Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» գործող օրենքի փոխարեն տեսալսողական ծառայությունների մատուցման վերաբերյալ նոր օրենքի մշակման անհրաժեշտություն է տեսնում: Այս մասին Հակոբյանն ասաց հունվարի 16-ին Ազգային ժողովում ընթացող տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում:
«Մենք ունենք օրենքը, որը շատ թույլ է կարգավորում իրավահարաբերություններն այս մեդիաոլորտում, չի տալիս ազգային տեսալսողական դաշտի սահմանումը, չի նպաստում հեռուստաընկերությունների զարգացմանը: Պետք է մշակել մի նոր օրենք, որը պետք է կարգավորի ոչ թե հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը, այլ տեսալսողական ծառայությունների մատուցումը: Այդ օրենքը ոչ թե պետք է կոչվի «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենք, այլ հեռարձակման մասին կամ տեսալսողական ծառայությունների մատուցման կամ մատուցողների մասին: Ամբողջ աշխարհը տեխնիկական վերահսկողությունից անցում է կատարում բովանդակային վերահսկողությանը»,- ասաց Հակոբյանը:
Տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումները կազմակերպվել են Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ:
