Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց Նորքի զինված խմբի գործով կալանավորված Արթուր Վարդանյանին։
Այդ մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Վարդանյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը, որն էլ և դատարանին ներկայացրել էր իր պաշտպանյալին գրավով ազատ արձակելու միջնորդությունը: Հիշեցնենք, որ Արթուր Վարդանյանը մոտ 4 տարի է գտնվում է կալանքի տակ և ունի բազմաթիվ առողջական խնդիրներ:
Արայիկ Պապիկյանի խսքով՝ դատարանն այս անգամ օբյեկտիվ քննեց գործը, բացի դա նաև դատավոր էր փոխվել, նախկին դատավորը՝ Բեկթաշյանը վերջին նիստը հունիսի 14-ին էր արել, այսինքն մոտ երեք ամիս էր նիստ չէր եղել:
«Ընդ որում, երեք հատ միջնորդություն էինք ներկայացրել, լավ էր դատարանն այսօր միջնորդությունը բավարարեց, խափանման միջոցը փոխեցին և նրան դատարանի դահլիճից ազատ արձակեցին: Վաղուց պետք է անեին: Նա բավականին շատ առողջական խնդիրներ ունի, սրտի, մաշկային խնդիր, ճնշում։ Նրա օրգանիզմի ջերամստիճանը երբեք նորմայում չի՝ միշտ բարձր է: Նույնիսկ վերջերս ուղեգրով նրան տեղափոխել էին քաղաքացիական հիվանդանոց՝ բուժման․ այնտեղ հրաժարվել էին ընդունել: Գոնե հիմա խափանման միջոց փոխելուց հետո նա կարող է իր առողջությունը վերականգնել»,- ասաց Արայիկ Պապիկյանը:
