Առնվազն զավեշտալի և իրականության հետ որևէ առնչություն չունեցող խոսակցություններ են․ այսպես է գնահատում «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն այն լուրերը, թե իրենց քաղաքական ուժի ներսում խմորումներ են, չի բացառվում, որ ուժը պառակտվի և որոշ ներկայացուցիչներ հեռանան: «Նման լուրերի տարածումը ձեռնտու է հայտնի շրջանակներին, որոնք փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ և հանրության մոտ ստեղծել ընկալում, թե կառավարող ուժն ունի խնդիրներ, ըստ այդմ՝ թույլ է։ Սակայն սիպված եմ նրանց հիասթափեցնել։ Նրանց ջանքերը ապարդյուն են»,- նկատեց նա։
Շատ է խոսվում հատկապես Ամուլսարի խնդրի շուրջ քաղաքական ուժի ներկայացուցիչների տարբեր վերաբերմունքի մասին ու հենց այդ հողի վրա ծագող տարաձայնությունների մասին: Արուսյակ Ջուլհակյանը նորմալ և առողջ գործընթաց է համարում դա: «Մեր քաղաքական ուժի ներսում ցանկացած միջին և, բնականաբար, ավելի բարձր կարևորության հարցերի առնչությամբ լինում են բուռն և բովանդակային քննարկումներ, որոնց արդյունքում է, որ հանգում ենք կոնսենսուսի։ Ճշմարտության հասնելու ավելի արդյունավետ ուղի, քան թիմում առողջ բանավեճն ու քննարկումն են, կարծում եմ, քաղաքակիրթ աշխարհը դեռ չի ստեղծել։ Հետևաբար, տարաձայնությունների մասին խոսելն ուղղակի ավելորդ է։ Բազմակարծությունը տարաձայնության հետ շփոթելը կա՛մ միամտություն է կա՛մ դիտավորություն»,-հավելեց նա:
