
Հունվարի 23-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի
գլխավորությամբ տեղի է ունեցել Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական
վարչության 2019 թվականի գործունեության ամփոփումը, որին մասնակցել է Փրկարար
ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանը:
Ամփոփմանը ներկա էին նաև Արարատի պետական մարմինների տարածքային ստորաբաժանումների
ներկայացուցիչներ, ԱԻՆ Արարատի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները,
մարզպետարանի աշխատակիցներ, այլ պաշտոնատար անձինք:
Արարատի մարզային փրկարարական վարչության 2019 թվականի գործունեության հաշվետվությունը ներկայացրեց վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանը:
2019 թվականին Արարատի մարզում գրանցվել է 1475
արտակարգ դեպք (2018 թ.` 790), որոնց հետևանքով զոհվել է 27 (2018 թ.` 25),
մարմնական վնասվածքներ է ստացել 436 մարդ (2018 թ.` 274):
2019 թվականի ընթացքում՝ 2018 թվականի համեմատությամբ, մարզում գրանցված արտակարգ
դեպքերը աճել են 685-ով կամ 87 %-ով, զոհերի թիվը աճել է 2-ով, վիրավորների թիվը
աճել է 162-ով կամ 59%-ով:
Գրանցված դեպքերից 974-ը տեխնածին են, որը կազմում է ընդհանուր դեպքերի 66%-ը (2018
թ.` 432), որոնց հետևանքով զոհվել է 27 մարդ, (2018 թ.` 23), վիրավորվել` 108
մարդ, որը կազմում է ընդհանուր տուժածների 24.7%-ը (2018 թ.` 88):
Տեխնածին բնույթի արտակարգ դեպքերը աճել են 542-ով կամ 125%-ով, զոհերի թիվը աճել
է 4-ով, վիրավորներինը աճել է 20-ով կամ 18.5%-ով: Գրանցված տեխնածին արտակարգ
դեպքերից 896-ը (92%) հրդեհների դեպքերն են (2018 թ.՝ 363), հրդեհների թիվը
մարզում աճել է 533-ով (147%):
Հաշվետու ժամանակահատվածում ԱԻ նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության գործունեությունն ուղղված է եղել մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը:
Արարատի մարզային փրկարարական վարչությունը
իրականացրել է աշխատանքներ քաղաքացիական պաշտպանության և բնակչության
պաշտպանության համակարգերի նախապատրաստման, արտակարգ իրավիճակների և դեպքերի
արձագանքման արդյունավետության բարձրացման , մարդկանց կյանքի և առողջության
պահպանման, արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ու հետևանքների նվազեցմանը
միջոցառումներին մարզի բնակչության ներգրավման ապահովման ուղղությամբ, ինչպես նաև
իրականացվել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական
պաշտպանության հարցերի հրապարակայնությունը ապահովելու, արտակարգ իրավիճակներում
բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով ղեկավար
մարմինների և բնակչության ուսուցման կազմակերպման և իրականացման, կանխարգելիչ
միջոցառումների իրականացման, հրշեջ-փրկարարական ուժերի պատրաստականության
բարձրացմանն ուղղված աշխատանքներ:
Հաշվետու ժամանակահատվածում ուսումնասիրվել և առաջարկություններ են ներկայացվել
մարզի գետերի, հեղեղատարների վտանգավոր հատվածների և այդ հատվածներում կանխարգելիչ
միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:
Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային
փրկարարական վարչության կողմից հաշվետու ժամանակահատվածում հիմնական
միջոցառումների պլանով նախատեսված միջոցառումները կատարվել են ամբողջությամբ:
Գնդապետ Մուրադ Մարգարյանի խոսքով, անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցություն հաստատել համայնքների, կազմակերպությունների ղեկավարների ու մարզային փրկարարական վարչության միջև, ինչպես նաև աստիճանաբար թարմացնել ստորաբաժանումների հրշեջ-փրկարարական ավտոմեքենաների պարկը:
Գնդապետ Մարգարյանը հավաստիացրեց, որ Արարատի մարզային փրկարարական վարչությունը պատրաստ է կատարելու իր առջև դրված խնդիրները: