«1992 թ. հուլիսի 28-ին, Հոչանց սարի ստորոտում՝ համանուն գյուղի հարավարեւմտյան բլրակի մոտ, հայ ազատամարտիկների մի խումբ ընկավ թշնամու ծուղակը, եւ նահատակվեցին մոտ 20-ը, նրանց թվում մանկավարժ, բանաստեղծուհի Ալվարդ Վարդանյանը, ում անունով է այժմ կոչվում գյուղի հանրակրթական դպրոցը: Այդ օրերին, դրանից հետո հաճախ էինք լսում Հոչանց-Ղոչազ սարի ու գյուղի մասին, որոնց ազատագրումը շատ թանկ արժեցավ մեր ժողովրդի համար եւ կայացավ 93-ի գարնանը: Զուր չէր հերոսների մարտիրոսը, պայքարն ու հերոսացումը Քաշաթաղի տարածքի ազատագրման համար: Սրա շնորհիվ վերստին հայացավ Հայոց ոստանը:
Պատմական անցյալ ունի Հոչանց գյուղը, որի շրջակայքում շատ են հայոց դարավոր գոյությունն այս տարածքում վկայող հուշարձանները՝ եկեղեցիներ, խաչքարեր, ամրոցներ, բնակելի եւ եկեղեցի դարձրած քարայրներ եւ այլն: Հոչանց սարի հարավարեւմտյան կողմի սարալանջերից մեկի վրա պահպանվել է վաղնջական շրջանի ամրացված բնակատեղի՝ դամբարաններով, պատմական փարախներով, այլ շինությունների հետքերով…
Հոչանց գյուղում պահպանվել է սուրբ Ստեփանոս եկեղեցին, որը 17-րդ դարի կառույց է: Այս սրբատունը «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից հիմնանորոգվեց վերջերս: Տարածքի մաքրման աշխատանքների արդյունքում հայտնաբերվեցին 10-ից ավելի խաչքար ու տապանաքար, որոնք խորհրդային տարիներին հողով էին ծածկել քրդաթուրքերը: Հոչանց գյուղի արեւելյան կողմում՝ խոր ու ուղղաձիգ ժայռերով կիրճում պահպանվել է Հոչանցի անապատ-եկեղեցին, որի մասին հիշատակվում է Առաքել Դավրիժեցու «Պատմութիւն» («Գիրք պատմութեանց», «Պատմագիրք») (1969թ.) գրքում:
Առհասարակ՝ Քաշաթաղի շրջանի հատկապես հյուսիսային մասում շատ են նման հուշարձանները՝ հիմնականում անտառներում, եւ տարեցտարի հայտնաբերվում են ու հաստատում հայի՝ դարեր շարունակ այստեղի տեր լինելու մասին»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:
