Սեպտեմբերի 16-ին Վանաձորում հրավիրված մամուլի ասուլիսին վարչապետ Փաշինյանը հանդես եկավ «100 փաստ Նոր Հայաստանի մասին» ներածական խոսքով։ Դրանցում արձանագրվել են մայիս ամսից ի վեր կյանքի բոլոր ոլորտներում արձանագրված առաջընթացները և տարբեր պետական գերատեսչությունների աշխատանքների արդյունքները։
Ինքնին ասուլիսի՝ Վանաձորում անցկացումն ու Անկախության տոնի միջոցառումը պետական մակարդակով Գյումրիում կազմակերպելու որոշումը վկայում են, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս տարածքային զարգացման քաղաքականությանը և Երևանի՝ վարչատնտեսական, քաղաքական, մշակութային ծանրաբեռնվածության մարզերի վրա վերաբաշխմանը։ Սրանով կարելի է պայմանավորել նաև ենթակառուցվածքների զարգացման և Հանրապետության ճանապարհատրանսպորտային ցանցի բարելավման ուղղությամբ աշխատանքների գերակատարումը։
Միևնույն ժամանակ նշենք, որ թեև տարածքային զարգացման ընդհանուր տեսլականի մեջ վերոնշյալ ձեռնարկումները կարևոր են, սակայն դրանք դեռևս հատվածական լուծումներ են պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ուղղությամբ։
Վարչապետի կողմից բերված փաստերից հասկանալի է դառնում, որ ունենք մի վիճակ, երբ հարկային հավաքագրումների աճով (25 տոկոսանոց աճ) պայմանավորված բյուջետային մուտքերի ավելացումը կառավարությունն անմիջապես ուղղում է պաշտպանական, ենթակառուցվածքային, սոցիալական, առողջապահական ոլորտներում քաղաքացիների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը։
Հարկ է առանձնացնել հատկապես պաշտպանական ոլորտին տրվող հատկացումները։ Ի հեճուկս կարծիքների, որ ներկա կառավարությունը պաշտպանական-անվտանգային ոլորտին առնչվող հարցերում այնքան էլ ձեռնահաս չէ կամ չի ուզում այդպիսին դառնալ, պետք է փաստել, որ զինվորասոցիալական ապահովության ոլորտում պատկերը լրիվ այլ է։ Առանց այս փաստագրումների էլ ակնհայտ է, որ նախընթաց շրջանում ամրապնդվել են ԶՈՒ կազմի սոցիալական դրությունը և զինծառայության կենցաղային պայմանները, որոնք հայրենիքին վերջիններիս կողմից բերված ծառայության համար կարևոր «փոխհատուցում» են։ Նախկին իշխանության կողմից ներդրված «ազգ-բանակ» կոնցեպտից հրաժարումից հետո, երբ հստակ չէ, թե ռազմական-ռազմավարական ուղղություններով ինչ տեսլականներ ունի ներկա կառավարությունը, հիմնական շեշտադրումները կարծես այս փուլում կատարվում են զինվորասոցիալական և զինապարտների կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ։
Վարչապետի ելույթում առանձին հիշատակումներ կային նաև Արցախի Հանրապետության վերաբերյալ՝ ֆինանսատնտեսական հատկացումների, ռոումինգի, վետերանների սոցիալական երաշխիքների տրամադրման հետ կապված։ Արցախին առնչվող՝ ՀՀ իշխանությունների որոշումները, որոնք դրսևորվում են քաղաքական հայտարարությունների, մշակութահոգեբանական ու ֆինանսատնտեսական կապերի տեսքով, ցույց են տալիս այդ հարցերի կարևորության գիտակցումը։ Սակայն այստեղ Արցախի պետական և հատկապես ռազմական կառավարման մարմինների շրջանում դրանց ճիշտ ընկալման խնդիր կա, որը հավանաբար կապված է այդ որոշումների կայացման շղթայում առկա աղճատվածության, ցայտնոտայնության հետ։ Թերևս սրանով կարելի է բացատրել ՀՀ քաղաքական իշխանությունների և «արցախյան գեներալիտետի» միջև երբեմն դրսևորվող լարումները։
Չնայած ռազմավարական նշանակության վերոնշյալ ուղղություններում կառավարության հստակ ուշադրությունն առկա է, սակայն ընդհանուր գործընթացները դեռևս որոշակիորեն հեռու են ավելի թիրախային ու համապարփակ հուն տեղափոխվելուց։
