12.1 C
Yerevan
17 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 16.05.2023
Գլխավոր » «Հորիզոն 2020» ծրագրի տարեկան վճարը 75 տոկոսով զեղչվել է ՀՀ համար․ Վ․ Սահակյան
Քաղաքականություն

«Հորիզոն 2020» ծրագրի տարեկան վճարը 75 տոկոսով զեղչվել է ՀՀ համար․ Վ․ Սահակյան

ԵՄ հետ համագործակցության «Հորիզոն 2020» ասոցացված պայմանագիր կնքվում է այն երկրների հետ, որոնք ունեն լուրջ գիտություն։ Այս մասին Newarmenia.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը, որը հիմնականում զբաղվում է հենց այդ հարցերով։

«Պայմանագիրը երկուստեք օգտակար է։ Ասոցացումը մեզ, նախ, հնարավորություն է տալիս մասնակցել  «Հորիզոն 2020»-ի շրջանակային ծրագրի գրեթե բոլոր մրցույթներին, բացառությամբ մեկ-երկուսի, և մենք վստահ ենք, որ ավելի բարձր մակարդակի կհասցնենք մեր գիտության միջազգայնացումը, հնարավորություն կունենանք մասնակցելու համաշխարհային մասշտաբի գիտափորձերին, մեր գիտական համայնքն էլ  հնարավորություն կունենա օգտագործելու միջազգային ամենաբարձր մակարդակի հետազոտական հնարավորությունը, ենթակառուցվածքը»,- ընդգծեց նա:

Եվրամիության հետ համագործակցության «Հորիզոն 2020»-ի շրջանակային ծրագրին ՀՀ-ն անդամակցել է 2016թ.` որպես ասոցացված անդամ։ Պայմանագիրը կնքվել է մայիսի 19-ին, ԱԺ-կողմից հաստատվել՝ հոկտեմբերին, ուժի մեջ մտել՝ նոյեմբերին:

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 12-ի նիստում հաստատել է «Հորիզոն-2020 հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» արտաբյուջետային հաշվի միջոցների 2019թ. ծախսերի նախահաշիվը: Ըստ որի` ՀՆԱ-ի գործակցով` 2019թ. համար ՀՀ ֆինանսական ներդրման չափը կազմել է 989 մլն 813 հազար դրամ, որի 50 տոկոսը (494 մլն 906 հազար դրամ) կարող է ֆինանսավորվել ԵՄ արտաքին օգնության միջոցների հաշվին: Բացի այդ, Գիտության կոմիտեի` այդ նպատակով բացված արտաբյուջետային հաշվին առկա է 6 մլն 149 հազար դրամի մնացորդ: Այս տարվա ֆինանսական միջոցները ծախսելու համար հաստատվել է նախահաշիվ` նախատեսվող ներդրման և առկա մնացորդի հանրագումարի չափով՝ ընդհանուր՝ 501 մլն 56 հազար դրամ:

Վարդան Սահակյանի կարծիքով` մենք հնարավորություն կունենանք ավելի շատ ինտեգրվել եվրոպական հետազոտական տարածքի հետ: «Բացի այդ, ասոցացման շրջանակներում հնարավորություն ունենք զբաղվել ռեգիոնալ  գիտական և գիտատեխնիկական պրոբլեմներով, նկատի ունեմ նաև երկրների ավելի լայն համագործակցության շրջանակում՝ Ուկրաինա, Մոլդովա,  Բելառուս և Հայաստան ու Վրաստան: Ասոցացման շրջանակներում մենք սպասում ենք եվրոպական բարձր մակարդակի հանձնաժողովների կամ կառույցների կարծիքը Հայաստանի Հանրապետության գիտական գործունեության պլանավորման, ծրագրերի ներդրման վերաբերյալ և այդ ուղղությամբ աշխատանքներ ենք ծավալում: Ու նաև սպասում ենք, որ ավելի մեծ ֆինանսական հոսքեր կապահովենք Հայաստան, քան մեր վարձավճարն է, որն,  ըստ պայմանագրի, Հայաստանի դեպքում զեղչվելու է 75 տոկոսով։ Մնացած 25 տոկոսի հարցում էլ ունենք մինչև կեսի չափով լրացուցիչ օժանդակություն, որի համար շնորհակալ ենք ԵՄ Հայաստանի պատվիրակությունից»,- նշեց նա:

Ըստ նրա` մեր գիտական հրապարակումների 55-60 տոկոսը միջազգային ամսագրերում հրապարակված են, ունեն առնվազն մեկ դրսի օտարազգի հեղինակ: Ավելի արդյունավետ է Ֆրանսիայի, Իտալիայի, Բուլղարիայի, Բելառուսի, Գերմանիայի հետ համագործակցությունը:

«Օգոստոսի 30-ի դրությամբ  Հայաստանից մրցույթների մասնակցության 192 հայտ է եղել, որոնցից 27-ը շահել են, ինչը շատ բարձր ցուցանիշ է: Նոյեմբերին Հայաստանից ներկայացվել է  12 այլ ծրագիր, որոնցից 2-ը շահել են: Անցյալ տարի դիմել ենք ԵՄ-ին՝ խնդրելով կազմակերպել քաղաքականության աջակցության գործիքակազմ, որի շրջանակներում ձևավորված բարձր մակարդակի հանձնաժողովը նպատակ ունի ուսումնասիրել Հայաստանի գիտական հետազոտությունը ու մասամբ նաև բարձրագույն կրթական ոլորտը և ձևավորել մեզ համար շատ կարևոր երեք խորհրդատվական ուղղություն. գիտական կազմակերպություններ և բարձրագույն ուսումնական հաստատություններ, կատարողականի վրա հիմնված ֆինանսական մոդելի ներդրումներ և գիտության ու կրթության սերտացում»,- հավելեց Վարդան Սահակյանը։

Ի դեպ, Ադրբեջանն ասոցացման այս պայմանագրի անդամ չէ։

Բեռնում.....