Սեպտեմբերի 10-ին հայտնի դարձավ այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հեռացվել է աշխատանքից: Ըստ «РИА Новости»-ի՝ նախագահը հայտարարել է, որ Բոլթոնի՝ Հյուսիսային Կորեայի հետ լիբանանյան մոդելով աշխատելու գաղափարը ճիշտ չէր: Գործակալությունը նշում է, որ Բոլթոնին հեռացնելը տեղի ունեցավ Թրամփի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հնարավոր հանդիպման մասին ԱՄՆ-ի հայտարարությունների ֆոնին:
Միևնույն ժամանակ, «Washington Post»-ը գրում է, որ Թրամփի խոսքով՝ Բոլթոնը սխալներ էր թույլ տվել նաև Վենեսուելայի և Իրաքի հետ ԱՄՆ-ի քաղաքականության համատեքստում: ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնի համար ներկայումս դիտարկում է 5 «բարձր որակավորում ունեցող մասնագետների» թեկնածությունը:
«Независимая газета»-ի հետ զրույցում «Ատլանտյան խորհուրդ» միջազգային հարաբերություններում մասնագիտացված ամերիկյան վերլուծական կենտրոնի փորձագետները կարծիք են հայտնել, որ Բոլթոնի պաշտոնը կարող է զբաղեցնել Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները: Ինչպես շեշտում է հոդվածի հեղինակը, Քուշների թեկնածությունն ամենևին ֆանտաստիկ չի թվում, քանի որ ԱՄՆ-ի և թալիբների միջև բանակցությունների ձախողումը խոսում է այն մասին, որ Թրամփը չի կարողացել իրականացնել իր նախընտրական խոստումներից մեկը՝ 18 տարի Աֆղանստանում գտնվող ամերիկացի զինվորներին վերադարձնելը, իսկ պաղեստինա-իսրայելական կարգավորման պլանը, որով զբաղվում է Քուշները, կարող է անհրաժեշտ լինել Թրամփին որպես նոր նախընտրական գործարք:
RT-ի ռուսական ծառայությունը Բոլթոնի հեռանալու համատեքստում անդրադարձել է իրանա-ամերիկյան հարաբերություններին՝ նշելով, որ բազմաթիվ վերլուծաբանների դիտարկմամբ՝ Սպիտակ տան քաղաքականությունն Իրանի հանդեպ ավելի ճկուն կդառնա ՝ չնայած նրան, որ բավականին դժվար է Իրանի և ԱՄՆ-ի կոշտ առճակատումից ելք գտնել:
«Forbes»-ը նշում է, որ ակնհայտորեն Դոնալդ Թրամփին պետք չեն վառ առաջնորդներ. նրա թիմը պետք է միայն իր համար աշխատի, իսկ քաղաքական առաջնահերթությունները միայն ինքն է որոշելու, իսկ Բոլթոնն այդ առումով բացառություն է՝ լինելով ինքնուրույն ու հայտնի: Ըստ այդմ՝ կայքը եզրակացրել է, որ Բոլթոնին փոխարինողը նրանից կտարբերվի ամեն ինչով և, առաջին հերթին, հանրային դեմք չի լինի:
«Радио Свобода»-ն իր հերթին անդրադարձել է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններին՝ շեշտելով, որ Բոլթոնի հեռանալուց հետո Վաշինգտոնի քաղաքականությունը Մոսկվայի հանդեպ դժվար թե էական փոփոխություններ կրի:
