Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Ալի Աբեձադեն հերքել է մեղադրանքներն այն մասին, որ ուկրաինական «Boeing»-ը կարող է խոցված լինել իրանական հրթիռով: Այդ մասին, «BBC»-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, նա հայտարարել է իրանական հեռուստաընկերության եթերում:
Նախօրդ օրը Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտարարել էր, որ ինքնաթիռի վթարի պատճառը իրանական «երկիր-օդ» դասի հրթիռի հարվածն է եղել:
«Գոյություն ունի լիակատար համաձայնեցում մեր ՀՕՊ համակարգերի և քաղաքացիական ավիացիայի միջև: Քաղավիացիայի և հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատակիցները նստած են կողք-կողքի, այնպես որ՝ նման բան բացարձակապես հնարավոր չէ: Մենք վստահորեն կարող ենք ասել, որ այդ ինքնաթիռին հրթիռ չի դիպել: Ինքնաթիռն ավելի քան մեկուկես րոպե այրվել է թռիչքի ժամանակ, և օդաչուները որոշել են վերադառնալ: Պատճառները, թե ինչու օդաչուները չեն կարողացել կապ հաստատել, կարող են շատ լինել: Առաջին հերթին, նրանք պետք է փրկեին ինքնաթիռը»,- ասել է Աբեձադեն:
Իրանական ավիակարգավորման գերատեսչության ներկայացուցիչ Հասան Ռեզայֆարն էլ հայտարարել է, որ Իրանը կարող է վթարի ենթարկված ինքնաթիռի «սև արկղերի» վերծանման համար խնդրել Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Կանադայի օգնությունը: Նրա խոսքերով, հետաքննությունը կարող է տևել մեկ-երկու տարի:
