Մարալիկի ծննդատան փակման խնդիրը բազմակողմանի է։ NewArmenia.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ Առողջապահության ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը Արտակ Զեյնալյանը։ Նա առաջնային է համարում հասկանալը, թե մարզում ծնունդների քանակը որքան է։
«Պետք է հասկանալ, հղիների քանակն ինչքան է, քանիսն են օգտվում Մարալիկից, նրանցից քանիսն են օգտվում Արթիկից, Գյումրիից։ Այս վերլուծությունը պետք է արվի, քանի որ ասվում է, որ նախորդ տարի 100 ծնունդ է եղել, իսկ դա այդքան էլ արդյունավետ չի, բայց նաև սրա պատճառները պետք է հասկանալ։ Մարալիկի ծննդատան փակման գործընթացը դեռևս նախորդ իշխանությունների ժամանակներից է եղել, նրանք էին իրենց առջև դրել, որ օպտիմալացման շրջանակում փակվի, ու նրանց ուղղորդեն Արթիկ, այսինքն՝ ավելի մոտիկ հիվադանոց»,- ասաց նա։
Զեյնալյանը չի բացառում, որ Մարալիկի ծնդդատնից օգտվողների քանակի քչությունը կարող է պայմանավորված լինել մասնագետների խնդրով։ Նա նկատեց, որ մասնագետների խնդիր կա ՀՀ գրեթե բոլոր մարզերում, քանի որ անհամաչափ է բաշխված ու հիմնական մասնագետները կենտրոնացված են Երևանում։
«Այստեղ հարցը միայն մասնագետները չեն, քանի որ խնդիր կա նաև սարքավորումների հետ կապված, ինչպես նաև հարց է, թե ինչքանով է արտահայտված այդքան մոտիկ տարածքում այդքան ծննդատներ պահելը։ Սրանք վերլուծություններ են, որոնք պետք է արվեն, ու հիմա չեմ կարող ասել, որ եթե մենակ մասնագետի հարց լուծենք, ապա խնդիրը կկարգավորվի։ Կարևոր է, որ բնակչությունը հասանելիության հետ կապված խնդիր չունենա, բայց կարող է այնտեղ մասնագետներ ներգարվելն շատ ավելի թանկ լինի, քան տեղափոխության հարց կազմակերպելը։ Օրինակ՝ կարող են Մարալիկի բժշկական կենտրոնին մեկ շտապօգնության մեքենա տրամադրել, որ հղիներին տեղափոխեն Արթիկ, և սա տնտեսապես ավելի շահեկան լինի»,- շարունակեց Նարեկ Զեյնալյանը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը չի կարող ասել՝ նախարարությունը նման մանրամասն վերլուծություն արել է, թե՝ ոչ։
«Եթե վերլուծել ու հասկացել է, որ որևէ խնդիր չկա, ուրեմն լավ է, եթե արված չէ, ապա կարծում եմ, որ պետք է արվի ու նոր ֆինանսավորման դադարեցման հարց դրվի։ Հանրային դժգոհություն է առաջացել, բայց եթե այս վերլուծությունները ներկայացնեին մասնագետներին ու հանրությանը, կարծում եմ, որ դժգոհություն չէր լինի»,- եզրափակեց Նարեկ Զեյնալյանը։
