Երեկ ԱՄՆ-ում գործող ARTN հեռուստաընկերության նախագահ և սեփականատեր Ռոբերտ Օղլախչյանը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ հայտարարել է, թե իր ձեռքում հայտնվել է մի փաստաթութղ, որում նշված է, որ Հանրային հեռուստաընկերությունը, հիմնվելով ՀՀ ռադիոհեռուստաընկերության պետական հանձնաժողովի ավելի վաղ կայացված որոշման վրա․ որոշում է կայացրել հինգ տարով երկարաձգել 2014 թվականի նոյեմբերին կնքված այն պայմանագիրը, որով Հանրային հեռուստաընկերության վերահեռարձակման իրավունքն ԱՄՆ-ում տրամադրվել է «ՊանԱրմ Ինք» ընկերությունը: Ըստ բանախոսի՝ ընկերությունը պատկանում է Սերժ Սարգսյանի փեսային՝ Միքայել Մինասյանին:
«Ասեմ՝ ոնց է եղել, 2019 թվականի նոյեմբերի 1-ից մինչև հինգ տարի տալ «Պանարմենիան ինք»-ին և ամսական վճարել 4000 դոլար ընդամենը: Սա գրված է Հ1-ի բլանկի վրա: Որպեսզի համայն աշխարհի հայությունը հասկանա, թե 4000-ը ինչ գումար է, ասեմ ձեզ, որ մի հատ կինոսերիալ նկարելու արժեքը Հ1-ի վրա նստում է 1000-1500 դոլար․ մի էպիզոդ՝ 40 րոպեն, մի հատ բրազիլական կինոյի թարգմանությունը նստում է 3000-4000 դոլար մեր վրա: Հ1-ը միլիոնավոր դոլարների գրանտեր տարեկան ստանում է տարբեր երկրների: Ես շատ լավ գիտեմ, որ ստանում է պետական կառավարությունից՝ բյուջեից փող և այդ ամբողջ 24 ժամվա էֆիրը ամսական վաճառել է 4000 դոլարով»,- նշել է Ռոբերտ Օղլախչյանը:
Նա նաև հավելել է, որ նախորդ հնգամյակում վերահեռարձակման համար «Պանարմենիան ինք»-ը Հ1-ին վճարել է էլ ավելի քիչ՝ ամսական 2500 դոլար:
Այնուհետև Ռ. Օղլախչյանը հայտարարել է, որ ինքը՝ որպես ARTN-ի տնօրեն, պատրաստ է հինգ միլիոն դոլար վճարել Հանրային հեռուստաընկերությանը՝ հարյուր տոկոսով համոզված լինելով, որ այդ գումարը գնալու, ծառայելու է Հ1-ին և Հայաստանի Հանրապետությանը:
Նշենք նաև, որ համացանցում տարածվել են այդ փաստաթղթի լուսանկարները, որոնք ներկայացնում ենք ստորև․



Այս առնչությամբ մենք զրուցեցինք Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանի հետ: Վերջինս ասաց, որ հրապարակման մասին լսել է, բայց ամբողջությամբ ծանոթ չէ և այդ պատճառով դեռևս չի կարող որևէ բան ասել։ Շիրինյանը տեղեկացրել է, որ այս առնչությամբ իրենք մի քանի օրից հայտարարություն կանեն:
