21.1 C
Yerevan
16 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 15.05.2023
Գլխավոր » «Եթե մենք ունենք զարգացած գիտություն, ապա մեր երկրում շատ փոքր թիվ են կազմում հարբեցողները, մարմնավաճառները». Ս. Հարությունյան
Քաղաքականություն

«Եթե մենք ունենք զարգացած գիտություն, ապա մեր երկրում շատ փոքր թիվ են կազմում հարբեցողները, մարմնավաճառները». Ս. Հարությունյան

Newarmenia.am-ը ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի հետ զրուցեց գիտության խնդիրների, ձեռքբերումների մասին. արդյոք գիտության նկատմամբ կա հետաքրքրվածություն, արդյոք երիտասարդները ձգտում են դեպի գիտություն։

-Պարոն Հարությունյան, բազմաթիվ անգամ տարբեր ձևաչափերով տարբեր գիտական միջոցառումների և հետազոտությունների է մասնակցել մեր երկիրը, բայց, կարծես թե, էական, շոշափելի արդյունքներ գիտության ասպարեզում մենք չենք տեսել: Գիտության հանդեպ կա հետաքրքրվածություն, բայց դա այնպիսին չէ, որը մենք կցանկանայինք ունենալ:

-Նախ, շոշափելի ասվածը շատ հարաբերական հասկացություն է. գիտության տված արդյունքները ոչ թե այսօր 100 դոլար ներդնելը, իսկ վաղը 150 դոլար գումար վաստակելն է, այլ գիտության տված ամենակարևոր արդյունքը, նախևառաջ, հասարակության գրագետ լինելու խնդիրն է լուծում: Եթե մենք ունենք զարգացած գիտություն, ապա մեր երկրում շատ փոքր թիվ են կազմում հարբեցողները, մարմնավաճառները, վատ վարքագիծ ունեցող մարդիկ, հանցագործություններն ավելի քիչ են լինում: Ու եթե այդ բոլորը ես վերածեմ դրամի, ապա կստացվի, որ գիտությունը հսկայական ուժ ունի: 2014 թվականին Ճապոնիայում մասնակցեցի համաշխարհային գիտական ֆորումին, որտեղ ելույթ ունեցավ Ճապոնիայի վարչապետը, և նա մի շատ հետաքրքիր բան ասաց. համաշխարհային պրակտիկայում ընդունված չափանիշներով հատկապես ֆունդամենտալ գիտության վրա ծախսած յուրաքանչյուր 1 դոլարը բերում է 10-ից ավելի դոլար արդյունք: Ասենք, մի քանի հարյուր միլիոն դոլարը, որը պետք է ծախսվեր թմրամոլների վրա, մի քանի միլիոն դոլարով՝ 30 տոկոսով պակասեց, որովհետև գրագետ մարդկանց թիվն է շատացել, վեներական հիվանդությամբ տառապողներն են քչացել: Եվ այդ ամենը այս կամ այն կերպ կարելի է կապել գրագետ հասարակության հետ, որը ստեղծվում է գիտության շնորհիվ: Հետևաբար, եթե մարդիկ խելացի ու գրագետ են, դա տնտեսական զարգացման համար կարող է շատ լուրջ խթանիչ դերակատարություն ունենալ: Կարող ենք նաև շրջապատող երկրների հետ շատ լուրջ արտաքին քաղաքականություն վարել. ինչքան գրագետ է քո երկիրը, այնքան վստահելի է շրջապատի համար:

-Մենք ունե՞նք նման արդյունքներ:

-Իհարկե ունենք: Եթե գիտաչափական տվյալներով խոսենք, այսօր Հայաստանի Հանրապետության գիտությունը շատ լուրջ գիտություն է, որն ամբողջ աշխարհն է ընդունում: Եվ պատահական չէ, որ վարկանիշային ամսագրերում տպագրության, հետաքրքիր հոդվածների վրա արված հղումների կամ շահած դրամաշնորհների թվով մենք ԱՊՀ տարածքում թիվ մեկն ենք, առաջ ենք անցել անգամ Ռուսաստանից, Բելառուսից: Այնպես որ՝ Հայաստանը շատ լուրջ արդյունքներ է գրանցել վերջին 7-8 տարիների ընթացքում, և ճիշտ չէ այն կարծիքը, որ գիտության վրա ներդրված գումարները պետք է ավելի շատ ուղղել դեպի կիրառական ոլորտ: Անհրաժեշտ է հստակ տարանջատել կիրառական գիտությունը և ֆունդամենտալ գիտությունը:

-Վերջին տարիներին ֆունդամենտալ գիտությամբ ավելի շատ են զբաղվում, քան կիրառական, որն ավելի քիչ է եղել թե՛ տնտեսության, թե՛ արդյունաբերության մեջ:

