Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբեյը մեղադրանքներն այն մասին, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» «Boeing-737» ինքնաթիռը խոցվել է իրանական հրթիռով, «մեծ սուտ» և «խաբեբայություն» է անվանել, այդ մասին, «Interfax» լրատվական գործակալության փոխանցմամբ, նա ասել է իրանական «Press TV» հեռուստակայանին:
Իրանի՝ վթարին մասնակցության մասին նախօրեին խոսել էին Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն և Մեծ Բրիտանիայից նրա գործընկեր Բորիս Ջոնսոնը:
«Այն բանից հետո, երբ հայտնի կդառնա, որ այդ մեղադրանքները խաբեբայություն են, որևէ մեկը նման մեծ ստի համար իր վրա պատասխանատվություն չի վերցնի»,-հայտարարել է Ռաբեյը: Նա մեղադրանքներն անվանել է «ԱՄՆ կառավարության հոգեբանական օպերացիա»:
Ավելի վաղ Իրանը ավիավթարի հետաքննությանը մասնակցելու համար հրավիրել էր ԱՄՆ-ին, Կանադային, Ուկրաինային և «Boeing» արտադրող ընկերությանը:
