ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց ապօրինի որդեգրման գործով երեխաներին կորցրած մայրերն ակցիա են իրականացնում։ Մայրերը պահանջում են, որ քրեական գործով անցնող հինգ մեղադրյալների՝ մասանավորպես գործով գլխավոր մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց կիրառվի կալանքը։
Մայրերից Նաիրա Այվազյանը պատմեց, որ իր երեխայի հետ կապված դեպքը եղել է 2017 թ․-ի ապրիլի 2-ին։ Նա ունեցել է տղա երեխա։
«Ինձ խաբելով ասել են, որ երեխաս մահացել է, ասել է մանկաբույժ Գայանե Խաչատրայանը, բայց իմ մայրական բնազդն ինձ ասում է, որ իմ երեխան չի մահացել։ Իմ երեխայի մարմինն ինձ չեն տվել, ինձ տվել են մի կոշիկի տուփ՝ ասելով, որ այդտեղ երեխայիս մամին է կտրտված, սևացած ու նեխած։ 2017 թ․-ի բարձրաձայնել եմ, դիմել եմ ոստիկանություն, գործը կեսից կարճել են, իսկ քննիչն ամուսնուս ասել է, որ վերևներից թույլ չեն տալիս գործը շարունակել»,- ասաց նա։
Վերջինիս խոսքով՝ իր երեխայի ու մահացած երեխայի տվյալները՝ բոյը, քաշը, ուսի լայնությունը և այլն, իրար չի համապատասխանել։
«Հիվանդանոցը մեզ տվել է այլ պարամետրեր, իսկ դատաբժշկականը մեզ տվել է այլ պարամետրեր։ Ինձ ասում են, որ Արշակ Ջերջերյանն հիվանդանոցին ասել է, որ մենք ծանր ֆինանսական վիճակում ենք ու խնդրել է դիակը տանել անտերների գերեզմանոց։ Խնդրում եմ, որ բացահայտեք, թե Արշակ Ջերջերյանն ինչ իրավունք ունի ինչ-որ կառույցից մտնի այլ կառույց, որ դատաբժշկական բան ասի։ Վաճառք է եղել, իմ երեխան չի մահացել»,- շարունակեց Այվազյանը։
Մայրերը պնդում են՝ շարունակելու են իրենց բողոքի ակցիան այնքան ժամանակ մինչև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իրեն չընդունի։
Մայրերից մյուսն էլ պատմեց, որ իր երեխան ծնվել է յոթ ամսական, երեք օր ապրել է, սակայն երեք օրից ասել են,թե մահացել է, մինչդեռ ասել էին, որ շուտով դուրս են գրվելու։
«Ասում եմ դին տվեք, ինձ մի մեխ երեխայի դի են տալիս, բայց իմ երեխան փոքր էր, այդ դին սևացած էր, ինձ ասում են, որ օրգանները հանել են, քանի որ իրենց պետք էր։ Ասեցին, թե աչքիս դու էլ ես հիվանդ, բայց հազար տեղ ստուգվել եմ, ասում են, որ որևէ խնդիր չունեմ»,- պատմեց նա։
Այս պահին դատախազությունից որևէ մեկը դեռևս չի իջել։
Նշենք, որ Գլխավոր դատախազություն արդեն իսկ վերաքննիչ բողոք են ներկայացրել առաջին ատյանի դատարանի այս որոշման դեմ, մասնավորպես նրանցից երեքի՝ այդ թվում Ռազմիկ Աբրահմայանի խափանման միջոցի հետ կապված։
Հիշեցնենք, որ «Վերարտադրողական
առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ»
ՓԲ ընկերության (Հանրապետական ծննդատան) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քրեական օրենսգրքի 167 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի
բաժանելը կամ երեխային փոխելը) եւ 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):
