Որևէ սցենար ընդհանրապես բացառել պետք չէ, քանի որ անվտանգության խնդրի հետ կապված մենք պետք է մի բան հստակ գիտակցենք, որ բոլոր սցենարներին պետք է պատրաստ լինենք։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Անվտանգության հարցերով փորձագետ, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանն՝ անդրադառնալով հարցին, թե ԱՄՆ-Իրան հարաբերություններն հնարավոր է ազդեն ԼՂՀ հակամարտության կարգավորման վրա՝ վնասելով փխրուն խաղաղությանը։
«Խոսքը ոչ միայն ԱՄՆ -Իրան կոնֆլիկտի մասին է, այլև ընդհանրապես տարածաշրջան բոլոր կոնֆլիկտների։ Մեզ համար առաջնային լինելու է հայկական համայքն Իրանում, Իրաքում, Սիրիայում, Լիբանանում․ սա նշանակում է, որ մի խնդիր արդեն իսկ կա, որն այսպես, թե այնպես մեզ անդրադառնալու է։ Ամեն անգամ նոր սցենար պետք է մշակել, թե ինչպես տեր կանգնել, փրկել, տարհանել և այլն»,- ասաց նա։
Թևան Պողոսյանը կարևոր է համարում տեղեկատվական դաշտի դիմադրողականության բարձրացումը։
«Կան մի շարք ելույթներ, որոնք ուղիղ ՀՀ-ի հետ կապ չունեն, բայց մեր թշնամիների կողմից օգտագործվում են մեր դեմ, այսինքն՝ ցանկացած երկիր, որը ցանկանում է ՀՀ-ին թույլ տեսել, օգտագործում է, և մենք՝ որպես հասարակություն, պետք է սա թույլ չտանք ու դիմադրողականությունը բարձրացնենք»,- շարունակեց Պողոսյանը։
Նա շեշտեց, որ պետք է քննարկել ու հասկանալ փախստականների հարցը։
«Պետք է հասկանալ՝ փախստականների անցումն ինչպե՞ս է կատարվելու, ի՞նչ ազդեցություն կարող է լինել, ի՞նչ տեսակի ագենտներ կարող են անցնել: Մեր սահմանների կառավարումը պետք է շատ ճիշտ անենք՝ թույլ չտալով, որ Հայաստան ներթափանցեն ուժեր, որոնք կարող են խնդիրներ առաջացնել»,-շեշտեց Պողոսյանը:
