«Մեր գնահատականներով ավելի շատ դեէսկալացիայի է գնում և մենք հույս ունենք, որ մոտակա օրերին հանգստություն է լինելու։ Իհարկե մենք միշտ վատթարագույնի ենք պատրաստվում»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով Իրանի շուրջ առաջացած իրավիճակի մասին՝ ասաց ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա նշեց, որ շատ լայնածավալ աշխատանք են կատարել և՛ սիրիկան ճգնաժամի և իրանական ճգնաժամի ընթացքում և կարելի է ասել, որ իրենց ինստիտուցիոնալ կարողություններն են ավելացել։
«Մենք կարողացել ենք մշակել և՛ տարհանման պլան, և՛ ճգնաժամին արձագանքելու պլան, որը կարծում եմ, որ շատ կարևոր առաջընթաց է եղել մեր կառավարման համակարգի համար և որոշակի առումով այս երկու ճգնաժամերից մեր ինստիտուցիոնալ կարողություններն ավելի են հզորացել և մենք ավելի հստակ գիտենք, թե ինչ ենք կատարելու։ Եվ այս առումով էլ մենք մեր դիմակայունությունը պարբերաբար բարձրացնում ենք կառավարման համակարգի և ակնկալում ենք, որ ընդհանուր առմամբ մոտակա շրջանում ավելի շատ կայունունթյուն է լինելու։ Իհարկե մենք ցանկություն ունենք, որպեսզի կոնֆլիկտը հնարավորինս արագ կարգավորվի և մենք ավելի շատ մեր դերակատարությունը տեսնում ենք, որպեսզի երկու կողմի հետ էլ շարունակենք երկխոսությունը և եթե դրա անհրաժեշտությունը լինի, մենք ցանկացած տարբերակի պատրաստ ենք՝ օգնելու, որպեսզի կոնֆլիկտը հնարավորինս մեղմվի»,-ասաց Արմեն Գրիգորյանը։
Վերջինս նշեց, որ տնտեսական անվտանգության առումով էլ մենք որևէ խնդիր չունենք, բոլոր տարբերակները քննարկել են, սննդի անվտանգությունից սկսած մինչև անվտանգության կարևոր ենթակառուցվածքների աշխատանք, իրենք բոլոր այլընտրանքային ճանապարհների լուծումները գտել են։
Արմեն Գրիգորյանը վստահեցրեց, որ իրենք պատրաստ են բոլոր առումներով, իհարկե, եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն։
«Մենք այս պահին ավելի շատ ակնկալում ենք, որ ընդհանուր առմամբ հանգիստ է լինելու։ Տնտեսության առումով 2019 թվականի մեր գրանցած արդյունքները մեզ ինքնավստահություն են տալիս և ավելի շատ կայունություն են կանխատեսում և ոչ միայն կայունություն, այլ ավելի մեծ զարգացում ենք ակնկալում։ Եվ այս առումով կարող եմ ասել՝ ընդհանուր առմամբ դրական են ակնակալիքները»,-ասաց Արմեն Գրիգորյանը։
