4.1 C
Yerevan
6 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 05.12.2023
Գլխավոր » ՀՀ-ում Մեքսիկայի հյուպատոսությունը ուսուցողական դասախոսությունների շարք է կազմակերպել Երևանում
Քաղաքականություն

ՀՀ-ում Մեքսիկայի հյուպատոսությունը ուսուցողական դասախոսությունների շարք է կազմակերպել Երևանում

Մեքսիկայի պատմության, մշակույթի, ավանդույթների և սովորույթների նկատմամբ ուսանողների հետաքրքրությունը մեծացնելու նպատակով ՀՀ-ում Մեքսիկական Միացյալ Նահանգների պատվավոր հյուպատոսության նախաձեռնությամբ Երևանում Մեքսիկային նվիրված դասախոսություն անցկացվեց:

Այն տեղի ունեցավ մարտի 11-ին Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում: Այն վարեց Ուրուգվայի հյուպատոսի կինը` Անա Պաուլա Գարսիա Սելիսը:

«Մեքսիկական Միացյալ Նահանգների պատվավոր հյուպատոսությունը Հայաստանում իր դռներն է բացել անցյալ տարի: Այդ կապակցությամբ կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ`ցուցահանդեսներ, ֆիլմերի փառատոն: Հետաքրքիր նախաձեռնություններ են իրականացվել ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում: Մեր նպատակը Հայաստանում Մեքսիկայի պատմությունը, լեզուն, մշակույթն ու ավանդույթները առավել ճանաչելի դարձնելն է»,-նշեց ՀՀ-ում Մեքսիկայի պատվավոր հյուպատոս Նիկոլայ Կոստանդյանը:

Նրա խոսքով`դասախոսությունը նույնպես այդ նպատակով իրականացվեց: Մարտի 12-ին նման միջոցառում կլինի ԵՊՀ-ում, իսկ կանանց տոների կապակցությամբ շուտով «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվելու է «Ներքին պայքար» փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում է այն մասին, թե ինչպես են Մեքսիկայում ապրող կանայք, որոնք բազմաթիվ դժվարությունների միջով են անցել, կարողանում հաղթահարել բոլոր անջրպետներն ու առաջ նայել:

Անա Պաուլա Գարսիա Սելիսը, որը մեծ սիրով ներկայացրեց դասախոսությունը, ասաց, որ իրեն շատ է դուր գալիս խոսել Մեքսիկայի մասին, որով հպարտանում է: Կարող է նաև դասախոսություններ վարել մարդու իրավունքների և այլ թեմաների շուրջ, որոնց տիրապետում է: «Ինձ համար շատ հաճելի էր այս միջոցառումը, որովհետև ուսանողներն ուշադրությամբ էին լսում ինձ, ժպտերես էին և հետաքրքրված: Երևանում նման ելույթով առաջին անգամ եմ հանդես գալիս, բայց հնարավորության դեպքում մեծ սիրով կզրուցեմ ուսանողների հետ` անդրադառնալով նաև այլ հարցերի»,-շեշտեց նա:

Հյուպատոսի կինը շատ է կարևորում Մեքսիկայի մշակույթն աշխարհում տարածելը: Հիմա փորձում է նաև Հայաստանն ավելի ճանաչելի դարձնել այնտեղ:

Անա Պաուլա Գարսիա Սելիսը խոստովանեց, որ Մեքսիկայում ամենաշատը սիրում է այն տունը, որտեղ ապրում է, և կարծում է, որ դա բնական է, քանի որ տանը մեծ ջերմություն ու սեր կա: «Կան բազմաթիվ վայրեր, որոնք ուշագրավ են. դժվարանում եմ առանձնացնել որևէ մեկը: Եթե խոսենք սննդից, ապա պետք է նշեմ, որ Մեքսիկայում միայն մեկ կերակրատեսակ կա, որն առանձնապես ինձ դուր չի գալիս, բայց անունը չեմ բարձրաձայնի»,-անկեղծացավ հյուպատոսի կինը:

Անա Պաուլան հավանում է Հայաստանը և կարծում է, որ հետաքրքիր է մեր երկրի կլիման, տարվա եղանակները, որոնք հստակ ընդգծված են, սիրում է ծաղիկները, ձյունը, համեղ ուտեստները: Միակ դժվարությունը հայերեն չիմանալն է:

Դասախոսությանը ներկա էին համալսարանի իսպանախոս ուսանողներն ու դասախոսները:

Երրորդ կուրսի ուսանողուհի Լուսինե Ավետիսյանի համոզմամբ` նման հանդիպումները ուսանողներին մոտիվացնում են ավելի լավ սովորել, ծանոթանալ այս կամ այն երկրի մշակույթին, ձգտել լինել տվյալ երկրում: «Դասախոսությունների միջոցով հաղորդակցվելով երկրի ներկայացուցչի հետ` ճանաչում ենք նաև մարդկանց բնավորությունը, մտածելակերպն ու ապրելակերպը»,-նշեց Լուսինեն և հավելեց, որ Անա Պաուլա Գարսիա Սելիսն իրենց է այցելում երկրորդ անգամ:

Բեռնում.....