-Կիրառականի քիչ կամ շատ լինելը կախված է տնտեսության որակից. եթե թույլ զարգացած տնտեսություն է, ապա կիրառականը չի կարող ավելի մեծ տեսակարար կշիռ ունենալ: Պետութունը պետք է հստակ պատվեր տա գիտնականին և վճարի դրա դիմաց. եթե գումար չտաս և չպատվիրես, ապա գիտնականը կանի այն, ինչը կարողանում է: Գիտնականի արածը զուտ մասնագիտական է, իսկ թե այն ինչպես պետք է կիրառել, դա արդեն մենեջերի խնդիրն է, և պետք է ճիշտ մենեջմենթ կազմակերպվի, որպեսզի գիտնականի արածը դառնա արդյունք և գիտական աշխատանք: Այդ իսկ պատճառով ստեղծվեց նոր նախարարություն՝ Արշակյանի նախարարությունը, որը պետք շուտ արվեր: Գիտնականին մեղադրելը շատ սխալ է. նա ազնվորեն իր գործն անում է՝ տպագրում է հոդվածներ, որոնց վրա լինում են բավականին շատ հղումներ, աշխարհում իրեն շատ լավ ճանաչում, բարձր են գնահատում:

Իսկ հիմա կա՞ պատվեր:

-Մենք այսօր անցումային փուլում ենք ապրում, ցավոք, 1998 թվականին, երբ մեր կոմիտեն ստեղծվեց, այդ տարիներին մեր առջև այլ խնդիր էր դրված: Գիտությունը սարսափելի անկում էր ապրում, լավագույնների ահռելի արտահոսք եղավ, և հիմնական խնդիրն այդ անկումը դանդաղեցնելն էր: Ես կարող եմ վստահորեն ասել, որ անկման դանդաղեցումը, ապա դադարեցումը տևեց 3-4 տարի, որից հետո մենք նոր պատրաստ էինք առաջ շարժվել: 2012-2013թթ. գիտությունը սկսեց բավականին լավ առաջընթաց ապրել, և եթե մենք համեմատական ենք անցկացնում մեզ շրջապատող երկրների հետ, ապա տեսնում ենք, որ մեր գիտաչափական տվյալներով շատ լավ արդյունքներ են գրանցվել: Հիմա մենք այլ փուլում ենք գտնվում, քանի որ տեղի ունեցավ հեղափոխություն, փոխվեցին տնտեսական հարաբերությունները, փոխվեց պետության վերաբերմունքը տարբեր խնդիրների վերաբերյալ, սկսվեց տարանջատվել՝ որն է առաջնային որը երկրորդային: Եվ պետք է հասկանանք այն, որ ֆունդամենտալ փոփոխություններից անցում կկատարենք արդեն դեպի կիրառական խնդիրների ստացման և գիտական մասի առևտրայնացման խնդիրների լուծմանը: Եվ պատվերի ձևավորման մշակման հիմնական կառույցը Արշակյանի նախարարությունն է: Մեր հիմնական խնդիրը գիտության զարգացումը ապահովելն է, իսկ նախարարության գործառույթը այն առևտրային դարձնելն է, տնտեսության մեջ կիրառելը։

-Իսկ այսօր գիտական ուղեղների ներհոսք կա՞, թե՞ ոչ:

-Գիտնականի համար ներհոսքը կամ արտահոսքը մի քիչ հարաբերական հասկացողություն է։ Գիտությունը բաց համակարգ է, և դու չես կարող գիտնականին փակել սենյակում և ստիպել զբաղվել քո ուզած բանով: Գիտնականը միշտ պետք է լինի նորարարությունների զարկերակի վրա, մասնակցի կոնֆերանսների, համատեղ փորձարկումների աշխարհով մեկ, անի այդ ամենը, ապա ետ գա և աշխատի իր լաբորատորիայում: Գիտնականը պետք է ոչ միայն Հայաստանի, այլ համաշխարհային քաղաքացի լինի, առանց որի չի կարող առաջ գնալ մանավանդ այժմյան գիտության մեջ: Նախկինի՝ նյուտոնյան ժամանակների գիտությունը չէ, որ լաբորատորիայում մի երկու «շարիկ» գլորես և ասես, որ արագությամբ ընկնում է ներքև և այլն և այլն: Իսկ այսօր դու միանյակ ոչինչ չես կարող անել, և  լուրջ արդյունքները հիմնականում գիտական խմբերի համագործակցության շնորհիվ են գրանցվում: Օրինակ` կցանկանամ շեշտել Բոզոնի հայտնաբերումը, որը մի քանի շվեյցարացիների շնորհիվ չի եղել, դրան ամբողջ աշխարհն է մասնակցել, այդ թվում՝ նաև հայերը: Հոդվածներ են տպագրվել, որոնց համահեղինակների թիվը 2000-ն անցնում է, այսինքն՝ այսօր լուրջ գիտական արդյունքի հասնելու համար պետք է համաշխարհային թիմերով մասնակցել: Հայաստանը նույնպես այսօր միանյակ լուրջ դերակատարում չի կարող ունենալ, Հայաստանը կարող է մասնակցություն ունենալ չորրորդ տեխնոլոգիական հեղափոխությանը՝ մասնակի չափաբաժնով:

Բեռնում.....