Ինչպես փոխանցում է ABC-ն, ԱՄՆ-ում տեղի է ունեցել Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնի հավակնորդների երրորդ համազգային բանավեճը, որի մասնակիցները քննարկել են զենքի շրջանառության հսկողության, բժշկական ապահովագրության, գլոբալ կլիմայական փոփոխությունների խնդիրները, ինչպես նաև ՉԺՀ-ի հետ առևտրի և Աֆղանստանում իրականացվող քաղաքականության հարցեր:
Սենատոր Էլիզաբեթ Ուորենն ընդգծել Է, որ երկրում հրազենի օգտագործման հետ կապված բռնության մթնոլորտ Է տիրում, ամերիկացիների 90 տոկոսը պաշտպանում Է զենքի վաճառքից առաջ մանրակրկիտ ստուգումներ անցկացնելու գաղափարը և հանդես Է գալիս հօգուտ այն բանի, որ ավտոմատ զենքն անհետանա քաղաքների փողոցներից: Սենատորի խոսքով՝ զենքի շրջանառության նկատմամբ հսկողության գործող միջոցներն արդյունք չեն տալիս զինագործական լոբիի ազդեցության պատճառով, և պետք Է քայլեր ձեռնարկել զենք արտադրող ընկերությունների նկատմամբ:
Սենատոր Էմի Քլոբուշարy նշել է, որ եթե միջազգային առևտրի բնագավառում Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայիս քաղաքականությունը շարունակվի, ապա դա վնաս կհասցնի երկրին, և անհրաժեշտ է վերադառնալ Չինաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ:
Սենատոր Էլիզաբեթ Ուորենն, անդրադառնալով ԱՄՆ-ի քաղաքականությանն Աֆղանստանում, շեշտել է, որ Աֆղանստանում գտնվող ամերիկյան զորակազմը «չի կարող լուծել այն խնդիրները, որոնք ծառացած են այդ երկրի առջև»: Նրա կարծիքով՝ աֆղանական խնդրի լուծումը հնարավոր Է միայն Եվրոպայում և Ասիայում բոլոր դաշնակիցների հետ ԱՄՆ-ի համագործակցությամբ:
Նախագահի թեկնածուի հավակնորդները նշել են նաև, որ ԱՄՆ-ում ռասիզմի և ատելության դրսևորումների հողի վրա հարձակումների ու սպանությունների դեպքերը հաճախակի են դարձել Թրամփի վարած քաղաքականության պատճառով: «Սպիտակ տունը ղեկավարում է մի մարդ, որը մշտապես բարձրաձայնում է եվրոպոիդ ռասայի գերազանցության վերաբերյալ իր համոզմունքը. նա մեծ սպառնալիք է ներկայացնում այս երկրի այլ ռասաների ներկայացուցիչների համար»,- հայտարարել է Տեխաս նահանգից ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Բետո Օ’Ռուրկը:
Նշենք, որ Դեմոկրատական կուսակցության բանավեճերը տեղի են ունենում 2020 թ. նախագահական ընտրություններին ընդառաջ: Հեռուստաբանավեճերից բացի, կուսակցության Ազգային կոմիտեն մտադիր Է նման ևս երեք միջոցառում անցկացնել մինչև տարվա վերջ ու ևս վեցը՝ 2020 թ. հունվար-ապրիլ ընկած ժամանակահատվածում: 12 հեռուստաբանավեճից բաղկացած ցիկլը կավարտվի փետրվարին՝ նախընտրական արշավի մեկնարկից առաջ:
