«Վերջին ավելի քան քսան տարում Սահմանադրական դատարանի դերի՝ ինչպես հանրության, այնպես էլ իշխանության եռաթև համակարգի կողմից ոչ պատշաճ ընկալումը հանգեցրել է դրա գործունեության նպատակային ուղղությունների և տրամաբանության խեղման։ Թե ո՞վ կամ ի՞նչն է այս իրավիճակի հիմնական պատասխանատուն, կարծում եմ, նաև քաղաքական գնահատականի հարց է և բազմիցս քննարկման առարկա է դարձել»,- անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին և Արարատ Միրզոյանի արտահերթ ելույթին՝ Newarmenia.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան Հասմիկ Պետրոսյանը։
«Վերջին մեկ ու կես տարում Հայաստանում ժողովրդավարական գործընթացները ենթադրում են պետական կառավարման կառուցակարգերի վերականգնման, փոխզսպիչ մեխանիզմների արդյունավետ կիրառման պահանջ։ Այս առումով առաջնային պետք է լինի հենց Սահմանադրական դատարանի գործունեության էության վերականգնումն ու ամրապնդումը պետական իշխանության մարմինների ընկալման մեջ։
Դեռևս հունիսին Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի կողմից հնչեցվեց Սահմանադրական դատարանի ճգնաժամի վերաբերյալ ահազանգ։ Դատարանի անդամների կողմից դրան ուղղված, ըստ էության, արձագանքի բացակայությունը ցույց տվեց, որ Սահմանադրական դատարանի դերի և գործառութային նպատակների վերաբերյալ թյուրըմբռնում կա նաև հենց այդ մարմնի անդամների շրջանում։ Դատարանի անդամները փաստացի չօգտագործեցին արժանապատվորեն թոշակի անցնելու հնարավորությունը՝ մերժելով խնդիրը Դատարանի ներսից լուծելու ճանապարհը։ Հաշվի առնելով Դատարանի այս անդամների՝ նախորդ իշխանության կողմից Դատարանը որպես հակաժողովրդավարական ընտրական գործընթացներին կեղծ լեգիտիմություն հաղորդող մարմին օգտագործելու պրակտիկային համակերպվելու հանգամանքը՝ իրադարձությունների այսպիսի ընթացքը կանխատեսելի էր։ Եվ, փաստորեն, Դատարանը ճգնաժամից դուրս բերելու ճանապահներ գտնելու պատասխանատվությունը պետք է ստանձնի Ազգային ժողովը՝ որպես Սահմանադրական դատարան ձևավորող մարմին»,- հավելեց իրավաբանը։
Հ. Պետրոսյանի կարծիքով՝ երեկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած հայտարարությունն առ այն, որ ԱԺ-ն պետք է գնահատական տա Սահմանադրական դատարանի կողմից երկրի ղեկավարի անձեռնմխելիության և նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համատեղելիության շուրջ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչների կողմից ներկայացված դիմումի վերաբերյալ որոշմանն, ըստ էության ազդարարում է Սահմանադրական դատարանի առողջացման գործընթացի մեկնարկը։
Հ. Պետրոսյանի խոսքով՝ այս փուլում, հաշվի առնելով իրավիճակի ոչ ստանդարտ բնույթն, Ազգային ժողովը պետք է զերծ մնա ստանդարտ լուծումներից։ Լինելով հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանություն՝ այն պետք է չխորշի ձեռնարկել կտրուկ և խնդրին համակարգային լուծում տվող քայլեր։ Ի վերջո խնդիրը ոչ թե անձի կողմից իր գործառույթների իրականացման թերացումն է, այլ մի ամբողջ մարմնի առողջացումը և կարևորագույն դերի վերականգնումը։ Ի վերջո, խոսքը վերաբերում է Դատարանի յոթ անդամների գործառույթների կատարման խնդրայնությանը և ոչ թե մասնակի թերացումներին։
«Սահմանադրական դատարանի ամբողջական առողջացումը ենթադրում է Դատարանի անդամների փոխարինում նոր դատավորներով, ովքեր ընտրված կլինեն 2015թ-ին ընդունված Սահմանադրության հիման վրա և կասկածի տակ չդրված ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձևավորված Ազգային ժողովի կողմից։ Սա հնարավորություն կտա Սահմանադրական դատարանին ի վերջո անջատվել հակաժողովրդավարական իշխանությունների հետ անմիջական կապից և վերադարձնել Սահմանադրությամբ նախատեսված դերն ու հեղինակությունը։ Սա է ճանապարը, որը հնարավորություն կտա Հայաստանում հաստատել կայուն ժողովրդավարություն՝ դրա բոլոր մեխանիզմների արդյունավետ գործողությամբ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
