«Իմ տպավորությամբ պաշտպանության կողմը նպատակ ունի ձգձգել դատավարությունը»,- այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո մեզ հետ զրույցում ասաց, գործով տուժող ճանաչված Գայանե Ղազարյանը։
Նրա խոսքով` ինքն այդ տպավորությունն ստացավ պաշտպանական կողմի այսօրվա միջնորդություններից և ակնարկներից, թե հետագայում ինչ միջնորդություններ են լինելու։ Գայանե Ղազարյանի կարծիքով՝ այնուամենայնիվ, գործի բուն քննությանը կհասնեն բավականին ուշ։
Խոսելով նաև Քոչարյանի աջակիցների քանակի մասին՝ Ղազարյանն ասաց, որ երբ 2008 թվականին իրենք ընդդիմություն էին և չափազանց վտանգավոր էր ընդդիմադիր կեցվածքն, այդ ժամանակ իրենք կարող էին խոսել իրական ընդդիմության աջակցության մասին։
«Այս իրավիճակում, երբ իրենց ոչ ոք մատով չի կպնում և Քոչարյանի աջակիցների նկատմամբ որևէ վտանգավոր գործողություն չի կատարվել և արդեն տևական ժամանակ ընթացող դատական գործընթացի ընթացքում ինքը հաջողացրել է ընդամենն այս քանակի մարդ հավաքել իր հետևում, ուրեմն դա նշանակում է, որ հենց այսքանն են, որքան որ տեսնում ենք փողոցում։ Երևի մի քանի ընկեր, հարազատ էլ գումարած, որոնք երես էլ չունեին ներկայանալու»,- ասաց Գայանե Ղազարյանը։
2008 թվականի դեպքերից հետո իրեն որպես տուժող չներգրավելու վերաբերյալ՝ Գայանե Ղազարյանն ասաց, որ 2008 թվականին դեպքերից 26 օր անց կանչվել է դատաբժշկական փորձաքննության, որից հետո տվել է ցուցմունքներ և ակնկալել է, որ պետք է ճանաչվի տուժող, բայց իր գործը «սառեցվել է, մեռցվել է»։
«Ես ծանուցվել եմ այն մասին, որ մեղավորները չեն գտնվել։ Իմ ցուցմունքներն այն ժամանակ լիովին անտեսվել են։ Իսկ նոր գործով ես կրկին կանչվել եմ ցուցմունք տալու և այդ ժամանակ միայն ճանաչվել եմ որպես տուժող»,- հավելեց Գայանե Ղազարյանը։
