Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին անհանգստություն է հայտնել Հնդկաստանի իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում՝ Քաշմիրում մահմեդականների վիճակով՝ հայտարարելով, որ տվյալ խնդիրը պետք է լուծվի առանց օտարերկրյա միջամտության: Այս մասին փոխանցում է Ռեգնում լրատվական գործակալությունը:
Իրանցի քաղաքագետի խոսքով՝ քաշմիրյան հարցը Հնդկաստանի և Պակիստանի երկկողմանի խնդիրն է, ուստի տարածաշրջանում երրորդ ուժերի ներկայությունն անընդունելի է: Ալի Աքբար Վելայաթին Իրանի կողմից աջակցություն է առաջարկել Հնդկաստանին և Պակիստանին տվյալ կոնֆլիկտի կարգավորման գործում, ապա, խոսելով Իրանի և Հնդկաստանի տնտեսական կապերի մասին, հույս է հայտնել, որ դրանք կամրապնդվեն՝ չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին: Նա նշել է, որ Իրանը երրորդ խոշոր երկիրն է Հնդկաստանին նավթի մատակարարման հարցում՝ Սաուդյան Արաբիայից և Իրաքից հետո, ուստի Հնդկաստանը չպետք է հրաժարվի Իրանի հետ համագործակցությունից այդ բնագավառում՝ հաշվի չառնելով Վաշինգտոնի կողմից իրանական նավթի գնման արգելքը:
