկ ծննդատաներ կան և միայն իր նշած երեքն են, որ իրոք անհասանելի են և նրանց համար մոտակա բժշկական կենտրոնը գտնվում է 70-80 կմ հեռավորության վրա, և իրենք կարող են չուզենալով համակերպվել, որ այդ երեք կետում պահեն ծննդօգնության ծառայությունները։
«Եթե մենք ուզում ենք, որակյալ բժշկական ծառայություններ հենց այն մարդկանց համար, որոնք ճանապարհ էին փակում, միգուցե տեղեկատվության պակասի կամ տեղեկատվության սխալ մատուցման, որի մեջ չեմ բացառում, որ մենք էլ մեղք ունենք պատճառով է, մենք պատրաստ ենք նրանց բացատրել, որ սա հենց իրենց շահերից է բխում և ոչ թե իմ։ Որովհետև ես՝ որպես առողջապահության նախարար, հենց իրենց մասին մտածելով են նման որոշում կայացրել։ Եվ սա իմ անձնական որոշումը չէ, սա մի մեծ պրոցեսի, 1,5 տարի ձգված պրոցեսի արդյունքն է՝ հիմքերով»,-ասաց Արսեն Թորոսյանը։
