Եղվարդի ծննդատունը չի փակվելու, այն գործելու է, նախատեսված են վերանորոգման, վերազինման աշխատանքներ: «Արմենպրես»—ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
«Ծննդատան շենքի չափագրման աշխատանքներն արդեն ավարտվել են: Ծննդօգնության բաժանմունքը, ծնարանը, կանանց կոնսուլտացիոն բաժինը, ամբողջ նախասրահը վերանորոգելու ենք ժամանակակից չափորոշիչներով, վերազինելու ենք ամբողջական գույքով: Առաջիկայում օրենքով սահմանված կարգով կհայտարարվի մրցույթ, կկատարվի կառուցապատող ընկերության ընտրություն, աշխատանքները կմեկնարկեն կապալառուի հետ պայմանագիրը կնքվելուց հետո»,-ասաց Ռոմանոս Պետրոսյանը:
Մարզպետը տեղեկացրեց, որ աշխատանքների մի մասը լինելու է սեփական խնայողությունների հաշվին: Դիմելու են նաև բարեգործների, Սփյուռքի մեր հայրենակիցների օգնությանը՝ հատկապես առանձին սարքավորումների վերազինման համար:
«Ծննդատունն այս ընթացքում չի դադարեցրել աշխատանքները, պետպատվերը գործում է: Այս երկու ամսում ունեցել ենք երկու տասնյակից ավելի ծնունդ: Դա, իհարկե, քիչ է, սակայն լիահույս եմ, որ բժշկական հաստատությունը, ամբողջությամբ բարեկարգելով, վերազինելով, կդառնա տարածաշրջանի, հարակից 18 գյուղերի համար կարևոր կենտրոն»,-ասաց մարզպետը: Նա նշեց, որ առավելագույնն աշնան սկզբին ծննդատան բարեկարգման աշխատանքներն ավարտված կլինեն:
