Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի և իրականացվող միջոցառումների շուրջ NewArmenia.am-ը զրույցել է առողջապահության նախկին նախարար, Այրվածքաբանության կենտրոնի նախկին տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Նորայր Դավիդյանի հետ:
— Պարոն Դավիդյան, ներկա իրավիճակում հանրապետությունում հայտարարված կարանտինի երկարացման կարիք տեսնո՞ւմ եք:
— Իմ կարծիքով՝ կարանտինը անպայման պետք է երկարացվի: Հիվանդների քանակն ավելանում է: Արդեն երեք մահվան դեպք կա: Հիմա կարանտինը հանելը, իմ կարծիքով, դեռ շատ վաղ է: Համենայնդեպս, մոտակա երկու շաբաթը պետք է երկարացվի, հետո կերևա, թե ինչ կլինի: Ինչո՞ւ հանել կարանտինը, եթե հիվանդների թվի նվազում չկա, առայժմ այդ թիվն աճում է:
— Բայց մյուս կողմից, հնարավոր է տնտեսական կոլապսի մեջ հայտնվենք, եթե տնտեսությունը ևս երկու շաբաթ կաթվածահար վիճակում լինի:
— Գիտեք ինչ, ես տնտեսագետ չեմ, բայց կարծում եմ՝ մարդկային կյանքն ավելի թանկ է: Համաշխարհային տնտեսության մեջ էլ է լուրջ ճգնաժամ սպասվում, որից մենք չենք կարող խուսափել, բայց սա երկրորդ խնդիրն է:
— Ձեր կանխատեսմամբ, հիվանդության պիկը Հայաստանում դեռ առջևո՞ւմ է, թե՞ ոչ:
— Ես շատ տվյալներ չունեմ, բայց ամեն օր աճում է հիվանդների թիվը, այն, ինչպես տեսնում ենք հեռուստացույցով: Իհարկե, հիվանդության պիկ դեռ չկա, որովհետև պիկից հետո պետք է հիվանդների անկում գրանցվի: Նվազումից հետո հնարավոր կլինի ասել՝ հիվանդության պիկը եղել է, թե ոչ:
— Իսկ կորոնավիուսի տարածման դեմ առողջապահության նախարարության կանխարգելող միջոցառումները ինչպե՞ս կգնահատեք:
— Ես այս հարցին կպատասխանեմ երկու ամիս անց: Համենայնդեպս, զգում եմ, որ հիմա ամեն ինչ անում են: Անհնարինն ու հնարավորը փորձում են անել: Բայց Հայաստանի պես փակ երկրում, հնարավոր էր կանխել նման չափի տարածումը, եթե ժամանակին օդանավակայանում նորմալ ստուգում լիներ: Մեր բոլոր վարակները օդանավակայանով են եկել: Ինչպե՞ս կարելի էր դա թույլ տալ: Օդանավակայանում կարելի էր էնպիսի հերմետիկ գործողություններ անել, որ վիրուսի նման տարածում չուենայինք:
— Ձեր կարծիքով, հիմա մեր փողոցներում քայլելը վտանգավո՞ր է, անընդհատ ասվում է, որ վարակակիրները կամ նրանց հետ շփվածները մեկուսացված կամ ինքնամեկուսացված են:
— Գիտեք ինչ, կա հիվանդության ինկուբացիոն շրջան, որը երկու շաբաթ է տևում, այդ ընթացքում ոչ ոք ոչինչ չգիտի: Մեր մոտ պարետային ժամը միայն գիշերն է, իսկ ցերեկը շփումները կան, խանութներում նույնիսկ հերթեր կան: Իհարկե՝ վտանգ կա, եթե մարդը դրսում քայլում է, խախտում է կարանտինը:
— Հայտնի դարձավ, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը: Սա ինչի՞ արդյունք է և դուք սա ինչպե՞ս եք գնահատում:
— Դա ահավոր բան է: Եթե դա եղել է, նշանակում է՝ նրանց պաշտպանիչ հագուստը ճիշտ չի եղել, մինչդեռ նրանք շատ պաշտպանված պետք է լինեին: Դա բժիշկների մեղքը չէ: Դուք որևէ նկարահանում տեսե՞լ եք, թե ինչ պայմաններում են պառկած մեր հիվանդները, արդյոք համապատասխան պայմաններ կա՞ն, ինչպե՞ս են շփվում անձնակազմի հետ: Հիվանդանոցներից որևէ տեսանյութ չկա: Այդքան բուժաշխատող չպիտի հիվանդանար: Նաև ընդհանուր վարակվածության թիվը մեր բնակչության թվի համեմատ բավական բարձր է, օրինակ, Վրաստանի համեմատ կամ Ռուսաստանի: Իհարկե, շատ մեծ ցավ է, որ այդքան բուժաշխատողներ հիվանդացել են: Պետք է նրանց պաշտպանությունը անխոցելի լիներ:
-Արցախում վաղը նախագահի ու խորհրդարանի ընտրություններ են: Որևէ վտանգ տեսնո՞ւմ եք:
-Դե, ասում են՝ Արցախում ընդհանրապես չկա վիրուսակիր, բայց իմ կարծիքով՝ ընտրությունները պետք էր հետաձգել, որովհետև դա ցուցանիշ չէ, որ չկա, չի էլ լինի:
Մարինե Խառատյան
