Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայանալիք Ռոբերտ Քոչարյանի և այլոց դատական առաջին նիստին ներկա են նաև ՀԱԿ վարչության անդամները՝ փոխնախագահներ Արամ Մանուկյանի եւ Լևոն Զուրաբյանի գլխավորությամբ: Մինչ դատական նիստի մեկնարկը Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շատ կարևոր է՝ Ռ. Քոչարյանի և այլոց մեղադրական եզրակացությունը կարդացվի: «Մեր ժողովուրդն արդյունքում կստանա իրական պատկերը, թե ինչ է կատարվել այդ օրը, թեև շատ լավ էլ գիտի՝ ինչ է եղել, սակայն երբ արդեն քննված, ստուգված մեղադրական եզրակացություն է կարդացվում, այդ ժամանակ ամբողջ ճշմարտությունը հանցագործության մասին դառնում է հասանելի՝ կոնկրետ ով, ինչ է արել, ինչ է հրամայել»,-նշեց նա:
Ի դեպ, 11 տարի առաջ այս նույն դատարանում տեղի էին ունենում մարտի 1-2-ի գործով քաղբանտարկյալների դատական նիստերը: Այսօրվա դատական նիստին ներկա են նաեւ մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները:

